«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2009-07-21 | #136, 2009-07-22 | #137, 2009-07-23


ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Ույղուրա-չինական վերջերս պատահած բախումների թուրքական արձագանքներին է անդրադառնում «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը: Ստորեւ թարգմանաբար նրա հոդվածը` որոշ հապավումներով:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս կարծես վատ սովորություն է ձեռք բերել ժամանակ առ ժամանակ քննադատելու տարբեր երկրների ղեկավարներին ցեղասպանություն գործելու առնչությամբ: Նման քայլերով Թուրքիայի կառավարության առաջնորդը անփութորեն նոր հնարավորություն է ստեղծում միջազգային լրատվության միջոցների համար, որպեսզի վերջիններս դարձյալ առաջ քաշեն հայերի ցեղասպանության հարցը:

Այս տարվա հունվարին Թուրքիայի վարչապետը Իսրայելին մեղադրեց Գազայի վրա հարձակման ժամանակ ցեղասպանություն գործած լինելու մեջ: Իսրայելի առաջնորդներից եւ լրատվամիջոցներից ոմանք հակադարձեցին նրան` ասելով, որ Թուրքիան վերջինը պետք է խոսի ցեղասպանության մասին, քանի որ երկիրը մեղավոր է հայերի ցեղասպանությունը գործելու մեջ: Իսրայելի կառավարության որոշ անդամներ այնքան էին զայրացել եւ վիրավորվել, որ սպառնացին հակադարձել Թուրքիայինՙ ճանաչելով հայերի ցեղասպանությունը:

Այս ամսվա սկզբներին Էրդողանը վերադարձավ իր սիրելի թեմային, այս անգամ Չինաստանին մեղադրելով ցեղասպանություն գործելու մեջ: Նա զայրացած էր, որ մի քանի տասնյակ թյուրքախոս մահմեդական ույղուրներ սպանվել էին Սինզցյան ինքնավար շրջանում հան չինացիների հետ բախումների ընթացքում: Վերջիններս ավելի շատ էին տուժել:

Ըստ Ռոյթերի լրատվության, Էրդողանը հուլիսի 10-ին ասել է. «Իրադարձությունները Չինաստանում, պարզ ասած, ցեղասպանություն են: Այլ կերպ մեկնաբանել դրանք անիմաստ է»: Էրդողանի անխոհեմ խոսքերն անմիջապես հակադարձ վերաբերմունք առաջացրին միջազգային լրատվության շրջանակներում: Նրանք ցույց տվեցին ուրիշներին ցեղասպանության մեջ մեղադրելու նրա անմտությունը այն դեպքում, երբ իր երկիրն է պատասխանատու հայերի ցեղասպանության եւ ընդհանրապես փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու երկար տարեգրություն ունենալու հարցերում:

Անգլիական «Էկոնոմիստ» շաբաթաթերթը հաղորդեց, որ «անցյալ մի քանի օրերի ընթացքում Չինաստանի ինտերնետային ֆորումներն իրենց ձայնն են բարձրացրել ի պաշտպանություն քուրդ անջատողականների», մի թեմա, որ գործնականում չէր շոշափվել Չինաստանում մինչեւ Էրդողանի մեղադրական խոսքերը ցեղասպանության վերաբերյալ: Պարբերականը ավելացրել էր, որ «Թուրքիան իրեն դրել է կրակի գծի վրա»:

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունըՙ լուսաբանելով Էրդողանի բնորոշումները, մի ամբողջ պարբերություն էր հատկացրել Հայոց ցեղասպանությանը: «Թուրքիան ինքը չափազանց զգայուն է «ցեղասպանություն» եզրը օգտագործելու հարցում: Հայերն ասում են, որ 1,5 միլիոն հայեր են կոտորվել օսմանյան թուրքերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ իրականացվել է, հայերի եւ մի շարք այլ երկրների ժողովուրդների համոզմամբ, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:

Ռոյթերի լրատվության մեջ նշվում էր, որ «Ցեղասպանության պիտակը մասնավորապես զգայուն է Թուրքիայում, որը կտրականապես ժխտում է հայկական պնդումները, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածները ցեղասպանություն էին»:

Հոնկոնգի Asia Sentinel պարբերականի սյունակագիր Սիլվիա Հուին նշավակել է Էրդողանինՙ ցեղասպանության եզրի անհարկի օգտագործման համար: Նա գրել է. «Այս մեղադրանքի վերաբերյալ հետաքրքրականն այն չէ միայն, որ չափազանց պատահական եւ տհաս ձեւով է հնչել (հատկապես հաշվի առնելով, թե ինչքան զգայուն է Թուրքիան այդ բառի նկատմամբ), այլեւ այն, որ ինչքանով է հակասում միեւնույն առիթով Էրդողանի արտասանած այլ մտքերին... Ամեն դեպքում, թուրք առաջնորդը ներկայանում է որպես ամբողջովին երկերեսանի մի անձնավորություն կամ էլ այնքան տարված տեղացի ույղուրներին հաճոյանալու մոլուցքով, որ երկար չի մտածել նման լուրջ հայտարարություն անելուց առաջ»:

Թուրքական «Ռադիկալ» ազատական թերթը, միանալով աղմկահարույց բանավեճին, մեջ է բերել Բոստոնում լույս տեսնող «Արմինյն ուիքլի» շաբաթաթերթի խմբագրականից մի հատված, որտեղ նշվում է. «Ապակե տնակներում ապրողները պետք է զգուշանան քարեր շպրտելուց»: Խմբագրականը կշտամբել է Էրդողանին, որ «համարձակվել է մի քանի տասնյակ ույղուրների սպանությունը համարել ցեղասպանություն, երբ երկիրը միլիոններ է ծախսում ժխտելու 1,5 միլիոն հայերի կոտորածը»:

Զարմանալի չէ, որ Չինաստանի պետական լրատվամիջոցները առավել քննադատական վերաբերմունք են ցուցաբերել Էրդողանի նկատմամբ: «Փիփլզ դեյլի» թերթը հուլիսի 14-ին գրել է. «Շատ չինացի քաղաքացիներ վիրավորված են զգում թուրքական գործողություններից եւ առաջարկում են, որ Չինաստանը փոխի իր վերաբերմունքը PKK-ի նկատմամբ եւ պաշտպանի վերջինիս անկախության ձգտումը, որպեսզի Թուրքիան ծանր քաղաքական գին վճարի իր արարքների համար: Արեւմուտքը մի ժամանակ մեղադրում էր Թուրքիայինՙ Հայաստանում ցեղասպանություն գործած լինելու համար: Քուրդիստանի աշխատավորների կուսակցության վրա հարձակումները նույնպես մի շարք բանավեճերի առիթ են տվել»: Թերթը տվել է նաեւ Թուրքիայի հասցեին մի քանի քննադատական նամակներ, որոնցից մեկում նշվում է. «Քրդերի կոտորածները Թուրքիայում ցեղասպանության եւ նացիզմի նման բաներ են: Չինաստանին ցեղասպանություն վերագրելը նման է այն գողին, որ գոռում էՙ «Բռնեցե՛ք գողին»:

Մեկ ուրիշ չինական թերթՙ «Չայնա դեյլին» «Փաստերը մի խեղաթյուրեք» վերնագրված խմբագրականում Էրդողանից պահանջում է «Հետ վերցնել իր խոսքերը... որոնք Չինաստանի ներքին գործերին խառնվելու նշանակություն ունեն»:

Իսկ ամենաարդյունավետ միջոցը, որով Չինաստանը կարող է պատասխանել Էրդողանի մեղադրանքներին, խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւի ընդունումը կլինի:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4