Ի վերջո կլինի զենքերի փորձաքննություն Չախալյանների գործում, այն էլ իրենց հաշվին
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Լեզվական խնդիրը մեծագույն հարց է, որ այդպես էլ թերեւս երկար ժամանակ լուծում չգտնի Վրաստանում: Որ ջավախքցին չգիտի վրացերեն, բնավ արդարացնելու չէ, թեեւ դրանում ինքը չէ մեղավոր, այլ նորմալ ուսուցիչների բացակայությունը: Եվ վրացական իրականության յուրաքանչյուր ոլորանում լեզվի հարցն այնպես է վնասում Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների շահերը, որ իրավապաշտպանության մասին խոսելը դառնում է անիմաստ:
«Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի դատավարությունը յուրօրինակ ապացույց է լեզվի չիմացության պայմաններում սեփական իրավունքների պաշտպանության դժվարության: Միեւնույն ժամանակ, վրացական արդարադատությունն էլ արդեն որերորդ անգամ թարգմանությունների առումով այնպիսի վիճակ է ստեղծում, որ ոչ Չախալյանի խոսքերն են հասնում դատավորին, ոչ էլ նրանցը` մեղադրյալին:
Երեկ Թբիլիսիում քրեական գործերով վերաքննիչ դատարանը սկսեց Վահագն Չախալյանի եւ նրա հոր ու եղբոր գործի վերաքննիչ բողոքի քննությունը: Ու առանձնակի առաջընթաց չգրանցելովՙ հետաձգեց այն մինչեւ սեպտեմբերի 18-ը:
Ամենից առաջ վրացական վերաքննիչ ատյանի երեք կին դատավորները մի որոշ ժամանակ չէին գտնում այն փաստաթղթերը, որոնց հիման վրա Չախալյանների պաշտպանությունն արդեն մի երկար ժամանակ իրականացնում է Հայաստանից ներգրավված փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Թերեւս հարկ էր որեւէ կերպ խոչընդոտել Ոսկանյանի մասնակցությանը, սակայն վերաքննիչ ատյանում նրա մասնակցությանը խոչընդոտելը փաստաթղթերով ապահովված չլինելու հիմքով կարող էր հարցականի տակ դնել նույն այդ փաստաթղթերով նրա մասնակցությամբ առաջին ատյանի դատավարությունն ամբողջությամբ:
Ինչեւէ, պաշտպանական կողմը ներկայացնում էին Ստեփան Ոսկանյանը, Մարդու իրավունքների կենտրոնի ներկայացուցիչ Նինո Անդրիաշվիլին, վրացի փաստաբան Զուրաբ Ռոստիաշվիլին: Նրանց միջնորդությունները մերժվեցին բացառությամբ մեկի:
Պաշտպանական կողմը ներկայացրեց այն միջնորդությունները, ինչի համար էլ ըստ էության ներկայացել էր վերաքննիչ բողոք: Մասնավորապես, դատարանը չբավարարեց միջնորդությունը դատարան հրավիրելու գործով մի շարք վկաների, որոնք այդպես էլ չէին երեւացել առաջին ատյանի դատարանում: Չբավարարվեց նաեւ պաշտպանական կողմի խնդրանքըՙ անցկացնել Չախալյանների դեմ ներկայացվող մեղադրանքներից մեկի` ապօրինի զենքերի փորձաքննություն:
Որքան էլ տարօրինակ է, սակայն հենց այս ֆոնին միակ բավարարված միջնորդությունը վերաբերում էր կրկին փորձաքննությանը, եթե ուղղակի ասենք, մեղադրյալի հաշվին: Վերաքննիչ դատարանը բավարարեց գործում առարկայական ապացույց համարվող զենքերի այլընտրանքային դատամատնադրոշմային, միկրոմասնիկների եւ հոտի առկայության վերաբերյալ փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը:
Եվ մինչ կպարզեին, թե որքան ժամանակ է հարկավոր նման փորձաքննություն անցկացնելու համար, Վահագն Չախալյանը դատարանում սկսեց պատասխանել դատավորների հարցերին: Այնպիսի տպավորություն կարող էր ստեղծվել, թե դատավորների` հարցերի ժամանակ ցուցաբերած որոշ ակտիվութունը վերաբերում էր նյութի բովանդակությանը, այն է, թե ինչու էր ժամանակին Վահագն Չախալյանը կողմ, որ Ախալքալաքում համալսարան լինի:
Դատավորները փորձում էին Վահագնից ճշտել, թե արդյոք այդտեղ վրացիներ չէի՞ն սովորելու կամ ինչո՞ւ վրացերեն սովորել համալսարանում եւ ոչ դպրոցում: Ինչպես ասում են, այստեղ քաղաքականացվածության հոտ է գալիս, բայց ապացույցներ ունենալու, այսինքնՙ որեւէ բան ձայնագրելու կամ լուսանկարելու միջնորդությունն արդեն մերժված էր եւ մնում էր միայն հանդիսատես լինել` վրացերենի ունկնդիր տարբերակով:
Բացառիկ էր նաեւ այն, ինչ տեղի էր ունենում Չախալյանի խոսքի ընթացքում: Նախ, նրան ուղղվող հարցերը ակնհայտորեն չէին թարգմանվում ամբողջությամբ, իսկ Վահագնի խոսքերը դատավորներին էին մատուցվում այնպիսի լակոնիկությամբ, որ դրանով հիացողները բոլոր դափնիները կզիջեին երեկվա դատավարության թարգմանչուհուն:
Ինչեւէ, սա այնքան էլ երկար չտեւեց, քանի որ պարզ դարձավ, թե փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ կլինի 20 օր: Դատարանն էլ, թերեւս հաշվի առնելով արձակուրդային վիճակները կամ մնալով Չախալյանների գործում հետաձգումների անպակասության տիրույթում, հետաձգեց դատական նիստը` շարունակության համար ընտրելով սեպտեմբերի 18-ը: