«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2009-07-21 | #136, 2009-07-22 | #137, 2009-07-23


ՀԵՆԿ ՀԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔԱՅԼԵՐԸ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ՀԵՆԿ հասարակական կազմակերպությունը արդեն մի քանի տարի աշխատում է հանրապետության ինը մարզերում եւ իրականացնում է ծրագրերՙ ուղղված բնակչության իրազեկմանը, շահերի պաշտպանությանը եւ համայնքային խնդիրների լուծմանը: 2007 թվականին կազմակերպությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբՙ մշակեց առաջարկությունների փաթեթ, որով սահմանվում էին սոցիալապես անապահով քաղաքացիների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության մեխանիզմները: Այդ մեխանիզմների կարգի ստեղծումը պայմանավորված էր նրանով, որ թեեւ ՀՀ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետով սոցիալապես անապահով քաղաքացիների շահերի պաշտպանությունը պետք է իրականացնեին սոցիալական ծառայության տարածքային մարմինները, սակայն գործընթացը հնարավոր չէր իրականացնել համապատասխան մեխանիզմների բացակայության պատճառով: ՀԵՆԿ-ը կարեւորել է օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հանրության իրազեկումը, քաղաքացիների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հաղորդումը` մասնավորապես սոցիալական ծառայության տարածքային մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումներն իրենց նախաձեռնությամբ կամ հաճախորդների դիմելու դեպքում սոցիալապես անապահով քաղաքացիների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանությունն իրականացնելիս:

Այդ նպատակով կազմակերպությունը հանրապետության ողջ տարածքով կազմակերպել է հանրային քննարկումներ, տպագրել տեղեկատվական գրքույկներ օրենսդրական նախաձեռնության եւ ընդհանրապես սոցիալական աջակցության պետական քաղաքականության վերաբերյալ: Առաջարկությունների փաթեթը 2009 թվականի մայիս ամսին ընդունվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, հղումով, որ կօգտագործվի «Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման ռազմավարության» եւ «Հակաճգնաժամային ծրագրի» սոցիալական աջակցության ենթաոլորտին վերաբերող առանձին հատվածներում:

Գործընթացը շարունակվում է եւ ՀԵՆԿ-ը հետեւողական է իր նախաձեռնության վերջնական արդյունքները կյանքի կոչելուՙ ի շահ սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիների:

ՀԵՆԿ ՀԿ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4