«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2009-07-21 | #136, 2009-07-22 | #137, 2009-07-23


ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐՙ «ՀԱՐԿԱՏՈՒ-3» ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Հարկային հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ «Էրեբունի» հյուրանոցում, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Բացման խոսքով հանդես գալովՙ «Հարկատու-3»-ը ներկայացրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը : Անդրադառնալով նոր համակարգի առավելություններին, կոմիտեի ղեկավարը նշեց, որ նախ այն հնարավորություն է տալիս կոմիտեի ղեկավարությանը համակարգիչների միջոցով հետեւելու տարածքային հարկային տեսչությունների աշխատանքի արդյունավետությանն ու օպերատիվությանը: Բացի դրանից, «Հարկատու-3»-ը հարկ վճարողին վերաբերող տեղեկությունների միասնական շտեմարան է, որտեղ արտացոլվում են տվյալ հարկատուի բոլոր տվյալներն ու գործարքները:

Նորացված ծրագիրը ներառում է ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգումների իրականացում, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում էապես կրճատելու պետեկամուտների կոմիտեի կողմից կատարվող ստուգումների քանակը եւ բարձրացնելու դրանց արդյունավետությունը: «Հարկատու-3»-ի գործարկմամբ լուծում է ստանում հրատապ խնդիրներից եւս մեկը` էլեկտրոնային հայտարարագրումը: Համակարգն ունակ է էլեկտրոնային եղանակով ընդունելու բոլոր տեսակի հարկային հաշվետվությունները, իսկ տեղեկատվական բազայում այդ հաշվետվությունների հաշվառման եւ խաչաձեւ համադրման հնարավորությունը զերծ կպահի հնարավոր կեղծիքներից: Այս համակարգի միջոցով հարկային մարմինները կստանան նաեւ առեւտրի կազմակերպման վայրերում (տոնավաճառներում) շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների վերաբերյալ տեղեկությունները:

Նոր համակարգի ստեղծումը կարեւորեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը : Նա հայտնեց, որ էլեկտրոնային կառավարման համակարգ է ներդրվել պետական 9 մարմիններում, որոնց թիվը, սակայն, հասնելու է 18-ի: Ելույթներով հանդես եկան նաեւ Հայաստանում Եվրոմիության ներկայացուցիչ Ուֆֆե Ուլսենը , Եվրոմիության «Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրում ՀՀ ՊԵԿ-ում» ծրագրի ղեկավար Էնթնի Ջագուսը :

«Հարկատու-3»-ի գործունեության մանրամասները ներկայացրեց IU Networks ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Ներսիսյանը : Այնուհետեւ «Վիվասել» ընկերության ներկայացուցիչը լրացրեց առաջին էլեկտրոնային հարկային հաշվետվությունըՙ ներկայացնելով այն պետեկամուտների կոմիտե:

Նոր համակարգի մասին լրագրողների հարցերին պատասխանելով, վարչապետ Տիգրան Սարգսյանն այն դրական համարեց մի քանի առումներով: Մասնավորապես, ներդրվում է նոր մշակույթ, բարձրանում է պահանջները հարկատուների եւ պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների նկատմամբ, հաշվետվությունները թափանցիկ են լինելու, ռիսկերը նվազելու են, ստեղծվելու են շտեմարաններ: Միաժամանակ, այս համակարգը հնարավորություն չի տալիս գործարարներին շրջանցելու իրենց հարկային պարտավորությունները: Վարչապետը նշեց, որ ստվերայնության մակարդակն այժմ շուրջ 40 տոկոս է եւ նոր համակարգը նույնպես կօգնի նվազեցնելու ստվերը:

Խոսելով առեւտրաշրջանառության մեջ ստվերայնության մակարդակի մասին, Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ ցուցանիշները ցույց են տալիս, որ սպառումն ավելացել է, ինչը պայմանավորված է նրանով, որ շնորհիվ ՀԴՄ-ների առեւտրաշրջանառության ծավալներն ավելացել են 16 տոկոսով: Վարչապետը նշեց, որ բարեփոխումները արդյունավետ են եւ հավանական է, որ հարկային եկամուտների հավաքման եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցների շնորհիվ կապահովվի այս տարվա ճշգրտված բյուջեի կատարումը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4