Երեւանում երկամսյա տոն կլինիՙ հուլիսի 30-ին կսկսվի ու մինչեւ սեպտեմբերի 21-ը կտեւի Բաց երաժշտության փառատոնը, որի ընթացքում յուրաքանչյուր երեկո Երեւանը հագեցած կլինի բազմաժանր բարձրակարգ երաժշտության հնչյուններով: Փառատոնին մասնակցելու են հայ եւ այլազգի մենակատարներ, նվագախմբեր Հայաստանից ու այլ երկրներից: Կազմակերպիչների վստահեցմամբՙ Բաց երաժշտության փառատոնը ծավալով, համերգային ծրագրերով ու բազմաժանրությամբ Հայաստանում աննախադեպ է: Փառատոնի նախաձեռնողը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանն է, հովանավորներըՙ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, «Կոնվերս բանկը», Ջինիշյան հիմնադրամը: