Մայիսին ամփոփվել են հանրապետական երկրորդ «Հրատարակչական արվեստ» մրցույթի արդյունքները, իսկ երեկ հաղթողներին դիպլոմներ են շնորհվել մշակույթի նախարարությունում: Մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության ղեկավար Էդվարդ Միլիտոնյանը մրցույթի արդյունքները համարել է Հայաստանում հրատարակչական գործի արագ զարգացման ապացույց ու տեղեկացրել, որ ներկայացված 32 գրքերից 21-ը 7 անվանակարգերում հաղթող են ճանաչվել:
Միլիտոնյանի հավաստմամբ, մրցույթի նպատակը գրահրատարակչության որակի բարձրացումն է, գրքարվեստի զարգացումը եւ հրատարակիչների միջեւ համագործակցությանը նպաստելը: Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն էլ ընդգծել է, որ մրցույթին կհաջորդի հայկական տպագրության 500-ամյակի նշումը 2012 թվականին, ինչը պարտավորեցնում է եթե ոչ զարգացնել, ապա գոնե պահպանել հայ տպագրության հարուստ ավանդույթները: