«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2009-07-21 | #136, 2009-07-22 | #137, 2009-07-23


ՉԵԶՈՔ ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՐՍՈՒՍԻ ՀԱՅՈՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Պատմում են հարյուր տարի առաջ գրված նամակները

«Ակօս», 2009 թ., 5 մայիսի

Թեեւ հայերի ցեղասպանության մասին շատ վկայություններ են հրապարակվել (հազվադեպ նաեւ օտար միսիոներների կողմից), այնուամենայնիվ մենք բոլոր հայկական բնակավայրերում կատարված խժդժությունների մասին չունենք ամբողջական տեղեկություններ, որովհետեւ ոչնչացվել են հայերն ամբողջությամբ:

Ահա հարյուր տարի անց, Ամերիկայում լույս է տեսել մի գիրքՙ «Կարմիր կարպետներ» վերնագրով, որի հեղինակը Հելեն Դավենփորթ Գիբբոնսն է, նա Թարսուսի ամերիկյան քոլեջի ուսուցչուհին է եղել 1908-1919 թթ.: Քոլեջը, որ հայկական թաղամասում է գտնվել, հնարավորություն է տվել անմիջապես մոտիկից տեսնելու կատարվող գազանությունները եւ թարմ տպավորությունների ազդեցությամբ, մորը գրած նամակներում, պատմելու հայոց ջարդերի եւ քոլեջի աշխատողների կրած սարսափների մասին:

Թարսուսի հայ բնակչության կոտորածների մասին մենք չենք ունեցել վկայություններ, սա միակ չեզոք ականատեսի վկայությունն է, որ Թարսուսի հայոց ջարդը Ադանայի կոտորածների շարունակությունն է դիտում: Մենք միայն նշում ենք Ադանայի 30.000 հայերի ոչնչացման մասին, իսկ թե որքա՞ն հայ կար Թարսուսում եւ որքա՞նը կարողացավ փրկվել, մենք ստույգ տվյալներ չունենք: Ուրեմն 1909-ին Ադանայի ջարդերը միակը չեն եղել: Հելենըՙ երիտասարդ ուսուցչուհին, ԱՄՆ-ում գտնվող մորը շարունակ նամակներ է գրում Թարսուս քաղաքի իր առօրյա կյանքի եւ այն ամենի մասին, ինչ կարող էր հետաքրքրել իր մայրիկին: Ու հանկարծ խաղաղ կյանքի առօրյան արտացոլող էջերը լցվում են «դառը իրադարձությունների» նկարագրությամբ:

Հելենը եւ իր ամուսինը գրում են Ադանայի 30 հազար հայերի զանգվածային ոչնչացման մասին եւ ընդգծում են, որ դա կարգադրված էր վերեւից...

Նա գունաթափված իր նամակների բովանդակությունը ցանկանում է պատմել գրքի ձեւով, սակայն գերադասում է թողնել նամակները նույնությամբ, որպեսզի դրանք խոսեն, իրենք պատմեն ահավոր իրադարձությունների մասին: Ամերիկացի մի կնոջՙ ականատեսի պատմածներն ուրիշ ամերիկացի կանանց եւ տղամարդկանց է փոխանցում այդ սարսափելի օրերի իրադարձությունները: «Միաժամանակ, հայ բարեկամներին, սիրելի քրիստոնյաներին պաշտպան կանգնած ամերիկյան միսիոներների անձնուրացությունն ու հերոսությունն եմ ցանկանում ցուցադրել», ասում է նա:

Թարսուսի հայոց թաղամասն էլ Ադանայի հայոց բախտին արժանացավ: Քանի որ ամերիկյան քոլեջը գտնվում է Թարսուսի հայոց թաղամասում, ապա կատարվող դեպքերին անմիջապես ականատես են լինում աշխատակիցներըՙ գտնվելով «հրացանի մի գնդակի հեռավորությամբ միայն զատված»:

Հելենը մայրիկին գրած նամակում, որ թվագրված է նիսան (ապրիլ) ամսի ջումա (ուրբաթ) օրը, պատմում է այսպես. «Կեսօրվա մոտերքը Ժաննայի եւ Հենրիխի աշխատատեղերի սենյակներին շատ մոտիկ գտնվող մի տան վրա տեսանք հարձակում: Սկզբում թեթեւ մի մրմունջի ձայն էր գալիս, հետեւիցՙ հռնդյուն, 25 բաշիբոզուկներ Թարսուսի ամենահարուստ մարդու տան պատշգամբը, երկրորդ հարկ մագլցեցին, մի մարդ մտավ տուն: Լսվեցին զենքի ձայներ, բացականչություններ իրար խառնված: Քիչ հետո լուսամուտից դուրս այրվող թղթի կտորներ թռան, որին հետեւեցին կապույտ ու կարմիր կրակի բոցերը: Ամեն ինչ ընթանում էր մշակված օրինաչափությամբՙ կողոպուտ, հանցագործություն (սպանություն), հրդեհ: Երեկո էր, եւ քանի որ մենք շատ մոտ էինք, նկատում էինք ամեն մանրուք:

Արդեն գիշեր էր, ամբողջ երկինքը կարմրել էր կրակից: Այրվում էր ամբողջ հայկական թաղամասը:

Գնալով վատանում էր մեր վիճակը: Հրդեհը մեզ էր մոտենում: Գրոհողների զայրույթը կարող էր ուղղվել մեր կողմը: 400-ից ավելի փախստականների էինք թաքցնում տնքացող սարսափի մեջ: Մեզ բաժանողը մի գնդակի տարածություն էր»:

Այս գիրքը կարեւոր է երկու առումով, նախՙ այն տեսակետով, որ չենք ունեցել ինֆորմացիա 1909-ին Ադանայից բացի եւ այլ վայրերի կոտորածների մասին, այս գիրքը գալիս է լրացնելու այդ բացը, եւ երկրորդՙ չեզոք այլազգի ականատեսն է պատմում հայոց թաղամասի ոչնչացման իրողությունը:

Կարեւոր է նաեւ մի եզրակացություն, որ Ադանայի 1909 թ. (նաեւ Թարսուսի) կոտորածները 1915-ի նախերգանքն էինՙ փորձնական կոտորածների իրագործում բաշիբոզուկների մասնակցությամբ:

ՆԵՐՍԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ, դոկտոր, պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4