Երեւանում է WBA-ի եւ WIBF-ի վարկածով գերթեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը, որը 18 տարվա ընդմիջումից հետո հայրենիք է ժամանել հորՙ Լեւոն Քենտիկյանի հետ: Երեկ նրանք հյուրընկալվել էին «Տեսակետ» ակումբում:
Սյուզին նախ պատմեց, թե ինչպես է հայտնվել Գերմանիայում եւ զբաղվել բռնցքամարտով: Նա 3 տարեկան էր, որ ընտանիքով տեղափոխվեցին Գերմանիա: Փոքր հասակից զբաղվել է տարբեր մարզաձեւերովՙ կարատե, ջիու-ջիթսու, մարմնամարզություն, լող: 12 տարեկանից հրապուրվեց բռնցքամարտով: Սկզբնական շրջանում ծնողները դեմ էին: Սակայն հայրը ցանկանում էր, որ աղջիկն ինքնապաշտպանական հնարքներ սովորեր: Լեւոն Քենտիկյանը որդունՙ Միքայելին տարել էր բռնցքամարտի խմբակ: Նրա հետ էր նաեւ Սյուզին, որը նստած հետեւում էր աղջիկների պարապմունքներին: Եվ հանկարծ մարզիչն առաջարկեց Սյուզիին փորձել կատարել վարժությունը: Ստացվեց ու մարզիչն առաջարկեց զբաղվել բռնցքամարտովՙ Սյուզիի մոտ մեծ հեռանկար եւ ուժ նկատելով:
5 տարի Սյուզին սիրողական բռնցքամարտիկ է եղել, 30 մենամարտերից միայն մեկում է պարտվել, որովհետեւ հիվանդ վիճակում էր ռինգ դուրս եկել: Իսկ 16 տարեկանում Սյուզին արդեն պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց Համբուրգի ակումբի հետ: Պրոֆեսիոնալ ռինգում նա առայժմ անպարտելի է, 25 մենամարտերն էլ շահել է, որից 16-ըՙ նոկաուտով:
Սյուզիի կարծիքով, ինքը շատ էներգիա ունի եւ բռնցքամարտն օգնում է այն սպառել: Ռինգում նա կերպարանափոխվում է, դառնում ագրեսիվ, չի խնայում մրցակցուհիներին, որի համար էլ նրան «Մարդասպան թագուհի» մականունն են տվել: Իսկ առօրյա կյանքում նա ոչնչով չի տարբերվում սովորական աղջիկներից, ազատ ժամանակ սիրում է ընկերուհիների հետ շփվել, խոհանոցում ճաշ պատրաստել, սիրած ուտեստը հայկական տոլման է:
Սյուզին համոզված է, որ եթե նորից սկսեր կյանքը, ապա կրկին կընտրեր բռնցքամարտը: Նա դեռեւս 21 տարեկան է եւ մտադիր է երկար տարիներ անցկացնել ռինգում եւ բացի իր երկու գոտիները պաշտպանելուց, այլ գոտիներ եւս նվաճել: Դրանցից մեկը պատկանում է իտալացի բռնցքամարտիկին, սակայն վերջինս չի ցանկանում իր հետ մենամարտել Գերմանիայում: Սյուզին էլ իտալական մաֆիայից է վախենում եւ մտածում է, որ եթե Իտալիայում նրա հետ մենամարտի, ապա իրեն չեն թույլատրի հաղթել մրցակցուհուն:
Վերջին մենամարտն արգենտինացի բռնցքամարտիկի հետ Սյուզիի համար բավական դժվար էր, քանի որ մրցակցուհին ուժեղ էր եւ քաշային հաջորդ կարգի աշխարհի չեմպիոնուհին էր: Սակայն հայ մարզուհուն հաջողվեց հաղթանակած թողնել ռինգը:
Սյուզին շատ ուրախ է հայրենիք այցելելու համար: Երեւանում նա 2 շաբաթվա ընթացքում մտադիր է լավ ծանոթանալ քաղաքին: Բնակվում են Սյուզիի մոր բարեկամների տանը: Նրա ծնողները ծնվել են Երեւանում: Սյուզիի հորական պապը ծնվել է Ռոստովում, տատըՙ Թբիլիսիում: Սյուզին հպարտ է, որ հեռավոր Գերմանիայում բարձր է պահում Հայաստանի մարզական պատիվը, թեեւ ելնելով պրոֆեսիոնալ պայմանագրի պայմաններից, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ