«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2009-07-21 | #136, 2009-07-22 | #137, 2009-07-23


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՀՈԳԵՊԵՍ ՇԱՏ ԿՏԱՆՋՎԵԻ, ԵԹԵ ԹՈՒՐՔԻՆ ՊԱՐՏՎԵԻ»

Արդեն ավանդույթ է դարձել, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի հերթական հաջող պաշտպանությունից հետո Արթուր Աբրահամը ժամանում է Երեւան եւ հանդիպում լրագրողներին: Հերթական հանդիպումը կայացավ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում:

Անդրադառնալով վերջին մենամարտին, Աբրահամը նշեց, որ թուրք բռնցքամարտիկի հետ մրցավեճը հոգեբանական առումով շատ կարեւոր ու պատասխանատու էր իր համար, այլ զգացումներ ուներ: Շատ ծանր կլիներ, եթե պարտվեր: Նա արժանին մատուցեց մրցակցին, որն այդքան հարվածներ ընդունելուց հետո կարողանում էր ոտքի կանգնել ու շարունակել մենամարտը: Արթուրը չհամաձայնվեց հնչած այն տեսակետին, թե ինքը խնայեց մրցակցին եւ նոկաուտի չենթարկեց: Նա նշեց, որ միշտ էլ ցանկացել է նոկաուտով ավարտել մենամարտը, պարզապես այս անգամ դրա հնարավորությունը չունեցավ: Արթուրը լավ էր ճանաչում Մահիր Օրալին եւ նրա մարզչին, եւ ինքն էր վերջինիս հասկացրել, որ չարժե ռիսկի դիմել ու շարունակել մենամարտը:

Արթուրը հաստատեց, որ տեղափոխվել է ավելի բարձր քաշային կարգ (76,2 կգ), իսկ IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոնի գոտին, ընդունված կարգի համաձայն, արդեն հանձնել է: Նա նշեց, որ այլեւս իմաստ չուներ մնալ միջին քաշում, քանի որ Կելի Պավլիկն ու Ֆելիքս Շտուրմն ամեն պատրվակով հրաժարվում էին իր հետ մենամարտելուց: Բացի այդ էլ, մշտապես քաշ գցելու խնդիր էր առաջանում, ինչը վնասակար էր առողջությանը:

Այժմ Արթուրը պետք է նախապատրաստվի չեմպիոնների սուպերմրցաշարին, որում եվրոպացի բռնցքամարտիկները նախնական փուլում մրցելու են ամերիկացիների հետ: Ջերմեն Թեյլորի հետ մենամարտը կկայանա նոյեմբերի 7-ին Գերմանիայում: Այնուհետեւ նա կմրցի Անդրե Դիրելի հետ ԱՄՆ-ում, իսկ Կառլ Ֆրոչի հետ մենամարտը կկայանա կամ Գերմանիայում, կամՙ ԱՄՆ-ում:

Արթուրը Նյու Յորքում էր, երբ լսեց Վախթանգ Դարչինյանի պարտության մասին: Ինքը մեկ շաբաթ առաջ էր հեռախոսով խոսել Վախթանգի հետ եւ վստահ էր, որ նա կհաղթի: Արթուրը հավատացած է, որ Վախթանգը կրկին կնվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Արթուրը մինչեւ 2011-ը պայմանագիր ունի Գերմանիայի «Զաուեռլանդ» ակումբի հետ, ուստի պարտավոր է ներկայացնել այդ երկիրը: Չնայած նա մշտապես իր հաղթանակները նվիրում է հարազատներին ու Հայաստանին եւ մշտապես ձգտում է բարձր պահել հայ ազգի պատիվը: Նա իրեն անպարտելի չի համարում, սակայն նույնիսկ նարդի խաղալիս չի սիրում պարտվել: Արթուրն առանձնապես ոգեւորված չէ կանանց բռնցքամարտով, թեեւ հարգում եւ լավ հարաբերությունների մեջ է Սյուզի Քենտիկյանի հետ: Նա անկեղծորեն խոստովանեց, որ չէր ցանկանա տեսնել իր կնոջը աչքի տակ կապտուկներով: Թեեւ առայժմ Արթուրը չի գտել իր կյանքի ընկերուհուն:

Արթուրի ծրագրերում նախատեսված է Երեւանի Շենգավիթի համայնքում իր անվան բռնցքամարտի դպրոց հիմնել: Այդ հարցով նա խոսել է համայնքի ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանի հետ: Իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կարիերան ավարտելուց հետո Արթուրը որոշել է զբաղվել անշարժ գույքի եւ ինքնաթիռների բիզնեսով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4