«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2009-07-22 | #137, 2009-07-23 | #138, 2009-07-24


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում որպես միջնորդ ներգրավվելու Թուրքիայի հավակնություններն անիրագործելի են: «Թըդեյզ Զաման» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

Ի պատասխան թուրք լրագրողի այն դիտարկման, թե Թուրքիան առաջարկել է որոշակի ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, Բեռնար Ֆասիեն նկատել է. «Թուրքիայի միջնորդությունն այդ գործընթացում անհնար է: Դա ողջամտության պահանջն է»:

Մինսկի խմբի համանախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց համարում են «մեկ ազգ, երկու պետություն», ինչով փաստվում է, որ Թուրքիան այս հակամարտության պարագայում շահագրգիռ կողմ է եւ չի կարող դառնալ միջնորդ: Ըստ Բեռնար Ֆասիեի, թեեւ Հայաստանն ու Թուրքիան ներկայումս հարաբերությունները կարգավորելու գործընթաց են սկսել, սակայն դա եւ ղարաբաղյան կարգավորումը միանգամայն անկախ գործընթացներ են: Նրա խոսքերով, սակայն, երկու հիմնախնդիրներն էլ «միեւնույն տարածաշրջանային գոտու գործընթացներ» են, եւ հնարավոր է, որ դրանցից յուրաքանչյուրի դեպքում գրանցված առաջընթացը «դրական ու օգտակար» ազդեցություն ունենա մյուսի վրա:

Ի դեպ, Բեռնար Ֆասիեն նշել է, որ Թուրքիայում ներքաղաքական գործընթացների ժամանակ հաճախ է հղում արվում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական գործընթացներին եւ շահարկվում ներքին խնդիրների համատեքստում: Նա զգուշացրել է, որ այդ դրսեւորումները կարող են խոչընդոտել գործընթացներում առաջխաղացում գրանցելու գործին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4