«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2009-07-22 | #137, 2009-07-23 | #138, 2009-07-24


«ԳՐԵԹԵ ՄԵՌԱԾ» ՀՈՒՅՍԵՐ Wall Street Journal-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԽՆԴՐԵԼ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու` The Wall Street Journal-ում մեջբերված ելույթում նշվում էր, որ Վրաստանի համար օգոստոսյան պատերազմի արդյունքում հիմնական երեք նպատակ կար: Նախ, անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ Եվրոմիությանը, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերադարձը, որոնցից ոչ մեկն արդեն, ըստ Սաակաշվիլու, հասանելի չէ մոտ ժամանակներս:

«ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հույսերը գործնականում մեռած են», հայտարարել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Մոտ ապագայում, ըստ Սաակաշվիլու, Վրաստանը ոչ կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել, ոչ էլ վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան: «Սա ողբերգական է, դա նշանակում է, որ ռուսները կռվում էին ճիշտ պատճառների համար», նշվում է պարբերականում Սաակաշվիլու խոսքը:

Վրաստանի նախագահը խոստացել էր 2013-ին, երբ կլրանա իր նախագահության ժամկետը, ամենայն հանգստությամբ թողնել իշխանությունը, մինչ այդ երկիրն էլ ավելի ժողովրդավարական դարձնելով: Ավելի ուշ Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ նախագահ Սաակաշվիլին հայտարարել էր, թե The Wall Street Journal-ը ներողություն է խնդրել իրենից` անճշտությունների համար:

Մասնավորապես, ըստ Սաակաշվիլու, հարցազրույցում ոչ թե խոսվել էր «գրեթե մեռած» հույսերի մասին, այլ Վրաստանի նախագահն ասել էր, որ եթե Ռուսաստանն իր գործողություններով հասնի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը խոչընդոտելուն, դա ողբերգություն կլինի:

Այն ժամանակ «Ազգը» հարկ էր համարել ընդգծել, որ Միխեիլ Սաակաշվիլին տիրապետում է անգլերենին եւ հարցազրույցը հաստատապես վերցվել է անգլերենով, եւ ոչ վրացերենով, իսկ անգլերենին հաստատապես տիրապետում է նաեւ The Wall Street Journal-ի թղթակիցը, ուստի թյուրըմբռնման մասին խոսելու տեղ չկար:

Ինչեւէ, «Ինտերֆաքսի» տեղեկացմամբ, ամերիկյան Wall Street Journal-ը Վրաստանի նախագահից ներողություն չի խնդրել: Այս մասին հայտարարել է պարբերականի սեփականատեր «Դոու Ջոնս» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Քեյթ Դոբբինը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4