«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2009-07-22 | #137, 2009-07-23 | #138, 2009-07-24


ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԻ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

Հայկական հարցում եվրոպական տերությունների քաղաքականության գիտական ուսումնասիրությունը եղել եւ մնում է քաղաքական հայագիտության կարեւորագույն ոլորտներից մեկը: Վերջին տասնամյակների ընթացքում զգալի աշխատանք է տարվել այս ուղղությամբ` ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում: Տպագրվել են բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ եւ մենագրություններ, որոնք նվիրված են եղել 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին տերությունների քաղաքականությանը Հայկական հարցում: Մեծ արժեք են ներկայացնում նաեւ եվրոպական տերությունների պաշտոնական փաստաթղթերի եւ դիվանագիտական նամակագրության ժողովածուները, որոնք կարեւոր աղբյուր են ինչպես այդ տերությունների քաղաքականության, այնպես էլ 1894-96, 1909, 1915-16 թթ. հայկական կոտորածների եւ տեղահանության, հետպատերազմական միջազգային քննարկումների, 1918-20 թթ. Հայաստանի անկախության շրջանի լուսաբանման եւ ուսումնասիրման համար:

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում եվրոպական տերություններից մեկի` Իտալիայի քաղաքականության ուսումնասիրությունը: Այս առումով կարեւոր եւ արդիական է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջերս հրապարակած «Իտալիայի արտաքին գործերի նախարարության պատմական դիվանագիտական արխիվի վավերագրերը Հայկական հարցի մասին 1913-1923 թթ.» ժողովածուի առաջին հատորը (Երեւան, 2008, 249 էջ): Ժողովածուի նյութը հավաքել, կազմել եւ թարգմանել է երիտասարդ պատմաբան Արամայիս Բալոյանը: Նա հեղինակել է նաեւ գրքի առաջաբանը: Իտալիայում ՀՀ դեսպանության միջնորդությամբ եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարության թույլտվությամբ Իտալիայի ԱԳՆ պատմադիվանագիտական արխիվում աշխատանքով կյանքի կոչված այս ժողովածուն չափազանց մեծ արժեք ունի: Արամայիս Բալոյանը հիշյալ արխիվից հայտնաբերել, դասակարգել եւ թարգմանել է 1913-23 թթ. շրջանի Հայաստանի եւ Հայկական հարցին վերաբերող դիվանագիտական կարեւոր վավերագրեր, որոնք, փաստորեն, առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Ժողովածուի առաջին հատորում զետեղված են 1913-17 թթ. վերաբերող 225, ինչպես նաեւ, որպես հավելված, Ադանայի կոտորածին առնչվող 20 վավերագրեր:

Հայկական հարցն Իտալիայի արտաքին քաղաքականության ոլորտ է մտել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից եւ 1878 թ. Սան Ստեֆանոյի պայմանագրի կնքումից: Պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունը նրա քայքայման սպառնալիք էր ստեղծում, որի հետեւանքով Իտալիան կարող էր զրկվել Միջերկրական ծովի շրջակայքում իր առավելություններից, եթե տերություններից որեւէ մեկն իր ազդեցությունն ուժեղացներ կամ հաստատեր Բալկանյան թերակղզում: Այդ իսկ պատճառով Իտալիան դեմ էր արտահայտվում Սան Ստեֆանոյի պայմանագրին, սակայն միաժամանակ զերծ էր մնում հակառուսական խմբավորման մեջ մտնելուց:

1878 թ. Բեռլինի համաժողովի նախօրյակին եվրոպական առաջին մայրաքաղաքը, ուր այցելել էր Մկրտիչ Խրիմյանի գլխավորած հայ ազգային պատվիրակությունը, Հռոմն էր: 1878 թ. մարտի 27-ին պատվիրակությանն ընդունեց արտգործնախարար Լուիջի Կորտին, որը, ինչպես պարզվել էր հանդիպման ժամանակ, բավականին աղոտ պատկերացում ուներ հայերի պահանջատիրության մասին: Համապատասխան պարզաբանումներ ստանալուց եւ ներկայացված փաստաթղթերին ծանոթանալուց հետո Կորտին ընդհանուր արտահայտություններով խոստացավ պաշտպանել հայերի պահանջները: Իսկ երբ Բեռլինի համաժողովի երկրորդ նիստում որոշվեց, որ առանց տերությունների որեւէ մեկի լիազոր ներկայացուցչի միջնորդության քննարկման չի դրվի որեւէ դիմում կամ զեկուցագիր, հայկական պատվիրակությունը հունիսի 25-ին իտալական պատվիրակության ղեկավար Կորտիին հանձնեց իր խնդրագիրը, Հայաստանի ինքնավարության ծրագիրը եւ վիճակագրական տվյալներ Թուրքիայի հայկական նահանգների մասին: Սակայն այդ փաստաթղթերն ուշադրության չարժանացան: Տերություններից եւ ոչ մեկը, այդ թվումՙ Իտալիան, չպնդեց, որ Հայկական հարցը մտցվի համաժողովի օրակարգ: Այդուհանդերձ` հետագայում իտալական կառավարությունը մասնակցեց Արեւմտյան Հայաստանի բարենորոգումների իրականացումը պահանջող տերությունների համատեղ գործողություններին: Մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Իտալիայի դեսպանը ստորագրեց 1880 թ. հուլիսի 2-ին եւ սեպտեմբերի 11-ին մեծ տերությունների կողմից սուլթանական կառավարությանը ներկայացված հայտագրերը:

1890-ական թթ. կեսերին, Հայկական հարցի սրման պահին, իտալական կառավարությունը սուլթանից պահանջեց իրագործել հայկական բարենորոգումների ծրագիրը, ապահովել Օսմանյան կայսրության քրիստոնյաների կյանքի անվտանգությունը, եվրոպական մյուս տերությունների հետ համատեղ քայլեր ձեռնարկեց հայերի նոր ջարդեր թույլ չտալու ուղղությամբ: Հիշատակենք, որ 1896 թ. նոյեմբերին Աբդուլ Համիդ 2-րդն ընդունեց իտալական դեսպանորդ Պանսային: Վերջինս համառորեն փորձում էր համոզել սուլթանին, որ կայսրությունում կարգուկանոնը վերականգնելու միակ միջոցը հայկական բարենորոգումներին ընթացք տալն է: Հավելենք, որ 1895-96 թթ. Իտալիայի կառավարությունը քանիցս իր դեսպանին հորդորել է համատեղ քայլերի դիմել եվրոպական մյուս երկրների հետ Հայկական հարցում:

Հետագայում` 1912-14 թթ., հայկական բարենորոգումների հարցի քննարկման ժամանակ Իտալիան` պաշտպանելով իր դաշնակիցներ Գերմանիային եւ Ավստրո-Հունգարիային (ինչպես հայտնի է` 1882-ից Իտալիան հարել էր ավստրո-գերմանական դաշինքին), հիմնականում հանդես էր գալիս բարենորոգումների ռուսական նախագծի դեմ, մերժելով վեց վիլայեթներից հայկական միասնական մարզ ստեղծելու գաղափարը եւ պնդելով քննարկման հիմքում դնել թուրքական նախագիծը:

Հայտնի է, որ Կոստանդնուպոլսում Իտալիայի դեսպանությունը եւ կայսրության արեւելյան նահանգների քաղաքներում հավատարմագրված իտալական հյուպատոսությունները կանոնավոր կերպով իրենց կառավարությանը տեղեկացրել են հայ բնակչության կոտորածների ու տեղահանության մասին: Այդուհանդերձ Իտալիայի կառավարությունը, Հայկական հարցում մշտապես որդեգրելով զգուշավոր դիրքորոշում, լուրջ քայլեր չձեռնարկեց իր բողոքն արտահայտելու երիտթուրքական կառավարության հանցավոր քաղաքականության դեմ:

Ինչպես հայտնի է` 1915 թ. մայիսին Իտալիան պատերազմ հայտարարեց Գերմանիային, եւ Անտանտայի երկրները համաձայնագիր կնքեցին Իտալիայի հետ, ուր հաշվի էր առնված իտալական պահանջատիրությունը Թուրքիայի որոշ տարածքների նկատմամբ: Արդյունքում` 1916 թ. Սայքս-Պիկոյի համաձայնագրում հայտնվեց «կանաչ» գոտին (Հարավ-արեւմտյան Անատոլիա) եւ «C» գոտին (Արեւմտյան եւ Կենտրոնական Անատոլիայի մի մասը), որոնք ճանաչվում էին Իտալիայի ազդեցության ոլորտ:

Հայտնի է նաեւ, որ 1919 թ. փետրվարին Իտալիայի վարչապետ Վիտտորիո Օռլանդոն համաձայնեց Մեծ Բրիտանիայի առաջարկությանըՙ «օրինականություն եւ կարգուկանոն հաստատելու համար» իտալական 2 դիվիզիա ուղարկել Հայաստան: Բայց նրա կառավարության անկումից հետո նոր վարչապետ Ֆրանչեսկո Նիտտին հրաժարվեց այդ գաղափարից: 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսում Նիտտին հանդես եկավ Թուրքիայի հանդեպ «ավելի մեղմ» վերաբերմունքի օգտին եւ դեմ արտահայտվեց Հայաստանի Հանրապետության տարածքը Թուրքիայի հաշվին ընդարձակելուն եւ դեպի Սեւ ծով նրան ելք տրամադրելուն: Իտալիան ստորագրեց Սեւրի դաշնագիրը, սակայն վարչապետը սկզբից եւեթ հայտարարեց, որ այն իրագործելու համար իտալական կառավարությունը զինվոր չի տրամադրելու: Նշենք նաեւ, որ 1918-20 թթ. Իտալիայի արտգործնախարարի լիազոր ներկայացուցիչը Թիֆլիսում եւ Երեւանում համակարգում էր Հայաստանի Հանրապետությանն ու արեւմտահայ փախստականներին ցուցաբերվող իտալական օգնության աշխատանքները:

Վերոնշյալ իրողությունները լոկ դրվագներ են Հայկական հարցում Իտալիայի քաղաքականության, որը դեռեւս լուրջ եւ բազմակողմանի ուսումնասիրության կարիք ունի: Հրատարակված ժողովածուն զգալի ներդրում է քաղաքական հայագիտության մեջ, այն գալիս է լրացնելու գոյություն ունեցող բացը:

Կրկին շեշտելով հրապարակվող փաստաթղթերի կարեւորությունը, կառաջարկեի, որ Արամայիս Բալոյանը, նյութն ամբողջացնելու նպատակով, հետագայում ձեռնարկեր նաեւ 1878-1908 թթ., մասնավորապես 1894-96 թթ. շրջանին վերաբերող Իտալիայի դիվանագիտական վավերագրերի հավաքումն ու հրապարակումը: Այժմեական քաղաքական նշանակություն կունենար նաեւ փաստաթղթերի թարգմանությունն ու հրապարակումն անգլերեն լեզվով:

ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4