Շիրակի մարզպետն ամփոփեց առաջին կիսամյակը
Շիրակի մարզում այս տարի պետական եւ ներգրավված միջոցներով տարբեր ոլորտներում կատարվող աշխատանքները ներկայացվեցին մարզպետ Լիդա Նանյանի հրավիրած մամուլի ասուլիսում, որն ըստ էության նաեւ մարզպետարանի կիսամյա գործունեության արդյունքների ամփոփումն էր:
Իրականացվող ամենախոշոր ծրագիրը, ինչպես նշվեց, երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար այս տարի վերսկսված բնակարանաշինությունն է: Միայն 2009 թվականին, մինչեւ տարեվերջ, Գյումրի քաղաքում բնակարանով ապահովվելու է ավելի քան 1300 անօթեւան ընտանիք: Աշնանը նույն «Գլենդել հիլզ» կազմակերպության կողմից շինարարություն է սկսվելու նաեւ Ախուրյանում, այստեղ կառուցվելու է 187 բնակարան: Իսկ մարզի արդեն 19 գյուղական բնակավայրերում անօթեւաններին հատկացվել են բնակարանի գնման վկայագրեր:
Համաշխարհային ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված` մարզում ընդհանուր առմամբ մոտ 2 մլրդ դրամի շինաշխատանքներ առայժմ կասեցվել են (դա չի վերաբերել բնակարանաշինությանը), դպրոցաշինության, մշակույթի օբյեկտների շինարարության գծով հիմնականում թողնվել եւ շարունակվում են նախկինում սկսված անավարտ շինարարությունները: Մարզպետի տեղեկացմամբ` «Լինսի» հիմնադրամի միջոցներով կվերանորոգվեն 3 գյուղական դպրոցական շենքեր եւ կկառուցվի Գյումրու 33-րդ հանրակրթական դպրոցի մարզադահլիճը: Մշակույթի օբյեկտներից այս տարի ծրագիր է մտել միայն Սառնաղբյուր գյուղի մշակույթի տան տանիքի հիմնանորոգումը:
Շարունակելով դպրոցների թեման ու տեղեկացնելով նաեւ, որ մարզում արդեն գործող 4 ավագ դպրոցներին այս տարի կավելանան 2-ը Արթիկ քաղաքում, տկն Նանյանը նշեց, թե պետբյուջեն չունի ոչ մի կոպեկի պարտք ոչ մի դպրոցի, աշխատավարձերը ժամանակին ստացվում են, նախատեսված բոլոր ծրագրերը` իրականացվում: Մոտեցումը նույնպիսին է եւ առողջապահության ոլորտում, այստեղ կառավարության որոշմամբ նախատեսված հիվանդանոցային մեծ համալիրի կառուցման համար նախագծերն արդեն կազմվել են: Ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին Գյումրիում իրականացվում է նաեւ Երեխաների տան նոր մասնաշենքի կառուցումը` 74 մլն դրամ արժողությամբ, 29 մլն դրամով` Ախուրյանի տարածաշրջանային անասնաբուժական լաբորատորիայի կառուցումը: 90 մլն դրամ տրամադրվել է մարզպետարանի շենքի վերակառուցմանը, որի աշխատանքներն ընթանում են, 300 մլն դրամ էլ հատկացվել է Գյումրու ոստիկանության շենքի կառուցման համար:
Մարզի տարբեր հատվածներում այս տարի կատարվում են 5 մլրդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ, նորոգվում են մասնավորապես Գյումրի-Առափի-Ողջի, Գյումրի-Արեւիկ-Այգաբաց, Գյումրի-Կապս-Ամասիա նախկինում լուրջ խնդիրներ ունեցող ճանապարհները, բազմաթիվ միջգյուղային ճանապարհներ: Ծավալուն աշխատանք է կատարվում ջրամատակարարման համակարգերի բարելավման, գյուղական բնակավայրերի գազաֆիկացման ուղղությամբ: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ լուծել մասնավորապես Արթիկ քաղաքի եւ տարածաշրջանի, մարզի բազմաթիվ գյուղական բնակավայրերի ջրամատակարարման խնդիրները: Գերմանական ծրագրով Գյումրի քաղաքում իրականացվում են ներքին ցանցի վերակառուցման աշխատանքներ, այդպիսիք արդեն իրականացվել են Ախուրյան եւ Ազատան համայնքներում: Ջրամատակարարման համակարգերի բարելավման աշխատանքներում ընդգրկված են նաեւ Ասիական զարգացման բանկի, Եվրոմիության, գյուղատնտեսության զարգացմանն աջակցության միջազգային հիմնադրամի տրամադրած միջոցներ: «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի ծրագրի հաշվին, 170 մլն դրամի շրջանակներում կատարվում է ջրանցքների հիդրոտեխնիկական կառուցվածքների վերականգնում-վերակառուցում:
Գյուղատնտեսության ոլորտում, որտեղ, ի դեպ, մարզը շատ կորուստներ է ունենում բնության քմահաճույքների, հատկապես հաճախակի կարկտի, ավերիչ քամիների պատճառով, այս տարի պետության աջակցությունը, հիմնականում, բարձրլեռնային համայնքների սուբսիդավորումն է, կառավարության կողմից Աշոցքի եւ Ամասիայի շրջաններում գյուղացիների վարկերի տոկոսադրույքների մարումը: Ինչ մնում է հակակարկտային կայանքների խիստ արդիական խնդրին, մարզի 3 գյուղերում արդեն փորձարկվել են 6 նման կայանքներ, որոնց օգուտը զգալի է, իսկ ինչպես ներկայացվեց ասուլիսում, առայժմ նշված 3 գյուղերից Մեղրաշատում գյուղնախարարության գյուղատնտեսության աջակցության ծրագրով տեղադրվում է կամ կտեղադրվի եւս 3-ը:
Մարզպետը ի թիվս այլ խնդիրների, կարեւորեց մարզի առաջիկա 4 տարվա զարգացման ծրագիր կազմելու աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն մինչեւ դեկտեմբեր, տեղերում համայնքային բյուջեների հիմնական ձեւավորող` հողի հարկի եւ գույքահարկի ժամանակին ու լիարժեք հավաքումը (մարզում կիսամյա միջին ցուցանիշը կազմել է 52-54 տոկոս) եւ այլն:
«Այսօր մարզում իրականացվող ծրագրերն իրենց քանակով եւ ծավալներով աննախադեպ են ու երեւի նաեւ մյուս մարզերում հավասարը չունեն», նշեց մարզպետը, դա պայմանավորելով այստեղ կուտակված ու նախկինում երկար ժամանակ անուշադրության մատնված խնդիրների առատությամբ, գործազրկության բարձր եւ ժողովրդի սոցիալական վիճակի, բարեկեցության խիստ ցածր մակարդակի առկայությամբ, որը կառավարությունը նաեւ փորձում է մեղմել այս ծրագրերով, օգնել մեր համայնքների, գյուղերի զարգացմանը: Հատկանշական էր բերված թեկուզ այն մեկ օրինակը, որ այսքան գազաֆիկացման աշխատանքներ կատարելուց հետո էլ Շիրակի մարզի 30 տոկոսն է համարվելու գազաֆիկացված, իսկ այլ մարզերում այդ ցուցանիշը 70-80-ի է հասնում: Թերեւս համաձայնենք տկն Նանյանի հետ, որ այս ծրագրերի իրականացումը նաեւ կապված է իրենց աշխատանքի, այն բանի հետ, որ կարողանում են ճիշտ ներկայացնել, ապացուցել, առաջ տանել մարզի խնդիրները, իրենց առաջարկությունները...
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ