«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2009-07-22 | #137, 2009-07-23 | #138, 2009-07-24


ՍՏԵՂԾՎԵՑ ՄԻ ԿԱՄՈՒՐՋ, ՈՐԸ ՔԱՆԴԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Արի տուն» ծրագրով Հայաստան այցելած սփյուռքահայ երիտասարդների, եւ նրանց հյուրընկալած ընտանիքի անդամների հետ:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով հայրենիք այցելելու կոչին արձագանքելու համար: Այնուհետեւ նախարարը երախտիքի խոսքեր ուղղեց սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալող ընտանիքներին, ինչպես նաեւ այն դպրոցներին, ուր «Արի տուն» ծրագրով դասընթացներ են անցկացվում:

Նախարարին եւ նախարարության ողջ անձնակազմին տարբեր երկրներից ժամանած երիտասարդները հատուկ շնորհակալություն հայտնեցին ու նաեւ առաջարկեցին, որ հաջորդ տարի ոչ թե գան միայն շրջապտույտի ու ծանոթանալու, այլեւ աշխատեն մայր հայրենիքում, որը շատերի երազանքն է:

Հանդիպման եզրափակիչ խոսքում տիկին Հակոբյանն ընդգծեց, որ «Արի տուն» ծրագրի իրականացումով «ստեղծվեց մի կամուրջ, որը քանդել հնարավոր չէ: Այս կամուրջը հավերժ է: «Արի տունը» միշտ կանչելու է իր զավակներին»: Իսկ հանդիպման ավարտին նախարարը ծրագրին մասնակից բոլոր երիտասարդներին նվիրեց «Հայաստանի հրաշալիքները» հանրագիտարանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4