«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2009-07-22 | #137, 2009-07-23 | #138, 2009-07-24


ՀԱԿԵՐՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՐԿԱՐ ԳԱՂՏՆԱԲԱՌԵՐ

«Հակերների հիմնական գործունեությունն ուղղված է գաղտնաբառերի փոփոխմամբ պարզաբանելուն: 5 տառից կազմված գաղտնաբառն այլեւս բավական չէ: Այսօրվա տեխնոլոգիաները օգտագործում են բառարաններ: Հայաստանում եւս կան բառարաններ եւ հերթով անունը փոխելով կարելի է բացահայտել, թե ինչ գաղտնաբառ է օգտագործում մասնագետը», երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Արմինկո» ինտերնետ հասանելիության ծառայությունների ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը :

Հակերների հարձակումների դեմ նա առաջարկում է օգտագործել երկար գաղտնաբառեր` կազմված 10 նիշից, ներառելով ոչ միայն տառերը, այլեւ թվերը եւ հատուկ նշանները:

Տեխնիկական տնօրենի խոսքով, հակերային գրոհների դեմ իրենք 2 ճանապարհ ունեն` դիմել պետական մարմիններին, որոնք կդիմեն Ինտերպոլին, Ինտերպոլը կդիմի այն երկրի իշխանություններին, որտեղ գրանցված է IP հասցեն, որպեսզի տեղի օպերատորը փակի հասցեն, կամ, որ աշխարհում ընդունված է, անմիջապես կապվում են IP հասցեն տրամադրող տեղական ընկերության հետ:

Գ. Սաղյանը հայտնեց նաեւ, որ Հայաստանի ղեկավարությունը մշակում է տեղեկատվական անվտանգության հայեցակարգ, որն ընդգրկում է մի քանի ճյուղեր, մասնավորապես` տեխնիկական անվտանգության հարցեր:

Տեղեկատվական ոլորտում առկա խնդիրներին անդրադառնալով Գրիգոր Սաղյանը նշում է` ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ Հայաստանում ինտերնետից օգտվողների 2/3-ը ՀՀ պետական մարմինների կայքէջերն ընդհանրապես չի կարողանում տեսնել, քանի որ «Արմենտելի» բաժանորդները հնարավորություն չունեն մտնելու հայկական տեղեկատվական աղբյուրներ:

«Մենք «Արմենտելի» հետ ունենք մեկ կապուղի, որը ոչ մի իրավաբանական կարգավիճակ չունի: Եթե այդ կապուղին չաշխատի, ոչ մեկին հնարավոր չէ կանչել պատասխանատվության: Հիմա այդ կապուղին աշխատում է իր պահանջարկի 1%-ի չափով: Կապուղին շատ ցածր թողունակություն ունի: Մի տարի դիմում ենք այդ հարցը կարգավորելու համար, սակայն ապարդյուն: Դա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասության մեջ է. բավական է հրահանգը լինի, կապուղին կբացվի եւ բոլորը կկարողանան միանալ», ասում է Գ. Սաղյանը:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ հակերային 2 տիպի հարձակում է լինում dface եւ ddos: Երկրորդը օգտագործվում է տեղեկատվական պատերազմների ժամանակ նպատակ ունենալով լռեցնել կայքը: Դրանք շատ ծախսատար են եւ հենց այնպես չեն արվում:

Հաշվի առնելով այդ փաստը Գրիգոր Սաղյանը հիշեցրեց, որ Հայաստանը միացված է ընդամենը 1,5 Gb/վրկ թողունակությամբ կապուղով, իսկ «1,5 Gb/վրկ-ը ddos-ով լցնելը ոչ մի խնդիր չէ, եւ շատ հեշտությամբ հնարավոր է փակել ամբողջ Հայաստանը»:

Նա նաեւ նշեց, որ երկու շաբաթ առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը սեմինար էր հրավիրել, որտեղ հավաքվել էին բոլոր օպերատորները: Այնտեղ պարզվել է, որ ոլորտում իրավիճակը շատ ծանր է, եւ ՀՀ վարչապետին առաջարկություններ են ներկայացվել:

«Եթե մեր ղեկավարությունն սկսի համապատասխանաբար վերաբերվել այս ժամանակաշրջանի պահանջներին, ապա խնդիրներն անմիջապես կլուծվեն», ասում է նա:

Ինչ վերաբերում է ոլորտի վրա ճգնաժամի ազդեցությանը, ապա գրանցվել է շրջանառության 10% նվազեցում:

«Արմինկոն» սպասարկում է մոտ 1500 կայքէջ, եւ անցյալ շաբաթվա ընթացքում կատարած գրոհման ժամանակ կոտրվել է շուրջ 3 կայքէջ: Նրա խոսքով, ընդհանրապես հակերային հարձակումները կատարվում են ամեն օր, ամեն ժամ կամ ամիս, բայց անցյալ շաբաթվա հարձակումը զանգվածային էր ու հարձակման փորձերի թվով ծավալուն:

Սաղյանի խոսքով, աշխարհում ընդունված, գործող կարգի համաձայն, ինտերնետ հասանելիության ծառայությունների ընկերությունը դիմում է անմիջապես այդ IP համարի տրամադրողին ու իրավիճակը նկարագրելով աջակցություն է խնդրում: Այդպիսով, մեկ-երկու օրվա ընթացքում հաջողվում է համագործակցել ու լուծել խնդիրը:

Հայաստանում էլ են գործում հակերային խմբեր: Գ. Սաղյանի խոսքով, առաջին խումբը, որ հարձակում էր գործել 2000 թվականին, այժմ չգործող «Տրիադա» կազմակերպությունն է եղել, որ մեծ քանակի ադրբեջանական կայքեր էր կոտրել: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետն ինքն էլ վստահեցրեց, որ հանրապետությունում գործող նման խմբեր կան, բայց նշեց, որ նրանք գործում են անհատական, հայրենասիրական մղումներից ելնելով: «Արմինկո»-ի տեխնիկական տնօրենը նշեց, որ այդպիսի երիտասարդներին պետք է քաջալերել ոչ թե ուրիշ երկրների կայքերը կոտրելու համար, այլ որպեսզի նրանք նպաստեն բնակչության տեղեկատվական մակարդակի բարձրացմանը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4