«Ազգը» անդրադարձել էր ամերիկահայ Նազարեթ Բերբերյանի անհետացմանը, որը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին: Իսկ մայիսի 15-ին իրավապահները Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ ճամփեզրի ձորակում հայտնաբերեցին նրա դաժանորեն խոշտանգված դին: Ըստ Երեւանի ոստիկանության կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանի, հանցագործությունը կատարել է Պետրոս Թեմիրյանը, որն էլ ձերբակալվել է սպանության մեղադրանքով:
Բերբերյանի դին Լոս Անջելեսում կրկնակի դատաբժշկական հերձման է ենթարկվել:
Ինչպես հայտնում է Բերբերյանների ընտանիքը, 57-ամյա Նազարեթ Հակոբի Բերբերյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 10.30-ին, Լոս Անջելեսի Հին հյուսիսային եկեղեցում (Կարմիր եկեղեցի) հասցենՙ Forest Lawn Memorial-Parke, Hlooywood Hills, 6300 Forest Lawn Pr.
Մ. Մ.