Իսկ ո՞վ է ընդդիմադիր համակարգի «վինտիկը»
ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանին «Հայացք» մամուլի ակումբ էր բերել ղարաբաղյան հարցի վերջին զարգացումների հետ կապված մտահոգությունները: Համենայն դեպս լրագրողների հետ հանդիպման նպատակն այսկերպ մեկնաբանեց: «Լինելով արտաքին գործերի նախարարՙ Էդվարդ Նալբանդյանը «վինտիկ» է համակարգում, որը ստեղծել է Սերժ Սարգսյանը: Որոշումներն ընդունվում են տոտալիտար համակարգին համապատասխան, մեկ անձի եւ մերձավոր շրջապատի կողմից: Այս պարագայում Նալբանդյանի հրաժարական տալ-չտալը որեւէ էական ազդեցություն չի կարող ունենալ: Սա է պատճառը, որ ՀԱԿ-ը իրավիճակից դուրս գալու միակ ուղին համարում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նախագահի հրաժարականով է հնարավոր բանակցային գործընթացում բեկում մտցնել եւ շտկել սխալները, որոնք իրականացվել են վերջին մեկուկես տարվա ընթացքում», ասաց Արզումանյանը:
«Դուք էլ եք եղել պաշտոնյա, արտաքին գործերի նախարար: Ընդունո՞ւմ եք, որ դուք էլ ձեր ժամանակի «վինտիկն» եք եղել», հարցին Արզումանյանը պատասխանեց. «Ոչ, քանի որ մեր ժամանակներում տոտալիտար համակարգ չկար»:
Ասուլիսի ընթացքը պարզեց, որ Արզումանյանն էլ է համակարգի «վինտիկ», միայն այն տարբերությամբ, որ կարծիք չունի ու չգիտի իր համակարգում ինչ է կատարվում:
«Բացի գնահատականներ տալուց, ի՞նչ է մտադիր անել կոնգրեսը, որպեսզի շտկի իրավիճակը» հարցին Արզումանյանն ասաց. «Ճիշտն ասած, այս պահին կոնգրեսի ադմինիստրատիվ կառույցներում նոր եմ ինտեգրվում, չունեմ կոնկրետ պատասխանատվությունների կոնկրետ շրջանակ: Դրա համար էլ դժվար է եւ այնքան էլ կոռեկտ չէ ասել կոնգրեսի անելիքների մասին: Տեղեկացված եմ այնքանով, որքանով հանդիպում եմ կոնգրեսի ղեկավար անձանց հետ, մերթ ընդ մերթ մասնակցում եմ շտաբի նիստերին: Կոնկրետ որոշումների մասին խոսել չեմ կարող: Ասվել է, որ կոնգրեսը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Լինում են քննարկումներ, որոնցում ընդհանրական որոշում կայացված չէ կոնկրետ քայլերի հաջորդականության, իրականացման ժամանակացույցի եւ այլնի վերաբերյալ: Կա գործողությունների փաթեթ, սակայն ե՞րբ կիրագործվեն այդ գործողություններըՙ որոշված չէ», ասաց Արզումանյանը:
Վերջինիս խոսքերից կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ն էլ չգիտի, թե հետո ինչ պետք է անի: Երեւի այստեղ շարունակում է իշխել ավելի քան 20 տարվա վաղեմությամբ գաղափարը` «Նախ գանք իշխանության, հետո կորոշենք ինչ անենք»:
Մի քանի օր առաջ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ ղարաբաղյան գործընթացի հետ կապված ՀԱԿ-ում կան տարբեր կարծիքներ: «Ազգ»-ի «Դուք ո՞ւմ տեսակետն եք ընդունում` Ժիրայր Սեֆիլյանի «ոչ մի թիզ հող», թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանի «փոխզիջումներ», Արզումանյանը, մեղմ ասած, սկսեց ջուր ծեծել. «Իմ ողջ գիտակցական կյանքում մտածել եմ իմ նման` Ալեքսանդր Արզումանյանի: ՀԱԿ-ի հարստությունն այն է, որ կան տարբեր կարծիքներ: Այսօրվա բեզպրիդելի պատճառն այն է, որ չկա տարբեր կարծիքների բախում: Կա տոտալիտար համակարգ: Մասնակցում եմ տարբեր քննարկումների, հանդիպում մարդկանց, ի վերջո ես էլ կձեւավորեմ իմ կարծիքը: Կարծիքների մեկնաբան չեմ»:
Կրկնահարցի ժամանակ էլ Արզումանյանի պատասխանն ուղղակի ցնցող էր. «Ոչ մի թիզ հողից մինչեւ փոխզիջումներ` կախված բանակցային գործընթացից»:
Երբ լրագրողներն արդեն երրորդ անգամ առաջարկեցին Արզումանյանին պատասխանել հարցին այլ ոչ թե մեկնաբանություններ անել, որոնք հարցի հետ կապ չունեն, արտաքին գործերի նախկին նախարարը ներկայացրեց խոսքի կուլտուրայի ողջ հմայքը. «Կխնդրեի չհամարձակվել ինձ հետ նման տոնով խոսել, սիրելի՛ս: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրումՙ դուք բավարարվա՞ծ եք իմ պատասխանով: Պատասխան եմ տալիս այնպես, ինչպես ցանկանում եմ»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ