Մարդիկ շարունակում են հեռանալ Հայաստանից: Գնում են գրին քարտով ու փախստականի կարգավիճակով, սովորելու եւ ամուսնանալու պատրվակով, հուսահատված հային հասու այլ միջոցներով: Իշխանական այրերին էլ այս վիճակը գրեթե չի մտահոգում, քանզի արտագաղթից երբեւէ չեն խոսում: Փոխարենը նրանք իրենց դհոլին են խփում, իմա` ճգնաժամի պայմաններում հնարավոր ամեն ինչ անում են հայաստանցիների կյանքն ու կենցաղը տանելի պայմաններում պահել-պահպանելու ուղղությամբ:
Ո՞ւմ եք փորձում ինչ-որ բան համոզել, պարոնայք: Մարդու իմ տեսակին, որ ցրտի ու մթի տարիներին հուսահատություն չի ապրել ու մեր ընդհանուր հաղթանակի մասնակիցն է դարձել, հիմա դուք պարտավոր եք ոչ թե հնարավորի հնարավորություններից խոսել, այլ շատ ավելի առարկայական գործընթացներից: Ասենք` երկիրը մասամբ իսկ աշխատեցնելուց, այնպես, ինչպես անում է բարոյակիրթ տնտեսվարական միտքը երկիր մոլորակի մի 100 երկրում: Դրանց հիմնական մասում ոչ պղինձ ու մոլիբդեն կա, ոչ նավթ ու գազ, եւ պաշտոնյաներն էլ նախարար ու պատգամավոր, խորհրդական ու պետկոմի նախագահ չեն խաղում, այլ իրենց հայրենակցին ու երկիրը հարգելու պարզ զգացումով են առաջնորդվում: Դուք ինչո՞ւ այդ զգացումով չեք աշխատում, պարոնայք, շատերիդ թերեւս արժե նաեւ ոչ հեռավոր անցյալի ընկերների շարքին դասել: Երբ շաբաթներ առաջ ԱՄՆ-ում էի, ծանոթներից մեկն ասաց, որ երկրից վերջնականապես հուսալքվել ու հեռացել է Օղակաձեւ զբոսայգու հատվածներից մեկում կառուցվող հսկայական բետոնածածկ շինությունը հայ հանրության հանդեպ արհամարհանքի դրսեւորում համարելու պատճառով: Օղակաձեւը մեր բարոյականության խորհրդանիշներից էր. հիմա ցավով ենք արձանագրում: Գուցե դա էլ է հեռանալու հիմնավոր պատճառ, չեմ փորձի առարկել, բայց մեր մեկնողների հիմնական մասը հեռանում է ոչ այնքան իրեն հասցված բարոյական հարվածից, որքան կենցաղից ու առօրյայից բխող խնդիրների հանդեպ անզորությունից: Այստեղ է, որ դուք մեղքը քավելու տեղ ունեք, որը, ցավալիորեն չեք ցուցադրում, երբեմն ու հաճախ հակառակն եք անում, իբր` հանրությունը ձեզ չի օգնում, պատրաստ չէ, ցանկություն չի ցուցաբերում... Եղբայր, նախ ինքներդ փորձեք ձեր անմիջական իրավունքների ու պարտավորությունների շրջանակի հարցերն ու խնդիրները կարգավորել: Ինչպիսի՞ք. ասենք, ներմուծվող հիմնական ապրանքների գներում մասամբ տանելի վիճակ ապահովել: Տեսեք. ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության, 2008 թվականին ՀՀ ներկրվել են 41 հազար տոննա միս ու մսային սննդի ենթատեսակներ, 40 մլն դոլար ընդհանուր արժեքով: Պարզ թվաբանությամբ ստացվում է 1 կգ-ը 1 դոլարից պակաս` 270-280 դրամ, քանզի նախորդ ողջ տարում արտարժույթի փոխարժեքը 300 դրամ էր: Քանի որ ներկրվողը հաճախ խոզի միս է, դիտարկենք այն, որը առեւտրի մեր որոշ կետերում վաճառվում էր 1700 դրամով, մոտ 6 դոլարով: Որտե՞ղ է տրամաբանությունը, որը, վստահ կարելի է ասել, պարզապես չկա: Մեկ հիմնական անհեթեթ արդարացում կա կապված խոզի տեղական մսի 10 դոլարի հասնող գնի հետ: Բայց դա ինչ փաստարկ է, որ խոսում է այս ոլորտի պատասխանատուների աշխատանքի արդյունավետության, տվյալ պարագայում` անարդյունավետության մասին: Մի շրջան աշխատելով պետական այդ կառույցներից մեկում եւ հաճախակի շփվելով ոլորտի շահառուների հետ, հաճախ էի հետեւյալ հարցը լսում. մի՞թե այդ նախարարությունը դեռ կա. «այդ»ի տեղում դրեք տնտեսական ոլորտի որեւէ նախարարության անվանումը եւ հարցի իմաստը չի փոխվի: Ահա հայաստանյան իրողությունը, գուցե պարզ, գուցե մի փոքր խտացված:
Հայ հանրության մի որոշակի հատվածի կողմից խոսքս ուղղում եմ ՀՀ կառավարությանը, անձամբ վարչապետին, տարածքների կառավարման ու գյուղատնտեսության նախարարներին. աշխարհի չորս կողմերից 1 կգ-ը հազիվ 1 դոլարով ներկրված մսատեսակները ՀՀ-ում 5-6-ապատիկ թանկ վաճառելը ի՞նչ բացատրություն ունի, արդյոք որեւէ ձեւով արտացոլվո՞ւմ է երկրի բյուջեում: Կոնկրետ իմ, ՀՀ քաղաքացուս կարծիքը բացասական է, քանզի մեր բյուջեն դժվար է տրամաբանական գործընթացների արդյունք որակել: Ինչո՞ւ. որովհետեւ 0,8 մլն բնակչությամբ Կիպրոսի բյուջեն 10 մլրդ դոլար է, 3,5 մլն բնակչությամբ Լիտվայինը` 14 մլրդ դոլար, 5,5 մլն բնակչությամբ Դանիայինը` 160 մլրդ դոլար: Այս ի՞նչ վիճակ է Հայաստանում, որ մեզնից 4 անգամ պակաս բնակչությամբ Կիպրոսի բյուջեն մերը գերազանցում է 4 անգամ, որ նախկին խորհրդային մի այլ հանրապետության ցուցանիշին զիջում ենք մի քանի անգամ, իսկ եվրոպական մի երկրի` գրեթե 100-ապատիկ: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Դանիայի թփերի ու ծառերի վրա ոսկի ու ադամանդ են աճում, մեզ մոտ` խաղող ու ծիրան, որոնք մենք դարեր շարունակ ու նույնացնում ենք ոսկու ու ադամանդի հետ: Բայց տարօրինակորեն հայ գյուղացին աղքատ է առավել, քան անապատի բնակիչը, անեծքով է հիշում իրեն հողատեր դարձնելու գործընթացը, ի զորու չէ մշակել, առավել եւս` հիմնական գյուղարտադրանք, կաթնամսամթերքներ արտադրել, որը աշխարհի գրեթե բոլոր երկրներում տնտեսության կայացման հիմնախնդիր է համարվում, պարենային ապահովության ու անվտանգության երաշխիք: Ինչո՞ւ, պարոն վարչապետ. 2-րդ գարունն է այս հարցը ձեր մի խումբ պատասխանատու ենթականերին ուղղելու հնարավորությունն ունեք, որից չեք օգտվում, չեք պահանջում որակյալի կողքին նաեւ հայ շարքային մարդուն մատչելի տեղական միս ու մսատեսակների արտադրություն ծավալել: Գյուղնախարարներից Դ. Լոքյանը սկսել էր այս գործը, սակայն տարօրինակորեն («կուսակցականորեն») ազատվեց, նրա հաջորդի գալն ու գնալն առեղծվածի շարունակությունն էր, ներկայիս նախարարի՞ն քանի ամսվա ղեկավարում է մնում: Եվ հարցը` ի՞նչ է կատարվում Հայաստանում, հնչում է ինքնաբերաբար:
Հայ մարդն այս հարցին հիմնականում իր տխուր գնահատականն է տալիս, որը հաճելի չէ բարձրագույն իշխանավորների ականջին. ամենամեղմը, դա փոքրաթիվ մեծահարուստների, դրանց թվում` ներմուծողների շահերի սպասարկումն է, նրանց գերշահույթների ապահովումը: Բայց ինչո՞ւ չսիրել նաեւ հասարակ համերկրացուն, ում զավակներն են այսօր կյանքի տարբեր ոլորտներում փառաբանում մեր երկիրը, այլոց պարտադրում բարձրացնել հայոց եռագույնն ու հնչեցնել «Մեր Հայրենիք»-ը: Չէ՞ որ մեր այդ փառապանծ ներկայացուցիչները վերադառնալով հայաստանյան իրականություն, շփվելով իրենց ընտանիքների անդամների, հարազատների ու հարեւանների, ընկեր-ծանոթների հետ, գլխահակի կարգավիճակում են հայտնվում: Այս վիճակի համար մեղավոր փնտրելու անհրաժեշտություն չկա, քանզի նա հայ իշխանավորն է, լինի կատարող թե կարգադրող, վերահսկող թե պահանջող: Հանրության անունից այդ նրանց եմ ուղղում ՀՀ ԱՎԾ հաղորդագրությունից վերցրած հաջորդ փաստը: 2008-ին ՀՀ ներմուծվել է 18,6 մլն լիտր արեւածաղկի ձեթ, 16 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, 1 լիտրի արժեքը ստացվում է մոտ 250 դրամ: Ինչո՞ւ խստագույնս չպատժվեցին նրանք, ովքեր այդ նույն տարում քիչ համարելով ձեթի լիտրի դիմաց 600 դրամը, համարձակվեցին կրկնապատկել. որտեղի՞ց նրանց այդ համարձակությունը, որը մեր մարդիկ այլ բառերով են կոչում` ամենաթողություն, հովանավորություն, սանձարձակություն... Հայաստանցին հիմա սարսափով է սպասում այն պահին, երբ կթանկանան տրանսպորտի գները, որոնց կարծեցյալ անշահութաբերության մասին հաճախ են հիշեցնում ոլորտի տերերը:
Այսօրինակ մտահոգությամբ է ապրում ՀՀ քաղաքացին, ով արծարծված կենցաղային հոգսերից շատ ավելի հեռահար խնդիրներ ունի իր առջեւ: Բայց չգիտես ինչու իր անհարկի հոգսաշատ դարձող յուրաքանչյուր օրվա դիմաց նա պարտադրված է ծանր գին վճարել, որի վերջնագինը երկրից հեռանալն է, հուսալքումն ու օտարացումը, լինի այլազգու թե հայի անվան տակ: Օտար երկրներում նա շատ ավելի ծանր ու երբեմն անպատվաբեր աշխատանք է կատարում, քան է` սեփական երկրում համեստ աշխատանքով իր համեստ կենցաղը ապահովելը, սակայն նա զրկված է այդ պարզ հնարավորությունից: Հերթական մի օրինակ նշեմ. այլեւայլ ներմուծումների կողքին միայն պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը նախորդ տարում կազմել է 256 մլն դոլար: Արդյոք արդարացվա՞ծ է այլոց պատրաստի սննդի սպառման հարցում էլ մեզ օտարամոլության մղելը, ազգայինը մոռացության տալու հաշվին: Ինչո՞ւ, ՀՀ տնտեսության պատասխանատու պարոնայք տնտեսվարներ. ի վերջո ի՞նչ է կատարվում ձեր ղեկավարած երկրում, որը շարքային հայն արդեն դժվարանում է նաեւ իրենը համարել:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ