Առեւտրային ողջ տեղեկատվությունը այսուհետեւ մեկ կայքում է. www.catalog.am կայքում ամեն ապրանքատեսակ ունի իր բաժինը, ներկայացված են ապրանքը բնութագրող տվյալները:
«Միջնորդի անհրաժեշտությունն այս դեպքում վերանում է: Կայքն իր տեսակով առեւտրային տեղեկատվական կատալոգ է, որտեղ ներկայացված է վաճառվող ապրանքների լայն բազմազանություն` հուշանվերներից մինչեւ կենցաղային տեխնիկա», երեկ կայքի շնորհանդեսի ընթացքում ասաց նախագծի հիմնադիր Միքայել Սարգսյանը :
Կայքում գրանցվելու դեպքում յուրաքանչյուր մարդ կարող է անվճար այնտեղ ներկայացնել իր ապրանքատեսակը: Տեղեկատվության թարմությունը եւ ճշգրտությունը ստուգվում է պարբերաբար:
«Համակարգը նախատեսված է մանրածախ եւ մեծածախ առեւտրով զբաղվող անհատների եւ կազմակերպությունների համար: Հնարավոր է ներկայացնել ամեն վաճառվող, վարձով տրվող եւ փոխանակվող ապրանք: Համակարգի շահագործումն իրականացվում է նվազագույն թվով սպասարկող անձնակազմի եւ առավելագույն թվով համակարգի օգտագործողների ներգրավման սկզբունքով», ասաց Միքայել Սարգսյանը:
Նախնական փուլում համակարգում ներկայացվել են մեծ պահանջարկ վայելող ապրանքատեսակների` համակարգչային տեխնիկայի, բջջային հեռախոսների, ավտոմեքենաների բաժիններ: «Փորձնական տարբերակից հետո շտկվել են ոչ միայն ծրագրային թերությունները, այլեւ ավելացել են բաժինները: Այժմ պատրաստվում ենք ստեղծել նոր բաժիններ, հատկապես գյուղատնտեսական ապրանքների համար», նկատեց Միքայել Սարգսյանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ