«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2009-07-23 | #138, 2009-07-24 | #139, 2009-07-25


«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ»

Ասում էին սփյուռքահայ երիտասարդները

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվեցին ՀՀ պաշտպանության նախարարության Լուսակերտի զորամասում: Զորամասի հրամանատարությունը, հրամանատար գնդապետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, դիմավորեց հյուրերին ու ծանոթացրեց բանակի պատմությանը, հայ զինվորի առօրյային: Իսկ զինտեխնիկայի մասին բացատրություններ տվեց փոխգնդապետ Ալեքսանդր Արությունովը: Երբ երիտասարդներին թույլ տրվեց մոտենալ տանկին, նրանք բարձրացան տանկի վրա ու սկսեցին լուսանկարվել: Վրաստանից Հովհաննես Մաթեւոսյանը հրաման տվեցՙ «առաջ» ու տանկը տեղից շարժվեց, մի մեծ պտույտ կատարեց եւ վերադարձավ իր տեղըՙ արժանանալով ներկաների ծափերին ու հիացմունքի բացականչություններին: Հովհաննեսը, օրինակ, առաջին անգամ էր տանկի վրա բարձրանում: Նա ասաց. «Հրաշալի, աննկարագրելի զգացողություն ունեցա, ես համոզված եմ, որ Հայաստանի սահմանները շատ լավ պահպանվում են, քանի որ նման զինտեխնիկա ունենք, եւ ոչ ոք չի կարող հայի ամուր կամքը կոտրել: Ես որոշեցի, որ հայոց բանակում պիտի ծառայեմ, քանի որ հայ եմ»:

Արմեն Կիրակոսյանը Եգիպտոսից է եւ նույնպես ոգեւորված էր թե՛ «Արի տուն» ծրագրով եւ թե՛ զորամաս այցից ու նշեց. «Տեսանք մեր հայրենիքի պատմամշակութային արժեքները, հրաշալի էր, իսկ բանակ այցըՙ պարզապես սքանչելի: Բռավո»:

Դեռ չէի հասցրել մի քանիսի հետ զրուցել, երբ հնչեց «տագնապ» ազդանշանը, ընդամենը մի քանի րոպե անց ողջ զորամասը շարվել էր կենտրոնական հրապարակում: Հնչեց փողային նվագախմբի ձայնը, զինվորները խրոխտ քայլերով մի պտույտ արեցին ու երգեցին «Գնդի երգը»: Հրամանատար Արմեն Հարությունյանը ամբիոնից ողջունեց երիտասարդներին ու նշեց, որ հայոց բանակի դռները բաց են նրանց առաջ: Քիչ անց սփյուռքահայ երիտասարդները միացան զինվորներին ու սկսվեց մի հիանալի ու անմիջական շփում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4