Երեկոյան ժամը 8-ը չկար (կինոդիտումը նախատեսված էր այդ ժամին), սակայն Մոսկվա կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսը սպասում էր Օզջան Ալփերիի «Աշուն» ֆիլմի պրեմիերային: Կինոթատրոնի միջանցքներում` հատկապես երիտասարդնեը, քայլում ու միաժամանակ քննարկում էին, թե ինչպիսին պետք է լինի Թուրքիայում բնակվող համշենցի ռեժիսորի ստեղծագործությունը:
22-ամյա Անի Գալստյանը սովորում է Երեւանի Թատրոնի եւ Կինոյի պետական համալսարանում, իրեն համարում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հավատարիմ երկրպագու. «Հայաստանում կինոյի զարգացումը դանդաղ է ընթանում, հնարավորություններ չկան հանդիպելու եվրոպացի արդեն դասական դարձած ռեժիսորների հետ, իսկ կինոփառատոնի շնորհիվ ոչ միայն տեսնում ենք նրանց ֆիլմերը, այլեւ անվճար մասնակցում վարպետության դասերին: Երկու ժամվա ընթացքում այնքան բան ես սովորում, ընկալում, ճանաչում, որ հաստատ չես կարող սովորել համալսարանում դասախոսությունների ժամանակ»:
42-ամյա հաշվապահ Կարեն Ավետիսյանին էլ կինոթատրոն էր բերել հետաքրքրությունը: «Կինոյի սիրահար եմ, սակայն Ալփերիի մասին չէի լսել: Դիտումից հետո շատ բան հասկացա: Գիտակցությունը, որ Թուրքիայում բռնությունների ենթարկվելով երիտասարդները չեն մոռանում, որ հայ են ու ստեղծագործում են հայերենով` հրաշալի է: Սակայն առավել կարեւոր ձեռքբերում եմ համարում, որ «Ոսկե ծիրանի» շնորհիվ հաստատվում է կապ արտասահմանում բնակվող տաղանդավոր երիտասարդների հետ: Կազմակերպիչներն ըմբռնել են, որ առանց Հայաստանի սփյուռքը չի կարող գոյատեւել ու հակառակը, եւ ֆիլմարվեստի շնորհիվ կարողացել են հաստատուն կապ ստեղծել երկու հայրենիքների միջեւ»:
Տիկնիկային թատրոնում նախատեսված Սերգեյ Սոլովյովի վարպետության դասը սկսվեց բուռն ծափահարություններով, հաջորդաբար հարցեր, քննարկումներ, ու կրկին ծափահարություններ, ողջույններ: Հարցերը շատ էին, պատասխանները հետաքրքրական, նոր, երբեմն ապշեցնող: «Ասսա 2»-ից մինչեւ «Աննա Կարենինա», ֆիլմերի համար երաժշտության ընտրություն, դերասանների հետ աշխատանք, քասթինգ եւ էլի մի քանի տասնյակ հարցեր:
«Շնորհակալություն «Ոսկե ծիրան կինոփառատոնին, որ կարողացա այսպիսի հրաշալի հանդիսատեսի հետ հանդիպել», խոսքն այսպես ավարտեց Սոլովյովը :
«Շնորհակալություն «Ոսկե ծիրանին» երիտասարդության երազանքս իրագործելու համար», նշեց 45-ամյա Հռիփսիմեն : «Մեծացել եմ ԱՍՍԱ 2 ֆիլմի երաժշտության տակ ու հիմա Երեւանում հանդիպում եմ Սոլովյովին: Աղջկաս էլ եմ բերել նրա վարպետության դասին: Հիմա Երեւանում քչերը գիտեն այդ տաղանդավոր ռեժիսորի մասին, քչերն են տեսել նրա ֆիլմերը, սակայն գովելի է, որ կան հայ արդի կինոյով մտահոգվողներ: Իսկ ապագան պետք է կառուցել անցյալի վրա, սերտելով անցյալի հաղթանակներն ու նվաճումները», ասաց նա:
«Հրաշալի ֆիլմ էրՙ մարդկային ողբերգություն, որ բարեբախտաբար ավարտվեց համերաշխությամբ: «Տետրոն» կինոփառատոնի շրջանակներում արդեն 11-րդ ֆիլմն է, որ դիտել եմ: Բոլորն էլ շատ լավն էին, հատկապես հետահայց ցուցադրությունները: Հիացած եմ ճապոնական ֆիլմարվեստով, մեր գիտակցության մեջ ճապոնական ֆիլմերն այլ կերպ էին դրոշմված, սակայն Օգուրիի ֆիլմերը դարձան բացահայտում: Իհարկե, կային կազմակերպչական թերություններ` մասնավորապես թարգմանության հետ կապված, երբեմն ֆիլմերը նախատեսված ժամից ուշ էին սկսվում, սակայն այս ամբողջ մթնոլորտի մեջ դրանք այնքան աննշան մանրուքներ էին, որ կարիք չկա դրանց վրա հենվելու», ասաց 32-ամյա Սոնան :
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ