Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում հայտարարված ընդմիջումը, որի ընթացքում մեր հանրապետության չորս ակումբներն անհաջող մրցելույթներ ունեցան եվրոգավաթներում: Այսօր Գյումրիում կայանալիք «Շիրակ»-«Արարատ» հանդիպումով կվերսկսվի բարձրագույն խմբի առաջնությունը:
Ընդմիջման հետ միաժամանակ Հայաստանում ավարտվեց նաեւ տրանսֆերային շրջանը, որի ընթացքում ֆուտբոլային ակումբները հնարավորություն ունեին համալրելու իրենց կազմերը: Այս առումով ամենամեծ փոփոխությունները տեղի են ունեցել Երեւանի «Արարատում»: Թիմը փաստորեն 3-րդ շրջանում կներկայանա զգալիորեն նորացված կազմով: «Արարատում» ընդգրկվել են նախկինում «Միկայում» հանդես եկած Արկադի Չիլինգարյանը, Ռաֆայել Սաֆարյանն ու Կարեն Ավոյանը: «Ուլիսից» «Արարատ» են տեղափոխվել Արա Հովհաննիսյանն ու Սեմյոն Մուրադյանը: Թիմը համալրվել է նաեւ լեգեոնականներով: «Արարատի» մարզաշապիկը կկրեն սերբ պաշտպաններ Դեյան Սաինովիչը, Գորան Օբրադովիչը եւ կիսապաշտպան Յուգոսլավ Մոնիշեւիչը, ինչպես նաեւ եգիպտացի Խալեդ Ռաջաբ Իբրահիմը: Վերջինս հայ ֆուտբոլասերներին ծանոթ է 2007-ում «Ուլիսում» ունեցած ելույթներից:
Այստեղ օրինական հարց է ծագում: Եթե «Արարատը» պետք է համալրվեր լեգեոնականներով, ապա ի՞նչ իմաստ ուներ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հրաժարվել բրազիլացիներից, առանց որոնց թիմը հայտնվել է ծանր կացության մեջ: Մինչդեռ անհեռատես լինելու պատճառով Հայաստանում հանդես եկած լեգեոնականներից ամենատաղանդավորըՙ Մարկոս Պիզելին անվճար բաժին հասավ «Փյունիկին»: Վերջերս Հայաստան է վերադարձել եւս մեկ նախկին արարատցի-բրազիլացիՙ Ջուլիանո Հիմենեսը, որը նախընտրեց մինչեւ 2011-ը պայմանագիր կնքել Դիլիջանի «Իմպուլսի» հետ, որը ղեկավարում է Վարուժան Սուքիասյանը:
«Արարատը» նաեւ կազմի հետ կապված զգալի կորուստներ ունի: Դեռեւս առաջնության մեկնարկում թիմից հեռացավ Նշան Էրզրումյանը, ապա նրա օրինակին հետեւեց Սարգիս Մովսիսյանըՙ տեղափոխվելով «Կիլիկիա»: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո թիմին հրաժեշտ են տվել նաեւ Գալուստ Պետրոսյանը, Սերգեյ Էրզրումյանը, Կարեն Նավոյանը, Արա Ոսկանյանը, Անդրանիկ Թադեւոսյանը, Արթուր Ս. Մինասյանը: Կարեն Նավոյանը վերադարձել է «Ուլիս», Սերգեյ Էրզրումյանը համալրել է «Գանձասարը», Անդրանիկ Թադեւոսյանը ելույթները կշարունակի «Իմպուլսում»: «Արարատն» ընկերական խաղում ուժերը չափել է Հայաստան ժամանած իրանական «Մալավան» թիմի հետ եւ պարտվել է 0-1 հաշվով: Ի դեպ, այդ թիմին «Իմպուլսը» հաղթել է 2-1 հաշվով, իսկ «Ուլիսը» ոչ-ոքի (1-1) է խաղացել:
Որոշ փոփոխություններ կան նաեւ «Ուլիսում»: Թիմից հեռացել են նաեւ դարպասապահ Մայիս Ազիզյանը, Ավետիք Կիրակոսյանն ու Գոռ Խաչատրյանը: Փոխարենը թիմ են ընդգրկվել դարպասապահ Գեւորգ Կասպարովը, հարձակվող Ալեքսանդր Պետրոսյանը եւ «Փյունիկից հեռացած Նարեկ Դավթյանը:
«Գանձասարում» բացի Սերգեյ Էրզրումյանից, նորեկների կարգավիճակով կխաղան դարպասապահ Արթուր Ավագյանը, «Բանանցի» նախկին պաշտպան Աղվան Հայրապետյանը, «Կիլիկիայից» տեղափոխված թիմի նախկին ֆուտբոլիստ Անդրանիկ Սարգսյանը, անցած տարի «Միկայում» հանդես եկած վրացի ֆուտբոլիստ Զազա Սախոկիան: Որոշ ընդմիջումից հետո «Շիրակ» է վերադարձել թիմի նախկին ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը:
«Բանանցն» ու «Միկան» պահպանել են իրենց կազմերը: Նրանց միջեւ անցկացված ստուգողական խաղում գրանցվել է ոչ-ոքի (2-2): «Միկայից» աչքի ընկան Արմեն Պետրոսյանն ու Նարեկ Բեգլարյանը, «Բանանցից» գոլերի հեղինակներ դարձան Արտակ Օսեյանն ու Նորայր Գյոզալյանը: «Բանանցը» մեկ ընկերական խաղ էլ անցկացրել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ: Գրանցվեց ոչ-ոքիՙ 2-2: Նշենք, որ մինչ այդ հավաքականը 4-1 հաշվով հաղթել էր «Կիլիկիային»: Վերջինիս մարզչական շտաբում Արմեն Մարտիրոսյանին կփոխարինի Երվանդ Կրբաշյանը, որն անցյալ մրցաշրջանի մեկնարկում գլխավորում էր թիմը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ