«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2009-07-24 | #139, 2009-07-25 | #140, 2009-07-28


ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԺԱՄԱՆՈՒՄ Է ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը: Բորիս Տադիչին ուղեկցող պատվիրակության կազմում են նաեւ Սերբիայի արտաքին գործերի, առեւտրի ու ծառայությունների նախարարները, ովքեր հանդիպումներ կունենան իրենց հայ գործընկերների հետ:

Նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն, նույն օրը Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Դրան կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բորիս Տադիչի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Սերբիայի ղեկավարները հայտարարություն կանեն մամուլի համար:

Այցի շրջանակում Բորիս Տադիչը հանդիպում կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին: Սերբիայի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում:

Բորիս Տադիչը հարգանքի տուրք կմատուցի եւ ծաղկեպսակ կդնի նաեւ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալ բնակչությանն օգնության շտապող, ավիավթարից զոհված հարավսլավացի օդաչուների հուշարձանին:

Սերբիայի նախագահը կայցելի նաեւ Մատենադարան:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4