Այս մոտեցումով է առաջնորդվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որի հասարակական-քաղաքական գործունեությունը բացառապես ուղղված է հայրենի երկրի հզորացմանն ու բարգավաճմանը: Օրերս Սյունիքի մարզ կատարած Գագիկ Ծառուկյանի այցելությունը ասվածի ամենավառ ապացույցն է:
Սահմանամերձ այս շրջանի հոգսերն ու հիմնախնդիրները շատ են ու բազմաբնույթ, իսկ միայն պետության միջոցների հաշվին դրանց լուծում տալըՙ բարդ ու դժվարին խնդիր: Մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ իր այցելությունն ավելի շատ կրում է ճանաչողական բնույթ, որի նպատակն է տեղում ծանոթանալ քաղաքի հիմնախնդիրներին, շփվել ազգաբնակչության ու իր կուսակցական ընկերների հետ, ականջալուր լինել բարձրացված հարցերին ու տեղում նախանշել դրանց լուծման ուղիները: Գագիկ Ծառուկյանին այցելության ընթացքում ուղեկցում էր ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը , որը ներկայացրեց մարզում իրականացվող առողջապահական ծրագրերն ու դրանց կատարման ընթացքը:
Արձագանքելով տեղի ազգաբնակչությանը հուզող եւ հրատապ լուծում պահանջող շատ հարցերի, Գագիկ Ծառուկյանը դատարկաձեռն չէր եկելՙ իր հետ բերելով մարզի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք պարագաներ: Նա Կապան քաղաքին նվիրաբերեց աղբահան մեքենա, մարզի առողջապահական հիմնարկներինՙ բուժսարքավորումներ ու դեղորայք, իսկ Կապանի սպորտային օջախներինՙ մի քանի մեքենա մարզական գույք: Իր հերթին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ՀՀ սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման, մշակույթի եւ սպորտի զարգացման, երիտասարդության կրթության եւ դաստիարակության գործում ունեցած նշանակալից ավանդի, պետական եւ բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման համար «Ակսել Բակունց» հուշամեդալով պարգեւատրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր եւ ղեկավար, ճանաչված գործարար, մեծ բարեգործ Գագիկ Ծառուկյանին:
ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի գրասենյակում Գագիկ Ծառուկյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում հիմնականում քննարկվեցին ներկուսակցական նշանակության կազմակերպչական հարցեր: Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանն այցելեց Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, իր հարգանքի տուրքը մատուցեց զոհվածների շիրիմներին: Հայրենիքին անմնացորդ իրենց կյանքը նվիրաբերած հայ քաջորդիների ընտանիքների կարիքները հոգալու եւ նրանց օգնելու նպատակով Գագիկ Ծառուկյանը 5 մլն դրամ փոխանցեց զոհված ազատամարտիկների աջակցության «Ազատամարտ» հիմնադրամին:
Իր ջերմությամբ առանձնացավ մարզի Անտառաշատ համայնքի բնակիչների հետ հանդիպումը: Այս գյուղական համայնքին Գագիկ Ծառուկյանը նվիրաբերել էր գյուղատնտեսական տեխնիկա եւ սարքավորումներ, որն այս ամառային ակտիվ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում անգնահատելի օգնություն էր համայնքի բնակիչների համար: Ծավալված պարզ ու անկեղծ զրույցի ընթացքում գյուղացիները բարձրաձայնեցին իրենց հուզող մի շարք հարցեր, որոնք տեղում իրենց լուծումները ստացան: Գագիկ Ծառուկյանը, հարցերին ի պատասխան, նշեց հետեւյալը. «Իմ նպատակը մեկն էՙ ես ցանկանում եմ ամեն ինչով օգտակար լինել իմ երկրին եւ իմ ժողովրդին: Քաղաքականության մեջ էլ մտել եմ միայն նրա համար, որ կարողանամ իմ հնարավորություններն օգտագործել ի շահ մեր ժողովրդի ու երկրի, թեթեւացնել մարդկանց հոգսը, օգնել եւ սատար կանգնել բոլոր նրանց, ովքեր սիրում են իրենց ընտանիքը, տունն ու հայրենիքը»:
Օրվա վերջում Կապան քաղաքի մշակույթի տանը կազմակերպված ԲՀԿ կուսակցական ակտիվի եւ քաղաքի բնակիչների հետ հանդիպումը բազմամարդ էր: Կապանցիները եկել էին անձամբ շփվելու, հարցեր ուղղելու եւ դրանց պատասխանները անմիջականորեն ստանալու Գագիկ Ծառուկյանից: Արձագանքելով տեղում բարձրացված հարցերինՙ Գագիկ Ծառուկյանը խոստացավ հետեւողական ուշադրություն դարձնել մարզի առողջապահական խնդիրներին, վերանորոգել եւ քաղաքին նվիրել անմխիթար վիճակում գտնվող հանգստի գոտին, քաղաքին նվիրեց կարուսելներ, 4 մլն դրամ հատկացրեց Քաջարան գյուղի 17-րդ դարի կիսավեր եկեղեցու հիմնովին վերականգնման համար: Կապանցիների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ սրանով իր առաքելությունը չի ավարտվում: Ապագայում եւս սյունեցիներին օգնելու, օժանդակելու, սատար ու նեցուկ կանգնելու ծրագրերը շարունակվելու են, քանի որ միայն իր հողին ամուր կառչելու, երկրի սահմաններն անառիկ պահելու, միասնական աշխատանքի դեպքում է հնարավոր դիմակայել բոլոր մարտահրավերներին ու հասնել մեր ազգի բաղձալի նպատակներինՙ կառուցել բարգավաճ ու բարեկեցիկ երկիր: