«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը բաց նամակ է ուղարկել Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Այն վերաբերում է Գ. Սահակյանի հայտարարությանը, թե 1992-ին Ր. Հովհաննիսյանը որպես Հայաստանի արտգործնախարար ստորագրել է ԵԱՀԽ Նախարարների կոմիտեի մի փաստաթղթի տակ, ուր նշված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու մասին: Իր բաց նամակում Րաֆֆի Հովհաննիսյանը Գալուստ Սահակյանին որակում է «ստախոս զրպարտիչ» եւ նշում. «Հանրային իմ ծառայության ողջ ընթացքում, այդ թվում 1992-ին, ցույց տվեք թեկուզ մի փաստաթուղթ, պարբերություն, նախադասություն կամ գեթ մի տող, որտեղ Արցախի ինքնիշխանության, անկախության, ապագաղութացման եւ ինքնորոշման իմ ի սկզբանե դավանած հավատո հանգանակին հակառակ ստորագրել եմ կամ քվեարկել... Ձեր հերթական կեղտոտ հերյուրանքը կարող էի արժանացնել նույն այն լռելյայն պատասխանին, որով` հարգելով Ձեր տարիքն ու փորձը, վերաբերվել եմ ձեր կատարած նախորդ բոլոր ստահոդ ու կեղծավոր հայտարարություններին: Չուզենալով Ձեզ հասցնել որեւէ անձնական ցավ կամ վիրավորանք, ոչ էլ Ձեզ համեմատել մեզանում զգալի տարածում գտած անամոթաբար ստեր մոգոնող պաշտոնյաների, գործիչների, կուսակցապետերի, հեռուստատերերի, հաղորդավարների, խմբագիրների ու տարատեսակ վարձու գրչակների հետ, պարզապես լռել եմ: Եվ` իզուր: Դուք արդեն պատկանում եք նույն այդ դասին» ասված է Ր. Հովհաննիսյանի տարածած նամակում: