Կովկասում ապրող մարդկանց հյուրասիրության եւ ավանդույթների մասին 30-ամյա հոլանդացի Ջարոն Լեն շատ էր լսել ու կարդացել: Հարավային Կովկասի երեք երկրները տեսնելու իր մտադրությունը որոշեց այս ամառ իրականացնել: Հայաստանի հմայքները բացահայտելուց հետո այցելելու է Վրաստան, այնուհետեւՙ Ադրբեջան: «Հայաստանը հետաքրքրական երկիր է: Հայերը սիրում են պարծենալ, որ իրենք են առաջինը պետականորեն ընդունել քրիստոնեությունը, որ իրենք հինավուրց ազգ են: Որոշեցի անձամբ տեսնել Հայաստանը», ասաց Ջարոնը:
Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության աշխատակից Անահիտ Պետրոսյանի դիտարկմամբՙ այս տարի նվազել է զբոսաշրջային ընկերությունների ծառայություններից օգտվող զբոսաշրջիկների թիվը, փոխարենն ավելացել է անհատ զբոսաշրջիկների թիվը: «Նրանք իրենք են կազմակերպում իրենց ճանապարհորդությունը, իրենք են որոշում, թե որ վայրերն են այցելելու եւ քանի օր են մնալու երկրում: Այս զբոսաշրջիկները հիմնականում այցելում են տարածաշրջանի երեք պետությունները եւ իրենց ուղին սկսում են Հայաստանից: Այս տարի մեզ են դիմել ավելի քան 4300 զբոսաշրջիկՙ նախորդ տարվա 3455-ի փոխարեն», ասաց Անահիտ Պետրոսյանը:
Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության տեղեկատվական կենտրոնը գտնվում է Հանրապետության հրապարակում: Զբոսաշրջիկներն այստեղ են դիմում իրենց հուզող տեղեկատվությունն ստանալու: Հիմնական հարցերից մեկն էլ այն է, թե ինչպես հասնեն իրենց նախանշած վայրը: «Գումար տնտեսելու նպատակով զբոսաշրջիկները հիմնականում օգտվում են երթուղային տաքսիներից: Եթե Երեւանից մարզեր երթուղային տաքսիները կարգավորված են աշխատում, ապա նույնը չես կարող ասել, երբ զբոսաշրջիկը փորձում է մարզից մարզ տեղափոխվել: Նրանց հիմնական բողոքները մարզից մարզ տեղափոխվելու դժվարությանն է ուղղված», ասաց Անահիտ Պետրոսյանը:
Իրենց հանգիստը եւ երթուղին կազմակերպելու համար Ճանապարհորդների հայկական բյուրո նախորդ տարվա համեմատությամբ այս տարի ավելի քիչ են դիմում: Տարվա սկզբից մինչ օրս ընկերության ծառայություններից օգտվել է շուրջ 500 զբոսաշրջիկ: Սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներն են ընկերության առավել ակտիվ շրջանը, եւ զբոսաշրջիկների հիմնական հոսքին այստեղ սպասում են այդ ամիսներին: «Մեզ են դիմում հիմնականում միջին տարիքի զբոսաշրջիկները: Նրանք, որպես կանոն, բավականին բծախնդիր են եւ հստակ պահանջներ են դնում», ասաց ընկերության աշխատակից Հասմիկ Հակոբյանը: Զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը միջին հաշվարկով ծախսում է 800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: «Կարծում եմ, որ հյուրանոցները իրենց մատուցած ծառայությունների համեմատ թանկ են: Թեպետ բողոքներ հյուրանոցային ծառայությունների վերաբերյալ քիչ են հնչում, սակայն շատ են բողոքում քաղաքի աղտոտվածությունից, զուգարանների բացակայությունից, ճանապարհների որակից: Եղել են դեպքեր, որ մարզերում գտնվող եկեղեցիներ չեն այցելել վատ ճանապարհների պատճառով: Մինչդեռ զբոսաշրջիկն այստեղ գումար է ծախսում եւ ցանկանում է, որ իր ցանկությունները կատարվեն», նկատեց Հասմիկ Հակոբյանը:
Ջարոն Լեն Հայաստան էր եկել ընկերոջ հետ: Հայաստանում որոշել են անցկացնել երեք օր: Տեսնել Երեւանը, այցելել Հաղպատ, Սանահին եւ բարձրանալ Արագածը: Ուղին իրենք են կազմել` հաշվի առնելով իրենց ցանկությունները, բայց ոչ իրական հնարավորությունները: «Հաղպատ, Սանահին գնալը դժվարություն չներկայացրեց, սակայն, Արագած չհաջողվեց գնալ, որովհետեւ չկարողացա պարզել, թե որտեղից եւ որ երթուղայինով էր հնարավոր այնտեղ հասնել», ասաց Ջարոնը: Հայաստանից, սակայն Ջարոնը միայն լավ տպավորություններով է հեռանում: «Երեւանը ոչնչով չէր տարբերվում եվրոպական քաղաքներից, իսկ Սանահինում եւ Հաղպատում ես բացահայտեցի հինավուրց Հայաստանը», ասաց Ջարոն Լեն:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ