«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2009-07-24 | #139, 2009-07-25 | #140, 2009-07-28


ՃԳՆԱԺԱՄԻ «ՀԱՏԱԿՆ» ԱՆՑԵԼ ԵՆՔ

Ի՞նչ են փաստում ցուցանիշներն ու ցուցիչները

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կարծես թե շատ ժամանակ չի անցել անցյալ տարեվերջից սկսված եւ ամիսներ շարունակվող չարագուշակ կանխատեսումներից, համաձայն որոնցՙ տնտեսական ճգնաժամի ազդեցության պատճառով աննախադեպ լարվելու է սոցիալական վիճակը, դադարելու են արտերկրից մասնավոր փոխանցումները, հազարավոր աշխատատեղեր են փակվելու, իսկ Հայաստան վերադարձող տասնյակ հազարավոր արտագնա աշխատողներն էլ լրացնելու են բազմահազար գործազուրկների բանակը: Գաղտնիք չէ, թե ովքեր եւ ինչ նպատակներով էին այս ամենն ասում, անթաքույց հույսեր տածելով, որ երկրի վիճակը կվատանա եւ կհասնի այն վիճակին, ինչպիսին իրենց իշխանության տարիներն էր: Այդ քարոզչությունն իսկապես ազդել էր ոմանց վրա, որոնց թվում էր, թե լինելու է այն, ինչ ապրել ենք էներգետիկ ճգնաժամի տարիներին: Սակայն այժմ անգամ ամենահոռետեսները համոզվեցին, որ վերոնշյալ քարոզչությունը, որի խղճալի արձագանքները դեռ շարունակվում են, իրականության հետ ոչ մի կապ չունի: Թեեւ տնտեսական անկումը շարունակվում է, վերջին երկու ամիսների ցուցանիշները վկայում են տնտեսական անկման տեմպի կտրուկ թուլացման եւ ամսեամիս տնտեսական զարգացման միտումների մասին:

Եթե փորձենք վերլուծել այս տարվա ամիսների տնտեսական ցուցանիշները, ապա կտեսնենք որոշակի ցիկլային տատանումներ: Այսպեսՙ հունվարին դեկտեմբերի նկատմամբ տեղի ունեցավ աննախադեպ կտրուկՙ 62,8 տոկոս անկում: Հունվարը սովորաբար ամենապասսիվ ամիսն է, որին, սակայն, գումարվել էր ճգնաժամի ուժեղացող բացասական ազդեցությունը: Նման կտրուկ անկումից հետոՙ փետրվարին հունվարի համեմատ արձանագրվեց 13,7 տոկոս աճ: Մարտին նույնպես փետրվարի համեմատ աճ արձանագրվեցՙ 22,1 տոկոս: Սակայն ապրիլին մարտի նկատմամբ ամսական աճի տեմպը ոչ միայն չպահպանվեց, այլեւ արձանագրվեց 5,4 տոկոս անկում: Մայիսին ապրիլի նկատմամբ վերստին աճ արձանագրվեցՙ 15,6 տոկոսով: Հունիս ամսվա ցուցանիշը ինչ-որ առումով պետք է չափորոշիչ լիներՙ դո՞ւրս ենք գալիս անկման ցիկլային ընթացքից, թե՞ դեռեւս ժամանակ է պետք դրա համար:

Պետք է նշել, որ հունիսի 39,7 տոկոս աճի ցուցանիշը մայիսի նկատմամբ ցրեցին կասկածները, որ անկումը կարող է շարունակվել: Հունիսի ցուցանիշը վկայում է, որ Հայաստանն անցավ տնտեսական անկման «հատակը» եւ աստիճանաբար սկսելու է «հետ բերել կորցրածը»:

Վերոնշյալ ցուցանիշները կարող են, սակայն, բնական հարց առաջացնել շարքային քաղաքացիների մեջ, թե այդ ինչպե՞ս է տնտեսությունն ամսեամիս աճում, երբ տարվա առաջին վեց ամիսներին արձանագրվել է 16,3 տոկոս անկում, որը 0,6 տոկոս ավելի է խորացել տարվա առաջին հինգ ամիսների համեմատ: Բանն այն է, որ 2009-ի որոշակի ժամանակահատվածի, ասենքՙ հունվար-հունիսի ցուցանիշների մասին խոսելիս, մենք այդ ցուցանիշը համադրում ենք 2008-ի հունվար-հունիսի հետ: Իսկ դրանից բացի, ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է յուրաքանչյուր ամսվա ցուցանիշը նույն տարվա նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ:

Երբ համադրում ենք 2009-ի հունվար-հունիսի ցուցանիշները 2008-ի հունվար-հունիսի հետ, ապա տեսնում ենք, որ չնայած վերջինՙ հունիս ամսին մայիսի նկատմամբ 39,7 տոկոս աճ է գրանցվել, բայց տնտեսական անկումը որոշ չափով խորացել է, քանի որ անցյալ տարվա հունվար-հունիսին բավականին բարձրՙ 10,3 տոկոս տնտեսական աճ ունեինք: Արժե հիշեցնենք, որ 2008-ի հունվար-հուլիսին այդ աճն ավելի բարձր էրՙ 10,6 տոկոս: 2008-ի հունվար-օգոստոսին եւ հունվար-սեպտեմբերին Հայաստանում տնտեսական աճը պահպանվում էր 10,3 տոկոսի սահմաններում: Այդ ցուցանիշը սկսեց նվազել հոկտեմբերից, երբ հունվար-հոկտեմբերին տնտեսական աճը կազմեց արդեն 9,2 տոկոս: Անկման միտումը հետագա երկու ամիսներին շարունակվեցին եւ, ինչպես հայտնի է, 2008-ը փակեցինք ընդամենը 6,8 տոկոս աճով:

Փաստորեն, դատելով անցյալ եւ այս տարվա ցուցանիշներից, կարող ենք ասել, որ ժամանակային կտրվածքով տնտեսական ցուցանիշներում նկատելի փոփոխություններ կարձանագրվեն միայն հոկտեմբերից: Դա պայմանավորված կլինի այս տարվա յուրաքանչյուր ամիս նախորդ ամսվա նկատմամբ ակնկալվող աճով եւ անցյալ տարվա հոկտեմբերից սկսվող անկումով: Սա իրատեսական է դարձնում մինչեւ տարեվերջ տնտեսական անկումը ներկայիս 16,3 տոկոսից 9-10 տոկոսին հասցնելը:

Վերադառնալով հունիսին մայիսի նկատմամբ արձանագրված աճին եւ հաջորդ ամիսներին դրա շարունակման ակնկալիքին, հարկ ենք համարում նշել այն հիմնավոր պատճառներն ու արդեն նկատվող ցուցիչները, որոնք նման սցենարը հավանական են դարձնում:

Նախՙ աննախադեպ աճ է արձանագրվել մեր տնտեսության մեջ ամենամեծ չափաբաժին ունեցող ճյուղումՙ շինարարությունում: Ակնկալվում է, որ աճն այստեղ կշարունակվի, քանի որ կառավարության կողմից խթանող միջոցառումներ են կիրառվում (պետական երաշխիքների տրամադրում) եւ նախատեսվում (նոր շինարարություն սկսողների համար սուբսիդավորում): Միաժամանակ, ԿԲ կողմից նորաստեղծ հիպոթեկային ընկերությունն է խթանում անշարժ գույքի նկատմամբ վերջին ամիսներին էապես նվազած պահանջարկը: Ի դեպ, անշարժ գույքի շուկայի մասին: Հուլիս ամսին, ըստ նախնական տվյալների (որոնց կանդրադառնանք, ամբողջական տվյալները ստանալուն պես), անշարժ գույքի շուկայում ավելացել է ակտիվությունը եւ գների անկումը գրեթե կանգ է առել: Իսկ ինչպես հայտնի է, անշարժ գույքի շուկան տվյալ երկրի տնտեսության ամենազգայուն (առավել, քան ֆինանսական շուկան) ցուցիչն է:

Հուլիսին սեզոնային գործոնով եւ այս տարվա բարձր բերքատվությամբ պայմանավորված ակնկալվում է գյուղատնտեսության համախառն ծավալների աճ:

Մանրածախ առեւտրաշրջանառության մեջ աճն ավելի շուտ պայմանավորված է ՀԴՄ-ների տեղադրմամբ եւ ստվերայնության նվազմամբ: Չնայած տնտեսական անկմանը, պահանջարկի նվազմանը, այստեղ արձանագրվել են նույն ծավալները, ինչ անցյալ տարվա հունվար-հունիսին: Միաժամանակ հարկ է նշել, որ վերջին ամիսներին, բացի խոշոր սուպերմարկետներից եւ ֆիրմային խանութներից, առեւտրի, սպասարկման փոքր ու միջին օբյեկտների գերակշիռ մասում, տոնավաճառներում ՀԴՄ-ները վերածվել են կահույքի պարագայի եւ կիրառվում են միայն պահանջկոտ սպառողների պահանջի դեպքում: Սա լրջորեն վնասում է մանրածախ առեւտրաշրջանառությունը ստվերից դուրս բերելու եւ քաղաքակիրթ առեւտրի մշակույթը ներդնելու նպատակի իրականացմանը:

Ծառայությունների ոլորտը միակն է, որ աճ է ապահովել ոչ միայն հունիսին մայիսի նկատմամբ, այլեւ այս տարվա վեց ամիսներին նախորդ տարվա վեց ամիսների համեմատ: Ի դեպ, ծառայությունների ոլորտի ցուցանիշները բնորոշում են տվյալ երկրի բարեկեցության մակարդակը:

Եվ վերջապեսՙ արդյունաբերությունը: Գաղտնիք չէ, որ հենց այս ճյուղն է յուրաքանչյուր երկրի տնտեսության առաջընթացն ապահովում: Մինչդեռ արդյունաբերության մեջ դեռեւս չեն արձանագրվում անդարձ աճի եւ զարգացման ցուցանիշներ: Այստեղ մայիսին ապրիլի նկատմամբ 7,3 տոկոս աճ արձանագրվեց եւ թվում էր, թե հունիսին մայիսի նկատմամբ այդ միտումը կզարգանա: Սակայն հունիսին մայիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի աճը կազմեց միայն 2 տոկոս: Ի՞նչ կարելի է սպասել այս ոլորտում հուլիսին:

Հավանական է, որ հուլիսին արդյունաբերության մեջ ավելի նկատելի աճ արձանագրվի, քանի որ հանքարդյունաբերական ձեռնարկությունները կառավարության որոշմամբ խոշորՙ 44 մլն դոլարի վարկեր ստացան արտերկրից ներգրավված միջոցներից: Դրան պետք է ավելացնել մետաղների եւ հատկապես պղնձի գների աճը վերջին երեք-չորս ամիսներին: Ճգնաժամի հետեւանքով պղնձի 1 տոննայի գինը 8 հազար դոլարից նվազել էր մինչեւ 2,5-3 հազար դոլարի: Այժմ այդ գինը գերազանցում է 5 հազար դոլարը: Այսինքնՙ հուլիսին արդյունաբերական արտադրանքի աճը սպասելի է հիմնականում շնորհիվ հանքարդյունաբերության: Այդուհանդերձ, սա կլինի ավելի շուտ իրավիճակային լուծում:

Արդյունաբերության զարգացման համար հարկ է ավելի արմատական քայլեր կատարել: Մինչ ճգնաժամը կառավարությունում պարբերաբար խոսվում էր Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման, քիմիայի եւ հանքարդյունաբերության կլաստեր ստեղծելու մասին: Ինչի շնորհիվ մեր երկրից պղնձի հանքաքարի արտահանման փոխարեն մաքուր պղինձ կամ դրանից պատրաստված վերջնական արտադրանք պետք է արտահանեինքՙ մեծացնելով երկրում ստեղծվող ավելացված արժեքը: Այսօր, կարծես թե, այս մասին չի խոսվում:

Դժբախտաբար, ճգնաժամը հետին պլան է մղել նաեւ գիտելիքահենք տնտեսության ստեղծման գաղափարը: Մինչդեռ հենց այս պահն ամենահարմարն էր նոր տեխնոլոգիաների կիրառման համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր գործարարները ճգնաժամին դիմակայելու քայլերի մեջ նորարարությունների ու նոր տեխնոլոգիաների կիրառումն ընդհանրապես չեն դիտարկում: Այս առումով Հայաստանի ցուցանիշը շարունակում է վատագույնը մնալ ԱՊՀ երկրների մեջ, իսկ պետությունն էլ միայն փոքր քայլեր է կատարում Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու ուղղությամբ:

Ամփոփելովՙ կարող ենք նշել, որ ճգնաժամի ամենադժվար պահը հաղթահարել ենք: Եվ եթե միջազգային տնտեսության մեջ չլինեն նոր ցնցումներ, ապա եկող տարվանից կվերադառնանք տնտեսական աճի (թեեւ ոչ երկնիշ) նախորդ տարիների ռիթմին: Այժմվանից արդեն հարկ է կենտրոնանալ հավակնոտ անվանումը ստացած տնտեսական նախագծերի իրականացման վրա, որոնց մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը այս պաշտոնում նշանակվելուց հետոՙ մինչեւ ճգնաժամը, եւ որոնցով զբաղվելու հնարավորություն այս տարի չեղավ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4