«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2009-07-24 | #139, 2009-07-25 | #140, 2009-07-28


Ի՞ՆՉ ԵՆՔ ԵՐԳՈՒՄ

Երբ հուլիսի 11-ին ի վերջո պարզ դարձավ մանկական «Եվրատեսիլ 2009»-ի հայ մասնակցի անունը, ճիշտն ասած, ակնկալում էի, որ մամուլն առնվազն կասկածանքով է վերաբերվելու այս ընտրությանը: Բնավ նկատի չունեի այն հանգամանքը, որ մինչ ընտրությունն արդեն շրջանառվում էին լուրեր, թե եզրափակիչ մրցույթն ընդամենը ձեւ է, քանզի հաղթողի անունը պարզ էր ի սկզբանե` Լուարա անունով աղջնակը` Նադեժդա Սարգսյանի հովանավորյալը: Հայ մամուլը տարօրինակորեն լուռ մնաց այս ընտրության առնչությամբ` հենց լռությամբ կարծես արձանագրելով, որ այդպես էլ պիտի լիներ: Եվ պիտի լիներ այդպես, քանզի հայ իրականության մեջ վաղուց զարմանալի չէ, որ մրցանակ ստանում, հաղթող հռչակվում, դափնիների են արժանանում այս կամ այն նշանավորի հովանավորյալները: Ուստի, հիշյալ մրցույթում թե ո՛վ ընտրվեց, բնավ զարմանալի չէր, մինչդեռ թե ի՛նչ ընտրվեց, զարմանալի էր շա՛տ: Եվ այսպես, այս տարի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայանալիք «Եվրատեսիլում» հայ աղջնակն իր հասակակիցների հետ հնչեցնելու է... «Բարսելոնա» երգը: Թե ինչու՞ «Բարսելոնա», կամ ինչու՞ դեռատի մի հայուհի պիտի հնչեցնի իսպանական ինչ-որ ֆուտբոլային թիմի նվիրված երգ (ի դեպ, անհաջող երգ` շինծու տեքստով, կեղծ հաղթական պաթոսով), կարծես մեզ այլեւս չի հուզում: Մենք վաղուց անտարբեր ենք:

Երգում գովերգվում է հաղթանակի կամքը, ամեն գնով հաղթելու վճռականությունը: Ես թե"ւ շատ հավանեցի փոքրիկ Լուարային, բայց թող ների նա, եթե ասեմ, որ բնավ չեմ կամենում իր հաղթանակը «Եվրատեսիլում», չեմ կամենում` այսպիսի՛ երգով, այսպիսի՛ գնով:

Իսկ գինը ազգային արժանապատվության կորուստն է:

Ինչպես պատմեց փոքրիկ երգչուհին Հ1-ի եթերում, երգը հղացվել է, երբ ինքը ծնողների հետ մի ուշ երեկոյան դիտել է «Բարսելոնա» - «Մանչեստր» ֆուտբոլային հանդիպումը` «Բարսելոնայի» հաղթանակով: Դրանից ոգեւորված` աղջնակը երգ է հորինել "ւ ահա հնարավորություն ունի ստեղծագործությունը հնչեցնելու ի լուր աշխարհի:

Ես չգիտեմ` երգի հայաստանյան մրցույթում հայ ժյուրիի կողմից երգի այսպիսի ընտրությունը մտնու՞մ է ֆուտբոլի զարգացման ազգային ծրագրի մեջ («թասիբի» գցել հայկական թիմերին), բայց ուզում եմ հարցնել երգի հեղինակին, նրա ուսուցիչ-հովանավորին, ժյուրիի անդամներին` «Բարսելոնա» ֆուտբոլային թիմի այս երաժշտական փառաբանությունն ի՞նչ կապ ունի Հայաստան երկրի, հայ մարդու, հայ մանկան հետ: Հայի ինքնության հետ: Որեւէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, որ երբեւէ մի փոքրիկ իսպանուհի կամ իտալուհի միջազգային բեմում հնչեցնի երգ` նվիրված... «Փյունիկ» թիմին: Հնչեցնի ու անվերջ երգաձայն գոռա` «Փյու-նի՛կ, Փյու-նի՛կ»: Զարմանալու չէ՞: Թե՞ մենք արդեն շա՛տ ենք գլոբալացված, խի՛ստ ենք կոսմոպոլիտ: Զարմանալի լինելուց զատ` ամոթ չէ՞... Բայց մենք, այնուամենայնիվ, Աստծուն փառք տալու պատճառ ունենք: Կարող էր, չէ՞, այնպես պատահել, որ այն երեկո կապանցի աղջնակը դիտած լիներ, ասենք, «Ֆեներբահչե» -«Մանչեստր» խաղը, եւ հաղթած լինեին թուրքերը. Ուրեմն` էլի փառք Աստծո:

ԳՈՌ ՍԱՐԳՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4