Հայ եւ իտալացի մասնագետները համատեղ հայաստանյան բեմում կներկայացնեն Վերդիի «Աիդա» օպերան: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բարունո Սկապինիի հանդիպման ընթացքում: Ինչպես տեղեկացնում է մշակույթի նախարարությունը, «Աիդայի» բեմադրման աշխատանքները կիրականացնի իտալացի հանրահայտ ռեժիսոր Մարիո Կորադին, իսկ Աիդայի դերերգը կատարելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:
Նախարարի եւ դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանում պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը, համաձայնություն է կայացվել որմնանկարների վերականգնման առնչությամբ: Քննարկվող հարցերի շարքում է եղել նաեւ Հռոմի երաժշտական արվեստի թանգարանում Կոմիտասի 140-ամյակին նվիրված ցուցահանդես բացելու հեռանկարը:
Ն. Պ.