«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2009-07-24 | #139, 2009-07-25 | #140, 2009-07-28


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԵԾ ԴԵՐ ՈՒՆԵՆ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԿԱՆԽՄԱՆ ԽՆԴՐՈՒՄ

Մարդկանց վաճառքը կամ «սպիտակ ստրկությունը» XX-րդ դարի ամենաամոթալի եւ դաժան երեւույթներից է, որի աճը վերջին տասնամյակում, ցավոք, վտանգավոր չափերի է հասնում: Մարդկանց վաճառքը, ի տարբերություն կազմակերպված հանցագործության մյուս ձեւերի, թմրադեղերի, զենքի, գողացված մեքենաների եւ մարդկանց օրգանների վաճառքի, նվազագույն ռիսկի պայմաններում անհավանական ու աներեւակայելի շահույթներ է ապահովում կազմակերպիչներին: Վերջիններիս բիզնեսը օր օրի ծաղկում է... Պարզ են պատճառները, իսկ թրաֆիկինգի զոհերին սպասվում է նվաստացում, հիվանդություններ, անպատվություն, վախ, մեկուսացում հասարակությունից եւ անգամՙ մահ:

Նման իրավիճակներում չհայտնվելու եւ զերծ մնալու խնդրով մտահոգ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անց է կացվում քառօրյա ծրագիր «Երիտասարդության դերը մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) կանխարգելման գործում» խորագրով, որն իրականացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, միգրացիայի միջազգային կազմակերպության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, UNDP-ի, ՀՀ-ումՙ մարդկանց շահագործման հարցերով խորհրդի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ ոստիկանության եւ այլ գերատեսչությունների հետ համատեղ: Ծրագրին մասնակցում են 40 երիտասարդներ հանրապետության բոլոր մարզերի երիտասարդական կենտրոններից եւ թրաֆիկինգի դեմ տարվող խմբերից 4-ական ներկայացուցիչներ:

Ծրագրի սկիզբը ազդարարվեց երեկ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղակալ Արսեն Քարամյանի ողջույնի խոսքով: Իսկ ՀՀ արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանը մանրամասն տեղեկություններ տվեց թրաֆիկինգ կոչվող այդ չարիքի դեմ պայքարի, տարբերակման եւ ծնող երեւույթների մասին:

Թրաֆիկինգի ոլորտը կարգավորող միջազգային եւ ազգային օրենսդրությունը ներկայացրեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության իրավաբան Դավիթ Թումասյանը: Նա նշեց, որ «Հայաստանը հանդիսանում է ե՛ւ տարանցիկ, ե՛ւ ելքի, ե՛ւ մուտքի երկիր: Ներկայումս, որպես մուտքի երկիր ունենք գործ, որտեղ ՌԴ-ից 24 կին բերել են Հայաստան եւ նրանց ենթարկել են շահագործման, ընդ որում շահագործողները նույնպես ՌԴ-ից են:

  «Ազգը» փորձեց քառօրյա ծրագրի մասնակից Սարվարդ Թումանյանից (Կապան) ճշտել, տեղյա՞կ է թրաֆիկինգ երեւույթի մասին եւ ինչպե՞ս է վերաբերում դրանց զոհերին. «Տեղյակ էի մակերեսորեն, ես նման դեպքերի չեմ հանդիպել, բայց որ մեզ մոետ այդ երեւույթը կա, այդ մասին լսել եմ: Եթե իմ շրջապատում նման անձի հանդիպեմ, անշուշտ, կփորձեմ օգնել ու դիմել իրավապահներին: Կարծում եմ, այս սեմինարից շատ կարեւոր գիտելիքներ կքաղեմ ու դրանք կօգտագործեմ հարկ եղած դեպքում»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4