Հանրակրթության ոլորտի բարեփոխումների առաջին փուլը հասնում է ավարտին եւ, ըստ ամենայնի, պիտի մտնի հաջորդ փուլ` թելադրված կրթական նոր պահանջներով ու զարգացումներով: Բարեփոխումների հիմնական բաղադրիչներին թեպետ պարբերաբար անդրադարձել ենք մեր հրապարակումներում, սակայն առաջին փուլում ձեռք բերվածի մասին համապարփակ պատկերացում կազմելու համար փորձենք հետահայաց ամփոփել կատարվածը: Հիշեցման կարգով նշենք, որ բարեփոխումների մեջ ներառված էին հանրակրթության կրթակարգի մշակումը, գնահատման համակարգի բարելավումը, տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրումը, ուսուցիչների մասնագիտական կատարելագործումը, հանրակրթության համակարգի կառավարումը:
Միանգամից ասենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված համակարգիչների շրջանառու համակարգի միջոցով հանրապետության դպրոցների 70 տոկոսն արդեն համալրված է համակարգիչներով: Կարճ ժամանակահատվածում էապես փոխվել է նոր տեխնոլոգիաների նկատմամբ դպրոցների տնօրենների մոտեցումը: Նրանք լիովին համոզվել են, որ առանց համակարգիչների անհնար է կազմակերպել ոչ միայն ուսուցումը, այլեւ դպրոցի կառավարումը, աշակերտների տվյալների բազայի ստեղծումը, կազմակերպական հարցերը: 2004-2009 թթ. իրականացված համակարգչայնացումը լայն հնարավորություն է բացել ուսուցման եւ գիտելիքների փոխանցման նոր մեթոդների համար: Ամենախուլ գյուղի դպրոցում անգամ գիտակցվում է նոր տեխնոլոգիաները կրթության մեջ ներդնելու անհրաժեշտությունը, դպրոցներում համակարգիչներն օգտագործվում են որպես դասընթացի բաղկացուցիչ մաս ոչ միայն ինֆորմատիկա առարկայի, այլեւ հումանիտար առարկաների ուսուցման ժամանակ: Մշակվել եւ կիրառության մեջ են մտել 7-9 դասարանների հայոց լեզու, հանրահաշիվ, երկրաչափություն առարկաների համար ստեղծված էլեկտրոնային ուսումնական ծրագրերը: Ստեղծվել է www. edu.am ինտերնետային կայքէջը, որը սպասարկում է կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:
Որքան էլ գոհացուցիչ է ձեռք բերվածը, դեռ շատ անելիքներ կան դպրոցներում համակարգիչների քանակն ավելացնելու եւ ուսումնառությունն էլ ավելի արդյունավետ ու հետաքրքրական դարձնելու համար:
Բարեփոխումներով իրականացված հաջորդ կարեւոր քայլը հանրապետության 10 դպրոցներում անցած տարվանից մուտք գործած ավագ դպրոցի փորձնական ծրագիրն էր, որում ընդգրկված 10 դպրոցներըՙ Երեւանի թիվ 112 (Մալաթիա-Սեբաստիա), 195 (Աջափնյակ), 198 (Նորքի 9-րդ զանգված), Աշտարակի թիվ 5, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի կրթահամալիրը, Գավառի թիվ 1, Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը, Գյումրու թիվ 45, 12 եւ 3, սկզբնական շրջանում, անշուշտ, դժվարություններ ունեցան, սակայն կարճ ժամանակ անց կարողացան հասնել շոշափելի արդյունքների: Հենց դա էլ կառավարությանը վստահություն տվեց ավագ դպրոցների թիվն ավելացնելու. այս ուսումնական տարեսկզբին հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում կստեղծվի եւս 38 ավագ դպրոց: Տարեցտարի դրանց թիվն ավելացնելովՙ 2012-ին հանրապետությունում կունենանք 150 ավագ դպրոց: Ակնկալվում է, որ եռամյա ավագ դպրոցն աշակերտին գրեթե կազատի լրացուցիչ պարապմունքների դիմելու անհրաժեշտությունից` հնարավորություն տալով կենտրոնանալու այն առարկաների վրա, որոնք անհրաժեշտ են բուհական քննություններ հանձնելիս:
Դասագրքերի շրջանառու հիմնադրամի ջանքերով ստեղծվել է միջին դպրոցի դասագրքերի ամբողջական փաթեթը, իսկ ավագ դպրոցինը կլրացվի 3 տարվա ընթացքում:
Հանրակրթության հետ մեկտեղ կարեւորվում է նաեւ նախադպրոցական կրթությունը` հատկապես մարզերում: Անցած տարի մշակվել ու հաստատվել է 2008-2015 թթ. բարեփոխումների ծրագիրը, որի փորձնական փուլն այս տարի ավարտվեց Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում:
Կրթության որակ ապահովելու համար հատուկ ուշադրություն է հատկացվել տնօրենների եւ ուսուցիչների մասնագիտական վերապատրաստմանը, որի համար կրթության ազգային ինստիտուտը բոլոր մարզերում ստեղծել է դպրոց - կենտրոններ, որտեղ քննարկվել են դպրոցական ծրագրերը, դասագրքերն ու թեստերը:
Կատարված փոփոխություններն, ինչ խոսք, ուղեկցվեցին դրական եւ բացասական արձագանքներով, բուռն բանավեճերի առիթ տվեցին հատկապես քննական թեստերը, իսկ դա վկայում է, որ մեր կրթությունը նոր պահանջներին համաքայլ առաջ տանելու ջանքերը երկարատեւ են լինելու:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ