«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2009-07-24 | #139, 2009-07-25 | #140, 2009-07-28


ԱՐԵՎԻԿ ԱՎԱԳՅԱՆ

84 տարեկան հասակում կյանքից հեռացավ հանրապետության վաստակավոր լրագրող Արեւիկ Ավագյանը, որը կես դարից ավելի աշխատել եւ ստեղծագործել է հեռուստառադիոպետկոմում, ապա հանրային ռադիոյում: Նա աշխատանքային գործունեությունը սկսել է անցյալ դարի 50-ականների սկզբին, ավարտելով Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատանքի է անցել ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների խմբագրությունում, որպես խմբագիր:

Նրա «Իմաստուն Լորիկը» պատմվածքը զետեղվել է դպրոցական դասագրքում եւ նախատեսված է 2-րդ դասարանցիների համար:

1960-ական թվականների սկզբից նա փոխադրվեց ռադիոյի Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայության համար հաղորդումների խմբագրությունՙ որպես բաժնի վարիչ: Արեւիկը երկար տարիներ ղեկավարեց գրականության եւ արվեստի, ինչպես նաեւ մանուկների համար հաղորդումները: Նա այն անխոնջ մշակներից է, որ նպաստեց հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ընդլայնմանը: Վաստակավոր լրագրողին ճանաչում էին սփյուռքում եւ հայրենիքում: Նա արժեքավոր մի շարք հաղորդումների հեղինակ էր, հատկապես Արեւիկ Ավագյանին ենք պարտական սփյուռքահայ տաղանդավոր բանաստեղծ Մուշեղ Իշխանին ռադիո հրավիրելու եւ նրա խոսքն ու բանաստեղծությունները ձայնագրելու համար: Արեւիկը հարցազրույցներ է ունեցել շատ անվանի մարդկանց հետ եւ դրանց զգալի մասը հնչել է ոչ միայն ռադիոյով, այլեւ տպագրվել մամուլումՙ ճանաչում բերելով հեղինակին:

Արեւիկ Ավագյանը կարող էր մեկ տասնյակից ավելի տպագրված գիրք ունենալ, սակայն նա իր ողջ ստեղծագործական ուժերը նվիրեց մորՙ տաղանդավոր գրող Սերինեի գործերի խմբագրմանն ու հրատարակմանը, մի բան, որ չկարողացավ անել մայրը կենդանության օրոք: Արեւիկն այդ գործը համարեց իր սրբազան պարտքը եւ ընթերցողի սեղանին դրեց արժեքավոր գրքերՙ վառ պահելով Սերինեի հիշատակը ժամանակակիցների եւ գալիք սերունդների համար:

Կյանքի վերջին տարիներին Արեւիկ Ավագյանը հուշագրությունների, հրապարակախոսությունների, ակնարկների գիրքն էր պատրաստում: Ափսոս այն տպագրված տեսնել չկարողացավ, կյանքից հեռացավ ականջը գալիք արձագանքներին ու գրախոսություններին պահած:

Նրա հիշատակը վառ կմնա ռադիոունկնդիրների, ընթերցողների, գործընկերների սրտերում: Արեւիկը ապրեց գեղեցիկ կյանքով, լույս նրա հիշատակին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4