Սերբիայում իրենց մրցավեճն ավարտեցին նաեւ հունահռոմեական ոճի Եվրոպայի պատանեկան առաջնության պարգեւները վիճարկող ըմբիշները: Ի տարբերություն ազատ ոճայինների, մեր հունահռոմեական ոճի ըմբիշների ավարն ավելի համեստ էր: Առաջնությունում հանդես եկած 8 հայ ըմբիշներից միայն մեկինՙ Լյուդվիգ Քոչարյանին հաջողվեց մեդալ նվաճել: Մինչեւ 50 կգ քաշայինների մրցավեճում Լյուդվիգը 1/8 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց ռումինացի Կատալին Լուպուին, ապա պայքարից դուրս մղեց լեհ Մաթեուս Բեռնատեկին (10-5): Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցն ադրբեջանցի Էլդանիս Ազիզլին էր: Ցավոք, Լյուդվիգին չհաջողվեց մտնել եզրափակիչ: Նա մրցակցին զիջեց 2-9 հաշվով: Ի վերջո, Ազիզլին դարձավ Եվրոպայի չեմպիոնՙ եզրափակիչում 8-7 հաշվով հաղթելով թուրք Թոլգան Կարատասին: Իսկ հայ ըմբիշն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: 3-0 հաշվով հաղթելով ուկրաինացի Ալեքսանդր Լիտվինովին, Քոչարյանը դարձավ բրոնզե մրցանակակիր: Նա Հայաստանին 8 միավոր պարգեւեց:
Մեր երեք ըմբիշներըՙ Ալբերտ Վարդանյանը (42 կգ), Հայկ Արշակյանը (58 կգ) եւ Արթուր Պետրոսյանը (63 կգ), գրավեցին 5-րդ տեղը: Երեքն էլ իրավունք էին ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն վճռորոշ գոտեմարտերում նրանք անհաջողության մատնվեցին:
Ալբերտ Վարդանյանը 0-6 հաշվով պարտվեց ուկրաինացի Իվան Պավլենկոյին եւ նրան զիջեց բրոնզե մեդալը: Հայկ Արշակյանը պարտվեց թուրք ըմբիշ Կասյոլ Մուստաֆային (5-13), իսկ Արթուր Պետրոսյանը զիջեց ռուսաստանցի Ալիխան Արապհանովին (1-4): Աշոտ Խաչատրյանը (46 կգ) պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակիչումՙ 4-11 հաշվով պարտվելով ռուսաստանցի Արտյոմ Սուրկովին: Սարգիս Քոչարյանը (54 կգ) գրավեց 11-րդ տեղըՙ 1/8 եզրափակիչում պարտվելով սերբ Վիկտոր Նեմեցին: Հայկ Նավասարդյանն (69 կգ) ու Վահե Սիմոնյանը (85 կգ) պարտություն կրեցին առաջին իսկ գոտեմարտում եւ դուրս մնացին հետագա պայքարից:
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 29 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Կրկին լավագույնը ՌԴ հավաքականն էր (79 միավոր), որը նվաճեց 3 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: 71 միավորով 2-րդ տեղը գրավեց Թուրքիայի հավաքականը (3 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալ): 3-րդ տեղում վրացիներն են (54 միավոր), որոնք նվաճեցին 1 ոսկե, 4 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Հաջորդ տեղերում են Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի եւ Մոլդովայի հավաքականները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ