«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2009-07-29 | #142, 2009-07-30 | #143, 2009-07-31


ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հանրապետության ավագ դպրոցների շուրջ 572 ուսուցիչներ երկու փուլով, հունիսի 16-ից մինչեւ հուլիսի 25-ը մասնակցեցին «Ավագ դպրոցների ուսուցիչների որակավորումների բարձրացման դասընթացներ» ծրագրին, որն իրականացնում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:

Դասընթացները գործում էին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` ի սկզբանե նպատակ ունենալով աջակցելու Հայաստանում հանրակրթության որակի բարելավմանը: Դասընթացները կառավարության «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրի բաղկացուցիչ մասն են:

Ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացների բովանդակային-ծրագրային փաթեթները ստեղծվել են մանկավարժական համալսարանի համապատասխան ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմերի կողմից, հաստատվել համալսարանի գիտական խորհրդում, ինչպես նաեւ ենթարկվել արտաքննության Կրթության ազգային ինստիտուտի կողմից եւ այնուհետեւ ներդրվել ծրագրում:

«Ծրագիրը ընթանում էր 95 ժամ տեւողությամբ: Դասընթացներն ուղղված էին ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների կատարելագործմանը, մասնագիտական որակավորման բարձրացմանը, գիտելիքների հարստացմանն ու գործնական հմտությունների ձեռքբերմանը: Դասընթացների 95 ժամը տրոհված էր երկու բաղադրիչների միջեւ` նեղ մասնագիտական եւ ընդհանուր կրթական, որը ներառում էր գիտելիքների մատուցում (60 ժամ), գնահատման նորագույն տեխնոլոգիաների ու ձեւերի ուսուցում (15 ժամ), տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ եւ հետազոտության ներկայացում ավարտաճառի տեսքով (20 ժամ), որի արդյունքում ուսուցիչները ամբողջական պատկերացում ունեցան կրթական բարեփոխումների, մասնագիտության մեջ առկա հիմնախնդիրների եւ դրանց հաղթահարման ուղիների, մանկավարժական նոր մեթոդների, մոտեցումների եւ տեխնոլոգիաների մասին, գիտելիքների պաշար, ինչը համահունչ է կրթական համակարգի ժամանակակից պահանջներին», ասաց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ծրագրի ղեկավար` Ա. Ղուկասյանը:

Բավականաչափ ընդգրկուն էր ծրագրի իրականացման աշխարհագրությունը:

Ծրագրին մասնակցում էին Երեւանի թիվ 119, 118, 94, 142, 170, 159, 139, 62, 104, 105, 190 դպրոցները, Արարատի մարզի թիվ 5 դպրոցը, Արմավիրի մարզի թիվ 1, Վաղարշապատի թիվ 5, 8, 2, Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցները, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1, 10, 13 դպրոցները, Հրազդանի արհեստագործական ուսումնարանը, Եղվարդի թիվ 1, Գառնիի թիվ 2 դպրոցները, Սյունիքի մարզի Կապանի վարժարանը, Կապանի թիվ 9, Գորիսի թիվ 1 դպրոցները, Գեղարքունիքի մարզի Սեւանի թիվ 1 դպրոցը, Վայոց ձորի մարզի Վայքի թիվ 1 դպրոցը, Արագածոտնի մարզի Ապարանի թիվ 3 դպրոցը, Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 1 եւ Իջեւանի թիվ 2 դպրոցները:

- Դասընթացները իրականացվել են կրեդիտային հենքով: Պարբերաբար իրականացվում էին` ուսուցիչների մասնագիտական առանձնահատկություններից ելնելով գիտելիքների գնահատում` թեստավորումների տեսքով, հետազոտական աշխատանքի` ուսուցիչների պատրաստած ավարտաճառերի գնահատում եւ դասընթացի ավարտից հետո ամփոփիչ քննություն: Որակավորման բարձրացման արդյունքում հանձնաժողովի դրական եզրակացությունը ստացած մասնակիցներին ՀՊՄՀ-ն շնորհեց հավաստագրեր, որոնց ստացման պայմաններն էին` անցնել լրիվ դասընթացը, հաջողությամբ ներկայացնել կատարած հետազոտությունը եւ հանձնել քննական թեստ` հավաքելով 20 միավորանոց սանդղակով 8-ից բարձր միավոր:

Դասավանդող պրոֆեսորադասախոսական անձնակազմը խիստ ընտրություն է անցել, յուրաքանչյուր դասախոս իր ոլորտում հայտնի մասնագետ է:

Պրոֆեսորադասախոսական համակազմը ընդգրկուն էր: Նա ներառում է մասնագետների հանրապետության գիտակրթական ամենատարբեր օջախներից` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Երեւանի պետական համալսարանից, Կրթության ազգային ինստիտուտից, Մ. Հերացու անվան հայկական պետական բժշկական համալսարանից, Գնահատման եւ թեստավորման կենտրոնից, լիցենզավորման եւ հավատարմագրման կենտրոնից, Ռուս-հայկական Սլավոնական համալսարանից:

Ծրագրի ընթացքում շարունակաբար իրականացվում էին որակավորման բարձրացման դասընթացներին օժանդակող տնտեսական միջոցառումներ.

Ծրագրին մասնակցող բոլոր մարզերի եւ Երեւանի ավագ դպրոցների ուսուցիչները Խ. Աբովյանի անվան ՀՄՊՀ են հասել եւ վերադարձել ծրագրի հատկացրած գումարներով: Մարզերից եկած ուսուցիչներն ապահովվել են կեցությամբ եւ սննդով: Բոլոր մասնակից ուսուցիչներին տրամադրվել են անհրաժեշտ նյութեր եւ գրենական պիտույքներ, ուսումնական փաթեթներ, որոնք պատրաստվել եւ բազմացվել են նախապես որակավորման բարձրացման մասնակից ուսուցիչների թվաքանակին համապատասխան:

Կրթական համակարգում մասնագիտական որակավորումների բարձրացման ծրագրերի իրականացումն այսօր իրոք օրախնդիր է, կապված մասնագիտության առջեւ դրված նոր մարտահրավերների հետ: Փոխվում են ինչպես մոտեցումները կրթության մեջ, այնպես էլ ուսումնառության բնույթը եւ էությունը, այդ փոփոխությունների հետ մեկտեղ փոխվում է նաեւ ուսուցչի դերը, որը գիտելիքների եւ հմտությունների զուտ փոխանցողից դառնում է սովորողի ուսումնառության գործընթացը առաջնորդող եւ խթանող անձ: Այդ մարտահրավերները նոր պահանջներ են դնում ուսուցիչների առջեւ` ամենօրյա մանկավարժական գործունեության ընթացքում շարունակաբար զարգացնել իր մասնագիտական կարողություններն ու հմտությունները:

Այս հանգամանքի գիտակցումից ելնելով` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը մշակել է հանրակրթական դպրոցի տնօրենների, ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, հանրակրթական տարրական միջին դպրոցի ուսուցիչների, սփյուռքահայ ուսուցիչների, ներառական եւ հատուկ դպրոցների ուսուցիչների եւ ՀՀ մանկավարժական կրթությամբ զբաղվող բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմերի մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների ծրագրեր, որոնց կյանքի կոչումը անմիջականորեն կնպաստի կրթական բարեփոխումների իրականացմանը եւ մեր երկրի կրթական համակարգի զարգացմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4