«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2009-07-31 | #144, 2009-08-01 | #145, 2009-08-18


ԹՈՒՐՔԻԱՅԻ` ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԻՋԵ՞Ւ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ ավելի հաճախ ոչ թե նորություններ են լինում, այլ տարբեր մեկնաբանություններ, որոնք ոչ միայն նոր չեն, այլեւ ժամանակի առումով էլ հաճախ թարմություն չեն բերում:

Արդեն գրեթե մեկ տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խումբն այնպիսի համառությամբ ու ակտիվությամբ է հանդիպումներ կազմակերպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով, որ տպավորությունը հարցը հնարավորինս շուտ լուծելուն է տանում:

Սակայն ուր էլ տանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, նրանք որոշակի արձակուրդային դադար վերցրեցին, օգոստոսը կարծես պիտի անցներ լռության ու հանգստի վիճակում: Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան միայն, Ադրբեջանում դեսպան նշանակավելու առումով, բավարար էր` թեման «թեժ» պահելու համար:

Այնուամենայնիվ, բանակցությունների մասնակից կողմերն էլ կարծես հանգստի վիճակին չեն ուզում սովորել: Մասնավորապես, ադրբեջանական կողմն, ի դեմս երկրի նախագահի գրասենյակի արտաքին կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովի, կողմերի համար հայտարարությունների նորացված թեմա է առաջարկում` հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի բնույթի մասին:

Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում Մամեդովը վերջերս հայտարարել է, թե հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ հակամարտության կարգավորման հայեցակարգերում որոշակի տարբերությունները պահպանվում են: Թե ինչպիսին են այդ դիրքորոշումները, նշվել ու հրապարակվել է բազմիցս, ուստի անհրաժեշտություն չկա կրկնելու Ադրբեջանի «լրիվ մերն է» ու Հայաստանի «անկախությանն այլընտրանք չկա» մոտեցումները:

Մամեդովը «հողերի վերադարձման, Լաչինի ու Քելբաջարի վերադարձման ու Հայաստանի հետ միջանցքի հարցի լուծման եւ այլ հարցերի համար» նախատեսում է 5-10 տարի ժամկետ: Մի 10 տարի էլ, ըստ Մամեդովի, կտեւեն փախստականների վերադարձն ու խաղաղապահ ուժերի տեղակայումը, այդուհետեւ դեռ նոր միայն կորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` «Ադրբեջանի կազմում» հոգնեցրած հավելմամբ:

Առավել հետաքրքրական է, որ, Մամեդովի մեկնաբանությամբ, մադրիդյան նորացված սկզբունքները «վերաբերում են ԼՂ կարգավիճակի մշակմանը, թե երբ եւ ով պետք է որոշի ու ինչպես»: Ըստ Մամեդովի, այդ նորացված սկզբունքներում կան հարցեր նաեւ, որ վերաբերում են խաղաղապահ ուժերի տեղակայմանը, դրանց կազմին ու ժամանակային սահմաններին, միջանցքի խնդրին եւ այլն:

«Խաղաղապահների կազմում չեն կարող լինեն հարեւան երկրների զինվորականները: Ադրբեջանի մոտեցմամբ, լավ կլիներ, եթե խաղաղապահ ուժերը կազմակերպվեին եվորպական երկրների ու Միացյալ Նահանգների զինված ուժերից», նշել է Մամեդովը: Վերջինս խաղաղապահների տեղակայման վայրի առումով առավել քան ագրեսիվ է, այսինքն` ԼՂ եւ հարակից շրջանների շփման գծում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4