Միջազգային ճանաչման արժանացած հայազգի լրագրող Ֆլորենս Ավագյանը Նյու Յորքից տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին «Թուֆենկյան գորգեր» կորպորացիայի Նյու Յորքի գլխավոր մասնաշենքում տեղի է ունեցել հատուկ ընդունելություն ի նպաստ Ղարաբաղում իրականացվող Թուֆենկյանի երկու հայրենասիրական ծրագրերի. մեկըՙ Շուշիի թանգարանի վերանորոգման աշխատանքները, մյուսըՙ կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային ճամբարներում հանգստանալու ծրագիրը:
Երեկոյի ընթացքում թեթեւ երաժշտության ուղեկցությամբ ներկաները հնարավորություն են ունեցել մասնակցելու ղարաբաղյան ձեռքի աշխատանքների աճուրդին: Շուշի պարային համույթի երեք անդամներ, զուգված հայկական գեղեցիկ տարազներով, անմոռանալի պահեր են պարգեւելՙ ներկայացնելով հայտնի եւ սիրված համարներ:
Շուշիի թանգարանի վերանորոգումը, որի համար Թուֆենկյանները հատկացրել են մոտ 100 հազար դոլար, եւ ամառային ճամբարներում հանգստանալը միայն երկուսն են այն ավելի քան 50 ծրագրերի, ըստ Ավագյանի, որ Ջեյմս Թուֆենկյանը իրականացնում է Հայաստանում եւ Ղարաբաղում 1988 թվից: 1999-ին ստեղծված Թուֆենկյան հիմնադրամի բազմաբնույթ ծրագրերի թվին են պատկանում հյուրանոցների կառուցումը, կրթական համակարգի բարելավումը, աղքատության հաղթահարումը եւ հոգեւոր-մշակութային արժեքների վերաիմաստավորումը:
Հ. Ծ.