«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2009-07-31 | #144, 2009-08-01 | #145, 2009-08-18


Ի՞ՆՉ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ԴԻՏՈՒՄ ՈՒ ԼՍՈՒՄ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ հետաքրքրությունը ճշտելու նպատակով Արցախի ժուռնալիստների միությունը հուլիսի վերջին Ստեփանակերտ քաղաքում անցկացրել է հասարակական կարծիքի գրավոր հարցում: Հարցումները միայն Ստեփանակերտում անցկացնելը պայմանավորված էր նրանով, որ հանրապետության շրջաններում, բացառությամբ 2-3 թերթերի, այլ պարբերականներ համարյա չեն ստանում, իսկ հեռուստա-ռադիոալիքները մատչելի են քչերին:

Հարցումն անցկացվել է 250 հարցվողների շրջանում, որոնց առաջադրվել են հետեւյալ հարցերը. «Ի՞նչ թերթեր եք պարբերաբար կարդում (տպագիր տարբերակ, էլեկտրոնային տարբերակ)», «Ո՞ր հեռուստաալիքներն եք պարբերաբար նայում» եւ «Ո՞ր ռադիոալիքներն եք պարբերաբար լսում»:

Ըստ տարիքային խմբերի, հարցման մասնակիցներից 95 հոգի եղել են մինչեւ 30 տարեկան, 122-ը` 30-50 տարեկան, իսկ 33 հոգի ունեցել են 50-ից բարձր տարիք:

Հարցվողներից 171-ը եղել են ամենատարբեր բնագավառների աշխատողներ, 50 հարցվող ոչ մի տեղ չէր աշխատում կամ թոշակառու էր, իսկ 29 ուսանողներ էին:

Ամենաշատ ընթերցվող տպագիր պարբերականների եռյակում են «Ազատ Արցախ» (հանրապետական), «Լուսարար» (կրթամշակութային), «Մարտիկ» (բանակային) թերթերը: Ստեփանակերտում լույս տեսնող կուսակցական չորս թերթերից ոչ մեկը շոշափելի ընթերցողական լսարան չի ապահովել:

Հայաստանյան տպագիր լրատվամիջոցներից ամենաշատ ընթերցվող են «168 ժամը», «Ազգը» , «Հայկական ժամանակը» եւ «Զրուցակիցը»: Ռուսական մամուլից հարցվողները առավելապես նշել են Собеседник, Аргументы и факты, Лиза պարբերականները:

Էլեկտրոնային տարբերակով ընթերցողները` հարցման 47 մասնակից, մատնանշել են հիմնականում ռուսական եւ հայաստանյան պարբերականնները:

Հեռուստաալիքներից ամենամեծ լսարանը, ըստ հարցումների, ունի «Արմենիա TV-ն»` հարցման մասնակիցների կեսից ավելին: Արցախի հանրային հեռուստատեսությունն ու HTB-ն հավասար արդյունքներով երկրորդ եւ երրորդ տեղերում են: Հարցվողներն այնուհետեւ նախապատվությունը տվել են ռուսական PTP եւ OPT հեռուստաընկերություններին:

Հատկանշական է, որ ռադիոալիքներից ամենամեծ վարկանիշն ունեն Ստեփանակերտում գործող երաժշտական-ժամանացային երեք ռադիոկայանները` «Փեյս», Новая волна, «Միքս FM»: Արցախի հանրային ռադիոյի հավատարիմ ունկնդիրները, հարցվողների մեջ, ընդամենը 5 հոգի էին, իսկ Հայաստանի հանրային ռադիոն պարբերաբար լսում էր 4 հոգի: Հարցման մասնակիցները հարցաթերթիկում նշել են նաեւ «Ամերիկայի ձայն», «Эхо Москвы» ռադիոկայանները:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4