2009-ի հոկտեմբերի 2-4-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի 5-րդ Digitec ցուցահանդեսը: Արդեն ավանդական դարձած այս միջոցառումը տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է: Ի՞նչ սպասելիքներ ունեն կազմակերպիչները ՏՀՏ այս ցուցահանդեսից: Ներկայացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը . «Մենք ակնկալում ենք, որ այս տարի 15-20 տոկոսով կավելանա ցուցահանդեսի մասնակիցների թիվը: Նախորդ տարի խնդիրներ կային ցուցահանդեսի ընտրության վայրի առումով, ինչը հանգեցրեց մասնակիցների թվի նվազման: Այս տարի կանխատեսվում է 11-12 հազար այցելու: Երկու տարի առաջ կատարված ուսումնասիրության համաձայնՙ Digitec-ի մասնակիցների մոտ 20 տոկոսը գործարար այցելուներն են, ովքեր լուծումներ են փնտրում իրենց ձեռնարկությունների համար, 45 տոկոսը ուսանողներ էին: Մասնակիցերի մոտ 50-60 տոկոսը Digitec-ում փնտրում էին մոբիլ լուծումներ: Ցավոք, այդ տարիներին մենք չունեինք մոբիլ ծառայություններ առաջարկող մասնակիցներ, այս տարի, սակայն, ակնկալվում է նրանց ներկայությունը, եւ այդ նպատակով ցուցահանդեսում ունենալու ենք առանձին մոբիլ ծառայությունների անկյուն, որտեղ համապատասխան ընկերությունները կներկայացնեն հայաստանյան շուկայում իրենց լուծումները: Եվ կարծում եմՙ դա մեծ հետաքրքրություն կառաջացնի թե՛ երիտասարդության, թե՛ գործարար շրջանակներում, քանի որ շարժական կապն այսօր բավականին լայնորեն օգտագործվում է բիզնես լուծումներ իրականացնելու համար»:
Digitec ցուցահանդեսը բավականին ընդգրկուն է եւ հագեցած բազմաբնույթ միջոցառումներով: Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս ցուցահանդեսի շրջանակներում լինելու է նորաստեղծ ձեռնարկությունների անկյուն, որտեղ, կազմակերպիչների կանխատեսումներով, ավելի քան տասն ընկերություններ կներկայացնեն իրենց լուծումները, բացի այդ, նորաստեղծ ձեռնարկությունները հնարավորություն կունենան ներդրումներ ներգրավելու եւ պատվիրատուներ գտնելու առումով:
Այսօր մի շարք ընկերություններ Հայաստանում սկսում են նոր ծառայություններ առաջարկել (մասնավորապես Ucom ընկերությունն «Էրիքսոնի» հետ համատեղ Հայաստանում ներդնում է թվային հեռուստատեսություն), եւ Digitec-ն այն հարթակն է, որտեղ այդ ընկերությունները կարող են առաջարկել ու ներկայացնել իրենց ծառայությունները:
Digitec-ին զուգահեռ կանցկացվի նաեւ համաժողով, որի ընթացքում կքննարկվեն բազմաթիվ խնդրահարույց հարցեր: Բացի այդ, կլինի գործարար ներկայացումների շարք, որի միջոցով ընկերությունները կներկայացնեն իրենց վերջին լուծումներն ու ծեռքբերումներն այս կամ այն ոլորտում, ինչը խիստ օգտակար կլինի տեխնոլոգիական մասնագետներին կիրառական առումով:
Այս տարի Digitec-ի ընթացքում կազմակերպվելու են նաեւ մի շարք վիճակախաղեր երեխաների եւ երիտասարդների համար, ինչը կխթանի երիտասարդների մասնակցությունը: Ցուցահանդեսում լինելու է նաեւ GameZone, որտեղ երիտասարդները կարող են ծանոթանալ վերջին խաղային լուծումներին, փորձարկել դրանք, մրցել միմյանց հետ:
Ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է վարչապետի բարձր հովանու ներքո, ինչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում խիստ կարեւորում են: Էլեկտրոնային կառավարման ֆորումում, որի շրջանակներում պետությունը նույնպես ներկայացնում է տարբեր ծրագրային լուծումները, եւ գործարարը կամ քաղաքացին կարող են ծանոթանալ, թե պետությունը ծրագրային կամ ինֆորմացիոն տեխնոլոգիաներով ինչ լուծումներ է կիրառում ու դրանք տրամադրում քաղաքացիներին ու բիզնեսին:
Digitec ցուցահանդեսի մուտքն անվճար է. բոլոր ցանկացողները կարող են այցելել եւ բավարարել իրենց հետաքրքրությունը: