Ինչպես նախորդ երկու տարիներին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ամառային փորձառության երեւանյան ծրագիրն այս տարի նույնպես հաջողությամբ ավարտվեց: Ծրագրի նպատակն է սփյուռքահայ երիտասարդությանն ավելի մոտիկից ծանոթացնել եւ կապել հայրենիքի հետ, նրանց ընդգրկել ազգային կյանքի եւ իրադարձությունների մեջ: Ծրագիրը շարունակական է եւ տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը:
Հունիսի 27-ից օգոստոսի 1-ը 25 երիտասարդներ հինգ երկրներից` ԱՄՆ, Կանադա, Սիրիա, Ռուսաստան եւ Իսրայել, իրենց ամառային փորձառության ծրագիրն անցկացրին Երեւանում, աշխատելով այնպիսի առաջնակարգ կազմակերպություններում ու հաստատություններում, ինչպիսիք են Երեւանի պետական բժշկական համալսարանի հիվանդանոցը, HSBC եւ «Ամերիա» բանկերը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ՄԱԿ-ը, Ազգային եւ միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունը, Կրթության զարգացման ակադեմիան, «Արմենբրոկ» ընկերությունը, ՀԱՀ հանրային առողջապահության հետազոտական կենտրոնը, ABA/CEELI եւ Տեր-Տաճատյան իրավաբանական գրասենյակները, «Կարագյոզյան» մանկական կլինիկան, թիվ 2 նյարդաբանական հիվանդանոցը, Deem Communications ընկերությունը, ՀՀ սփյուռքի նախարարությունը: Սա մշակութային հարստացման եւ փորձի փոխանակման միամսյակ էր, որի շնորհիվ մեր սփյուռքահայ երիտասարդները ակտիվորեն շփվեցին իրենց հասակակիցների հետ եւ մոտիկից զգացին հայրենի պետականության իրողությունը:
Մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց բացի, երիտասարդները մասնակցեցին նաեւ մի շարք մշակութային միջոցառումների, հետեւեցին հայերենի, հայոց պատմության եւ հայկական ժողովրդական պարերի դասընթացների: Ծրագրի ընթացքում երիտասարդներն այցելեցին նաեւ Հայաստանի պատմամշակութային կոթողներ, Արցախ, ինչպես նաեւ ծանոթացան Հայաստանում եւ Արցախում ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող ծրագրերին: Արցախում երիտասարդներին ընդունեց ԼՂ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը : Զրույց ընթացավ հայրենիք-սփյուռք հարաբերությունների ու հայ երիտասարդության դերին առնչվող հարցերի շուրջը: Հուլիսի 25-ին երիտասարդները հյուրընկալվեցին Լոռու մարզում տեղակայված ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ճամբարում, որտեղ նրանք ներկա եղան սկաուտական անմոռանալի խարույկահանդեսին: Հատուկ ծրագրի մասնակիցների համար ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը ներկայացրեց ՀԲԸՄ լայնածավալ գործունեությունը Հայաստանում` երկրի պատմության նախախորհրդային, խորհրդային ու անկախության տարիներին:
2009 թվականի ՀԲԸՄ ամառային փորձառության երեւանյան ծրագիրը հաջողությամբ վարեցին ՀԲԸՄ ԱՓԵԾ կոորդինատորներ Աննա Աղաջանյանը եւ Ալին Թովմասյանը :
Խոսելով ծրագրի մասին` ԱՄՆ-ից Աննա Աբալյանն ասաց. «Աշխատանքիս առաջին իսկ օրը բոլոր աշխատակիցները չափազանց սիրալիր էին. ես ապշեցի, երբ ինձ ասացին, որ ընկերությունը, որտեղ ես անց էի կացնելու իմ ամառային փորձառությունը, ունի խոհարար, որն ամեն օր աշխատակիցների համար ճաշ է պատրաստում: Ընդմիջմանը զարմացած էի, երբ տեսա թե որքան ընկերական են բոլոր աշխատակիցները: Նրանք այնքան բան գիտեին միմյանց մասին եւ իրոք շատ հոգատար էին միմյանց նկատմամբ: ԱՄՆ-ում իմ աշխատած ոչ մի վայրում երբեք այսքան մոտ չեմ եղել գործընկերներիս հետ: Այստեղ ինձ զգում եմ ոչ թե մի ընկերության, այլ մի ամբողջ ընտանիքի անդամ»:
«Յուրաքանչյուր ապրածդ օրից վերցրու այն ամենը, ինչ կարող ես, ազատ մտքով եւ բաց սրտով, եղիր կամեցող եւ այնքան ճկուն, որ կարողանաս ձուլվել այլ մշակույթի, որն այս դեպքում հենց քո հայրենի մշակույթն է», ասաց ծրագրի մասնակիցներից Դանիել Հարթունյանը :
Լիբանանահայ Նանոր Բալաբանյանը հետեւյալն ասաց. «Ես հասկացա ինքնավստահության, համբերատարության, ներողամտության, բարության, նվիրվածության, ընկերության, հարգանքի ու հպարտության կարեւորությունը հայկական ինքնության մեջ»: