Կան երեւույթներ, որոնց մասին միայն մտածելն առաջացնում է արհամարհանք, գարշանք: Կան երեւույթներ, որոնք արդեն արմատացած են հասարակության մեջ` թյուր տպավորություն ստեղծելով, թե դրանց դեմ անհնար է պայքարել: Իրականում ոչ թե նրանք են ուժեղ, այլ հասարակությունն է թույլ, ավելի ճիշտ` տառապում է համընդհանուր անտարբերությամբ:
Այդ նողկալի երեւույթներից մեկն էլ պատգամավորի, մեծահարուստ օլիգարխի տղա հասկացությունն է: Պարզվում է, այդ կոչման համար մշակվել են մի շարք չգրված օրենքներ, ինչպես իրենք են ասում` «սրբություններ», որոնցից են մշտապես սեւ հագուստ, պարանոցին մինչեւ կես կիլոգրամ տարողությամբ ոսկյա շղթաներ կրելը, սեւ ջիպեր վարելն ու ռաբիս կլկլոց լսելը:
Ցերեկվա ժամերին երեւույթի այլանդակություններն արտահայտվում են փողոցում` կարմիր լույսի տակով անցնելով, ամենալկտի պահվածքով (հաշվի առնելով ընթերցողների բարոյագիտական արժեքները, փորձեցինք ընտրել համեմատաբար մեղմ արտահայտություններ-Հ.Հ.): Երեկոյան էլ այս կամ այն ռեստորանում «խնջույքի մեղավոր դառնալուց», մինչեւ առավոտ «ջան ախպերով» կամ «պատրոնդաշով» շրջակա բնակիչներին զզվեցնելով ու հրավառություններ կազմակերպելով: Իսկ եթե կրքերը թեժացած են` կարելի է մի երկուսին էլ ծեծել, մեքենա ջարդել, կրակել: Երեւանի բնակիչները, ցավոք, արդեն սովորել են դրան: Կամաց-կամաց երեւույթին սկսում են «ընտելանալ» նաեւ հանրապետության մյուս քաղաքների բնակիչները:
«Պապայի փողերով մարդ դարձածների» կյանքը երեւի ոմանց համար ուշագրավ է, այլապես եթերում չէր հայտնվի «Շփացած խելագարներ» հեռուստասերիալը, որը դիտելով 12-13 տարեկան պատանիները սովորում են այլանդակությունների կիրառման վերջին տեխնոլոգիաները: Օրինակ. «Սիսթե՛ր, չգնա՞նք ուռելու», «քեզ կարգին պահի, թե չէ մյուս անգամ չեմ բերի, ցավից կոռնաս», «Պաշը կայֆավատ ըլնող տղերքից ա», «Աղչի՛, այ անբարոյական, հլը ռադդ քաշի ստուց», «Պաշի վիրուսն էլ, հակավիրուսն էլ ես եմ, այ էս աղջիկը», «Մալադեց Պաշ, քեզնից բիթի դերասան դուրս կգա. լավ էլ աղջկա ուղեղը յուղեցիր» եւ այլն:
Գլխավոր հերոսը Պաշն է: Ներողություն օտարամուտ բառ օգտագործելու համար, «Ժելեյած» մազերով, թրաշով, սեւավորված, ոսկյա իրերով մի կերպար, որի միայն ձայնից ու խոսելու տոնից ոչ միայն գլխացավ է առաջանում, այլեւ ցանկություն` կա՛մ հեռուստացույցը ջարդելու, կա՛մ էլ շտապ ալիքը փոխելու:
Ինչեւէ: Հենց այս կերպարի շուրջն էլ ծավալվում են գործողությունները: Պաշի «թայֆան», որ մատի շարժումով կանի այն, ինչ «շեֆը» կցանկանա, որովհետեւ «ստու շեֆը Պաշն է», հարբեցող ու թմրամոլ քույրեր, որ առիթը բաց չեն թողնում միմյանց վիրավորելու, երբեմն նաեւ սաունաներում միմյանց ծեծելու, մի աղջիկ, որին Պաշն արդեն ճանկել է, մի երկուսն էլ կանգնել են հերթի` «արքայազն» Պաշի ուշադրությանն արժանանալու համար: Մի խոսքով, կատարյալ այլանդակություն, որ երեկոյան ժամերին ծավալվում է «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: Զարմանալին այն է, որ սերիալի սցենարի հեղինակները այլ հաղորդումների ժամանակ ներկայացնում են խոսքի կուլտուրայի ողջ փայլը, օգտագործում հանրագիտարանային բառեր ու քննադատում, որ երիտասարդները գրական հայերենով չեն խոսում: Մինչդեռ իրենք ամեն ինչ անում են փողոցային կերպարներին կուռք եւ երիտասարդ սերնդին բարոյազուրկ դարձնելու: Կարծիք կա, որ հեռուստասերիալը, բացի հովանավորների հսկայական բանակից, ունի աջակիցներ` ի դեմս մի շարք պատգամավորների, որոնք տրամադրում են տարածք, մեքենաներ, որպեսզի իրենց երեխաների առօրյան հայտնվի էկրանին: Թեպետ, ըստ շրջանառվող լուրերի, օլիգարխ պատգամավորները մի քանիսն են, վստահաբար կարող ենք ասել, որ Պաշը արտացոլում է տեղական քիչ թե շատ փող ունեցող չինովնիկի երեխաների կյանքը: Դրան ականատես ենք դառնում ամեն օր:
Սակայն չմտածեք, որ «Շփացած խելագարներ» սերիալը միայն բացասական կողմեր ունի: Արձանագրենք նաեւ դրականը: Օրինակ, թատրոնի եւ կինոյի համալսարանի ուսանողները կարող են դիտել այդ սերիալն ու «դերասանների վարպետությունից» հասկանալ, թե ինչ է նշանակում վատ կինո եւ վատ դերասանական խաղ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ