«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2009-07-31 | #144, 2009-08-01 | #145, 2009-08-18


ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է

«Արարատն» անդրանիկ հաղթանակը տոնեց

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 18-րդ տուրում կենտրոնականը «Բանանցի» եւ «Միկայի» մրցավեճն էր, որում հաղթանակի արժեքը շատ բարձր էր: Չեմպիոնի կոչման համար պայքարող «Միկան» այս անգամ իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Իսկ ահա «Բանանցն» աչքի ընկավ կամային բարձր հատկանիշներով եւ արժանի հաղթանակ տոնեց:

Այդ խաղում հաշիվը բացեցին «Միկայի» ֆուտբոլիստները, թեեւ առաջինը կարող էր հաջողության հասնել «Բանանցը»: Սամվել Մելքոնյանը մեն մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, չկարողացավ գրավել դարպասը: Հետեւեց «Միկայի» հակագրոհը եւ Բոտի Դեմելը հմտորեն գնդակը դարպասապահի գլխավերեւով ուղարկեց դարպասը: Բաց թողած գոլը չընկճեց «Բանանցի» ֆուտբոլիստներին: Դեռեւս առաջին խաղակեսում Նորայր Գյոզալյանը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ ընդմիջումից հետո Սամվել Մելքոնյանը խփեց հաղթական գնդակըՙ 2-1:

Թիմերի մարզիչների կարծիքը խաղի մասին այսպիսին էր:

  Սամվել Դարբինյան («Միկա») - Շնորհավորում եմ «Բանանցին», որի հաղթանակը տրամաբանական էր: Թիմը լավ աշխատեց ողջ հանդիպման ժամանակ, շատ կազմակերպված խաղաց: «Բանանցի» ֆուտբոլիստների մոտ այսօր հաղթանակի ձգտումը շատ ավելի մեծ էր, քան մեր խաղացողներինը: Երեւի թե նախորդ երկու հանդիպումներում տարած խոշոր հաշվով երկու հաղթանակները չափից դուրս ինքնավստահ էին դարձրել մեր ֆուտբոլիստներին, որոնք չկարողացան իրենց լավագույն ձեւով դրսեւորել:

Մեր ձախ եզրը շատ պասիվ էր թե պաշտպանությունում, թե հարձակման գծում, ուստի ընդմիջմանը փոխարինեցի Աղվան Մկրտչյանին ու Արա Հակոբյանին: Աղվանը հավաքականում խաղալուց հետո հոգնած էր, իսկ Արան չկարողացավ առջեւի գծում համագործակցել խաղընկերների հետ:

  Արմեն Գյուլբուդաղյանց («Բանանց») - Շատ դժվար խաղ ստացվեց: Խաղասկզբում Սամվել Մելքոնյանը պարտավոր էր գրավել մրցակցի դարպասը, փոխարենը մենք գոլ բաց թողեցինք ու ավելի դժվարացրինք մեր խնդիրը: Սակայն ի պատիվ տղաների, այսօր իրենց լավ դրսեւորեցին: Օրինակ, Սամվել Մելքոնյանը, որին անկայուն ելույթների պատճառով հավաքական չէին հրավիրել, այսօր իր լավագույն խաղերից մեկն անցկացրեց, թեեւ գոլային մի քանի պահեր չիրացրեց: Արսեն Բալաբեկյանն ու Արամ Բարեղամյանը վնասվածքներից հետո դեռեւս 60 տոկոսով են դրսեւորում իրենց հնարավորությունները, սակայն նրանց ցանկությունն էլ մյուս տղաների նման այսօր շատ մեծ էր: Իրոք տղաները մեծ նվիրվածությամբ խաղացին, հաղթանակի մեծ վճռականություն դրսեւորեցին: Այսօրվա խաղը մեզ համար շատ կարեւոր էր: Պարտվելու դեպքում կզրկվեինք մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունից:

Անհաջողության մատնվեց նաեւ երկրի չեմպիոն «Փյունիկը», որն Աբովյանում հյուրընկալվել էր «Արարատին»: Վերջինս հուլիսի 7-ին «Փյունիկի» հետ խաղում իր առաջին միավորն էր վաստակել առաջնությունումՙ խաղն ավարտելով ոչ-ոքի (0-0): Աբովյանում արարատցիներն իրենց հիանալի դրսեւորեցին ու վերջապես ուրախացրին երկրպագուներինՙ տոնելով անդրանիկ հաղթանակը: Թիմին հաղթանակ պարգեւեց 75-րդ րոպեին Գեւորգ Նռանյանի խփած միակ գոլը: «Փյունիկն» առաջնությունում անդրանիկ պարտությունը կրեց, ինչը հնարավորություն տվեց «Միկային» պահպանելու առաջատարի դիրքը: Ճիշտ է, «Փյունիկը» մեկ խաղ պակաս է անցկացրել: Օգոստոսի 19-ին փյունիկցիները «Հանրապետականում» կհյուրընկալեն «Բանանցին»:

Առաջատարների «սայթաքումը» հնարավորություն ընձեռեց «Ուլիսին» կրճատել միավորների տարբերությունն ու ընդհուպ մոտենալ նրանց: Դա հնարավոր եղավ «Շիրակի» նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ: «Ուլիսը» զգալի առավելություն ուներ, սակայն միայն մեկ անգամ Արթուր Քոչարյանի հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում: Քոչարյանն Արտյոմ Ադամյանի հետ 13 գնդակով դարձավ «Ուլիսի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն:

«Արարատի» հաղթանակի շնորհիվ զգալիորեն սրվեց պայքարն աղյուսակի ստորին հորիզոնականում, որտեղ «Կիլիկիան» հերթական պարտությունը կրեցՙ սեփական հարկի տակ զիջելով «Գանձասարին»: Հյուրերի հաղթանակն ապահովեց Վահե Դավթյանի խփած միակ գնդակը:

Մրցաշարային աղյուսակ

ԽՀՈՊԳՄ
1. Միկա18122440-2038
2. Փյունիկ17115132-838
3. Ուլիս18113430-1236
4. Բանանց17101627-1831
5. Գանձասար1882815-2426
6. Շիրակ1836915-3615
7. Կիլիկիա18321313-2911
8. Արարատ1813148-336

Ռմբարկուները

Հենրիխ Մխիթարյան«Փյունիկ»11
Արամ Ոսկանյան«Միկա»10
Բոտի Դեմել«Միկա»10
Արթուր Քոչարյան«Ուլիս»10
Արտյոմ Ադամյան«Ուլիս»8
Արա Հակոբյան«Միկա»7
Անդրանիկ Բարիկյան«Շիրակ»7

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4