«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2009-08-18 | #146, 2009-08-19 | #147, 2009-08-20


ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՆՔ ԱՆԳԱՄ ՍԱՏԿԱԾ ԳՈՄԵՇԻ ՄԻՍ

Հանուն 10 տոկոս ավելի շահութաբերության

Այս փաստերի մասին երեկ հայտարարվեց կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակՙ արձանագրելով, որ մսամթերք ներմուծող հայկական 15 կազմակերպությունների համար բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե ինչ ազդեցություն կունենա նրանց ներկրած միսը մեր բոլորի առողջության վրա:

Բացելով խորհրդակցությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ Հնդկաստանից ներմուծվող մսի որակի ուսումնասիրության նպատակով երկու անգամ այդ երկիր է մեկնել մեր մասնագետների պատվիրակությունը: Պատվիրակության անդամներն այն եզրակացությանն են եկել, որ հիմնականում երշիկեղենի մեջ օգտագործվող հնդկական գոմեշի միսը կարող է լինել անորակ: Վարչապետը հայտնեց, որ այդ ռիսկը նկատի ունենալով, շատ երկրներ եւ մասնավորապես Եվրոմիությունը արգելում են հնդկական մսի ներմուծումը: Ուստի Տիգրան Սարգսյանը նշեց, որ պետք է թույլատրվի Հայաստան ներմուծել միայն կառավարման եւ որակի միջազգային սերտիֆիկատ ունեցող կազմակերպությունների արտադրած մսամթերքը: Միաժամանակ, վարչապետն ընդգծեց, որ մեր ներմուծողները դիմում են զեղծարարության, որը բացահայտել է պետեկամուտների կոմիտեն: Նրանք շարունակում են ներմուծել նույն անորակ միսը, որի մեջ շատ հաճախ լինում է նաեւ սատկած եւ սառեցրած գոմեշի միս, եւ նրա վրա նշում սերտիֆիկատ ունեցող կազմակերպությունների անվանումը: Տիգրան Սարգսյանը փաստեց, որ այդ միսը, էժան լինելով, ոչ միայն վնասում է մեր առողջությանը, այլեւ Հայաստանում անասնաբուծության զարգացմանը: Միաժամանակ, վարչապետը հավանական համարեց երշիկեղենի գների շուրջ 30 տոկոսով բարձրացումը, եթե անմիջապես արգելվի մսի ներմուծումը: Խոսքը տարեկան 15 հազար տոննա ներմուծվող մսի մասին է:

Հնդկաստան կատարած այցելության եւ տեղում ուսումնասիրությունների վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Աշոտ Վահանյանը : Նա տեղեկացրեց, որ Հնդկաստանում իրենց է տրամադրվել 17 կազմակերպությունների ցանկ, որոնք ունեն վերոնշյալ սերտիֆիկատները: Սակայն այս տարի Հայաստան ներմուծված մոտ 6 հազար տոննա մսի միայն 21 տոկոսն է այդ կազմակերպություններից գնվածը: Բանն այն է, որ ավելի էժան եւ անորակ մսի 1 տոննան 150-300 դոլար ավելի էժան է: Այդ միսն արտադրվում է հետնախորշերում, եւ ինչպես ներկայացված տեսաֆիլմից երեւաց, այդ արտադրամասերում անգամ ագռավներ էին թռչում: Սերտիֆիկատ ունեցող 17 ընկերություններից ոմանք իրենց արտադրանքը պատվիրում են հենց այդպիսի արտադրամասերից: Նրանցից շատերը հրաժարվեցին հայկական պատվիրակությանը ներկայացնել իրենց արտադրությունը: Միայն 4 ընկերություններ, որոնք արտադրում են Հնդկաստանում թողարկվող մսի 85 տոկոսը, առաջարկեցին մեր մասնագետներին լինել տեղում եւ ծանոթանալ արտադրության ողջ գործընացին: Այս ընկերություններում, Աշոտ Վահանյանի հավաստմամբ, արտադրական գործընթացը ավտոմատացված էր, հիգիենիկ պայմանները պահանջվող մակարդակի էին, ունենին սեփական սպանդանոցներ եւ համապատասխանում էին պահանջվող մյուս բոլոր չափանիշներին:

«Փաստորեն, մեր գործարարները մսաթմերքը գնում են ոչ թե ամբողջ մսի 85 տոկոս արտադրող այլ ձեռնարկություններից, այլ 15 տոկոս կազմող անորակներից», ասաց վարչապետը, ավելացնելով, որ ներմուծող 15 հայկական կազմակերպություներին պետք է հայտնել, որ այդ ձեռնարկություններից միս ներմուծելու դեպքում լուրջ խնդիրներ կունենան:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն առաջարկեց նաեւ, որ մեր մասնագետները տեղում ստուգեն Հայաստան առաքվող մսի որակը: Աշոտ Վահանյանը հայտնեց, որ Վրաստանն այդպես է վարվում, եւ որ երկրի մասնագետը ներկա է լինում ամբողջ գործընթացին ու հաստատում Վրաստան առաքվող մսի որակը: Դա էլ ստուգվում է երկրի սահմանին:

Ամփոփելովՙ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ բացառությամբ 4 կազմակերպությունների, արգելվելու է հնդկական այլ կազմակերպություններից մսի ներմուծումը Հայաստան: Եթե այլ կազմակերպություններ կցանկանան միանալ այդ ցանկին, ապա պետք է ներկայացնեն իրենց արտադրության գործընթացը հայ մասնագետներին: Վարչապետն անհրաժեշտ համարեց, որ պարբերաբար անսպասելի այցելություններ եւ տեղում Հայաստան առաքվող մսի որակի ստուգումներ կատարվեն նաեւ վերոնշյալ 4 ձեռնարկություններում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4