«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2009-08-19 | #147, 2009-08-20 | #148, 2009-08-21


ԿԱ ՆԱԵՎ ԱՅՍՊԻՍԻ ԵՐԵՎԱՆ

Վարչապետի առաջարկին ականջալուր` մնացի Երեւանում, չհարստացնելու համար արտերկրյա կուրորտները, բայց եւ մեր` թանկուկրակ օլիգարխանոցներին չէի կարող ձեռք մեկնել. ինձ մնաց մի քանի երեկո Երեւանում շրջելը, ինչը սովորաբար, զբաղված լինելու պատճառով չենք անում ոչ միայն մենք` հասարակ լրագրողներս, այլեւ մեր «գերզբաղված» պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, վերջիններս հատկապես եւ մասնավորապես: Հայտնաբերեցի մի այնպիսի Երեւան, որի մասին, վստահ եմ, իրենց մեքենաներից դուրս ոտք չդրած մեր կառավարողները պարզապես չգիտեն: Պեղածս տեղեկատվությունն ուղղում եմ նրանց` որպես անգին եւ ուրիշ ոչ մեկից չստանալիք տեղեկույթ:


Ամառային Երեւանը տժժում է ոչ միայն արեւից, այլեւ իրեն տիրող եւ իր տարածքի յուրաքանչյուր կտորից հաց, ապրուստ, շնչելու օդ եւ խմելու ջուր քամող մարդկանցից, ու նկատել է պետքՙ ամեն օր Երեւանում նույն ժամին, նույն տեղում են Երեւանի անհրաժեշտ աքսեսուարները դարձած մարդիկ` ոստիկաններ, առեւտրականներ, մուրացկաններ, կորուսյալ հանճարներ ու հանճարեղ հարբեցողներ: «Տաշի՛ր», առաջարկում է Երեւանի կենտրոնում հպարտորեն կանգնած մի սուպերմարկետ: Ի՞նչ տաշես, ո՞ւմ եւ ինչո՞ւ: Երեւի, այնուամենայնիվ, տնտեսական ճգնաժամի ջգրու, շինարարներին է առաջարկում` շարունակել քար տաշելՙ տնտեսական աճի անհրաժեշտ նիշն ապահովելու համար: Թեեւ մութն ընկնելուց հետո «շ» տառը չի երեւում, ու գրվածքի գիշերային տարբերակը այդ մասի գիշերային թիթեռնիկներին անգրագետ սուտենյորների նման տառասխալով եւ խնդրողական ժամանակով` առաջարկում է` «Տաիր»... գուցե...

Տիգրան Մեծի պողոտայի` Սուրմալու շուկային նայող կամրջին հարակից մի սիրուն լիճ կար. էլ չկա, բայց մեկը երեւակայել է, որ ինչու ոչ, հարեւան «Միկա» լցակայանի բենզինն էլ հեղուկ է եւ լիճ կարող է գոյացնել (փողի՛), ու այդպես երեւակայելով էլ շինել է հացատուն... «Լճափ». լճի տեղը մաս-մաս կերել են ու շարունակում են ուտել: Դե, ազգս հիշողություններով է ապրում` լիճ չկա, լճափ կա, ծով չկա` «Կիլիկիա» նավ ունենք, Սեւանինը թերակղզի ենք դարձրել, բայց էլի ասում ենք կղզի, եւ այդպես շարունակ:

Մեր ոստիկանները, հատկապես «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ Հանրապետության հրապարակ ու հակառակ ուղղությամբ` կայարան, շրջում են չորս-չորս, «դուբինկեքը» ձեռքերին, ու մենք մեզ ապահով-ապահո՜վ ենք զգում, քանի որ փողոցում եւ ոչ թե ուրիշ տեղ են հանցագործները, միմյանց վրա կրակողները եւ այլք, հենց փողոցում, ոտքով շրջողների մեջ եւ ոչ թե, ասենք, նորաձեւ շքեղ ռեստորաններում ու մոթելներում քեֆ անողների մեջ. դե, հասարակ մարդկանց մեջ ծվարած հանցագործներն ամենաձեռնտու հանցագործներն են` ոչ կարող են դիմադրել, ոչ զանգել տալ` օրենքի ականջը ոլորելու: Հատկապես հարբած մենակ մարդիկ ու շլմորած տղաները` մի երկու գոռաս վրեքը ու մի ծպտունով պատասխան որ ստանաս` իսկական բաժին տանելու բան են, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու հոդվածի սպառնալիքը կա ու կա, իսկի եթե ուրիշ բան չլինի (չվիճեք` հարբեցողի հետ բերան թրջող եւ նրանց աքլորանալու դրդող ոստիկաններին երկու անգամ միայն ես եմ կարգի հրավիրել, ու իմ միջամտությունից հետո են սույն հարբեցողներին խանդաղատանքով տուն ուղարկել եւ ոչ թե գործից գործ դուրս բերելու մտադրությամբ բաժին տարել): Հա, Մոսկվային տվինք-անցանք, հարբեցողներն այլեւս Երեւանի կենտրոնի անհրաժեշտ բաղկացուցիչներն են: Նրանք ամեն օր նույն բուտիկներից պարտքով կամ մի տեղից ճարած փողով վրա-վրա խմում են իրենց 5-6 բաժակը եւ անմիջապես էլ քարվան կտրողի տեսք ընդունելովՙ ամեն օր իրենց տաղանդ ու միակ ճշմարտացի, իսկ ողջ աշխարհն անարդար, կեղտոտ սահմանելովՙ ընկնում են Երեւանի ջանին, պառկում ամենաաչքի ընկնող տեղերում, կպչում անցորդներին` հավերժ իրենց ճիշտն ապացուցելու զառանցանքներով: Հարբեցողության դեմ որոշումներ ընդունող Պուտինի ականջը կանչի: Մի սերունդ հետո հայ հարբեցողների տոկոսը երկրաչափական պրոգրեսիայով մեծ տարբերություն կգրանցի այսօրվանների վրա, քանի որ այսօրվանների սերունդներն են նրանք լինելու, իսկ ամերիկացի գիտնականներն արդեն ապացուցում են հարբեցողության ու ժառանգականության կապը:

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ վարդագույն շալվարով ու սեւ երեսով մի կին «կուստարնի» օրացույց-տիրամայր է առաջարկում` նվեր տվողի նման, երբ ստիպված վերցնում ես, անմիջապես վրա է տալիս` 100 դրամ. մի մասը հետ է վերադարձնում օրացույցը, բայց շատերն էլ դժգոհ դեմքով սկսում են քրքրել դրամապանակները: Կինն ասում է` եկեղեցին է տալիս վաճառելու դրանք, սակայն Տիրամոր օտարամուտ եւ անճաշակ պատկերն այլ բան է ասում` մեր եկեղեցու անունից ինչ-որ աղանդ է փող սարքում: Մի քիչ այն կողմ` հայկական «դիսնեյ-լենդում» նույն կերպ են վարվում «տելեպուզիկի» հագուստով զվարճարարները` գունագեղ մի փուչիկ են առաջարկում հատկապես աղքատ հագուստով երեխաներին, երեխան ուրախացած ժպտում է նվերից, իսկ հետո մայրը խլում եւ հետ է վերադարձնում փուչիկը, քանի որ զվարճարարն այդ ընթացքում մոտենում է նրան եւ 200 դրամ պահանջում փուչիկի համար: «Այրարատ» կինոթատրոնի շրջակայքում ամեն օր նույն մարդիկ արեւի տակ իրենց տեղը գրաված կազմ-պատրաստ են` միոտանի մուրացկանը նստած է գետնուղու մոտ, սայլակով հաշմանդամին ամեն առավոտ աշխատանքի բերելու նման այստեղ է գլորում նրա հայրը եւ ուշ երեկոյան տուն տանում` օրվա վաստակածով, մի երիտասարդ կին երեխայի հետ ամեն օր նստում է գետնին` կշեռքը դիմացը` «Կշռվե՛ք», խնդրում է, մի ուրիշ կին մետրոյի աստիճաններին նստած` իր 4-5 տարեկան պստլիկին սովորեցնում էՙ ո՞ր «ձյաձյայից» կամ «ծյոծյայից» փող ուզի, որ շատ տան, ավելի վերեւ մեջքից երկտակ ծալված կինն է ծառին հենվում` ձեռքն առաջ պարզած:

Հայր ու աղջիկ` 40 եւ 20 տարեկան, ամեն օր ուսապարկերն ուսերին քրքրում են «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ կայարան երկու մայթերի բոլոր աղբամանները եւ պիտանի աղբ են փնտրում` ուռեցնելով իրենց պայուսակները: Աղջկա վզին մի հուզիչ-բարալիկ ոսկե շղթա կա` բոմժերի մեջ բարեկեցիկներից են երեւի, ու կեղտոտ ջինսն էլ այնքան հին չէ: Երկուսն էլ շատ նիհար, անգամ համակրելի, բայց գլուխներն առանց զզվելու խոթում են աղբի տոպրակների ու աղբամանների մեջ: Ամեն աղբաման ունի իր քրքրողները, դրանք վաղուց բաժանված են իրար մեջ, «սեփականաշնորհված»: Բոլոր կանգառների բոլոր նստարաններին գիշերվա 10-ից հետո անտուններ են քնում: Մեր ոստիկանները, որ ամեն պահ խմբերով շրջում են վերը նշածս հատվածով, լավ գիտեն ամեն փուչիկ ու օրացույց ծախողի տեղը, ներկած մազերով «մեջքքորիչ» առաջարկող տղամարդուն, ամեն անտունի եւ հարբեցողի, ծեր եւ ցավող ոտքերով միրգ ծախող քրդուհուն, երթուղային տաքսիներից իր բաժին «հարկը» վերցնող միաչքանի, զինվորական հնամաշ հագուստներն այցեքարտ դարձրած տղամարդուն, ու երբեմն կարելի է կարծել, որ դրանք ամեն օր իրենց սովորական տեղում կանգնելով` մի այլ, կարեւոր պարտականությունն էլ են կատարում, քանի որ նրանց գոյությունն ամենեւին էլ չի նեղում մեր ոստիկաններին: Այո՛, ճիշտ հասկացաք: Բայց նաեւ բոլոր այդ մարդիկ իրենց գոյությունը պահպանելու այլ ձեւ չգիտեն` դատապարտենք նրանց, թե ոչ, վատ սովորույթն ու համակերպումն այս կեցությանը նրանց կյանքի միակ ձեւն է արդեն:

Նույն կերպ ամեն օր «Կոնվերս» բանկի կողքին, հենց հրապարակում գիշերային թիթեռնիկները մեքենաներից իջած տղամարդկանց հետ սակարկում են իրենց գնի վերաբերյալ, նստում հենց իրենց սպասարկող կրկնակի արժեցող տաքսիները ու... հայդե, ոստիկանները նրանց կպնելու կամ հրաման չունեն, կամ էլ իրար տալու-առնելու բան ունեն:

Եհովականներն օրը ցերեկով քրքրում են մոտիկ այգիները, նաեւ «Վերնիսաժի» հատվածը, նրանք էլ զույգ-զույգ, երեք-երեք են: Այնքան են երես առել, որ օրը ցերեկով եւ ամեն մեկին են դարպասում, թե` մեր աստված Եհովան, աշխարհի վերջը, արմագեդոնը, թողությունը, եթե մեզ չլսեք ու եհովական չդառնաք` չեք փրկվելու, որպես ապացույց դեմ են տալիս խմբագրված «եհովական սուրբ գիրքը», որտեղ շատ տեղերում ընդգծված է Եհովա բառը` Աստված բառի փոխարեն, ու մի պրիմիտիվ-անկիրթ-անպարագիծ քարոզ են սկսում, որը կանգնեցնելու միակ ձեւը նրանց գրողի ծոցն ուղարկելն է: Մեծ մասամբ տարեց կանայք են, ու քանի որ ամենօրյա իմ ճանապարհը «Վերնիսաժի» հատվածով է, նույնիսկ նրանց մեկ-մեկ դեմքով ճանաչում եմ. ամեն օր եւ, իհարկե, ոչ առանց նյութական խրախուսման նրանք աշխատանքի են գալիս այգիներ, թարմ ականջ գտնում եւ սկսում իրենց նեյնիմը, անգամ սկսել են քաղաքական քարոզներ անել, թե աշխարհի կառավարությունները մեղքի մեջ են ու հատկապես մեր կառավարությունն է մեղքի մեջ: Թողնում ենք` ցորենի դաշտում ամեն օր ավելանա եւ ավելանա այս որոմը:

Ամեն-ամեն տեսակ մարդ կա երեւանյան այս կտորում` դեռահաս ու դեռեւս ամաչկոտ թիթեռնիկներ, մանկատներից ամառային հանգիստը փողոցում անցկացնող նորելուկ խուժանիկներ, օրվա ապրուստը գրպանահատությամբ հոգացողներ, փուչիկ ու քաղցր բամբակ ծախող ծերեր, ով ասես. «Այրարատ» կինոթատրոնի հարակից տարածքների ժխորում կգտնես մեր աղքատության, մեր մեղքերի, մեր թուլությունների ողջ համայնապատկերը ու այստեղ ոչինչ անել չես կարող. այստեղ մեր հասարակության բոլոր արատների, թերությունների, անհաջողությունների եւ աղքատության արտածումն է պարզապես:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4