«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2009-08-20 | #148, 2009-08-21 | #149, 2009-08-22


ԶՈՒՍՊ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Հավանաբար Անկարան հույսեր է փայփայում, որ նա կվերանայի Թուրքիա չմեկնելու որոշումը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Հուլիսի 28-ին Սերբիայի նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը թեեւ ֆուտբոլային պատասխան հանդիպման համար հրավեր ստացել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլից, սակայն պատասխան այցի համար անհրաժեշտ է համապատասխան միջավայր ապահովել, ավելացնելով. «Ես կընդունեմ հրավերը միայն ձեռքբերված պարտավորվածությունների կատարման դեպքում, այսինքնՙ Թուրքիա կմեկնեմ, եթե ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման շեմին»:

Հաջորդ օրն արձագանքելով նախագահ Սարգսյանի հայտարարությանըՙ թուրքական մամուլը դա որակեց Թուրքիային վերջնագիր ներկայացնելու դրսեւորում, իսկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդգծեց, որ Հայաստանի նախագահը սահմանի բացումը դիտարկում է ֆուտբոլային պատասխան խաղի համար Թուրքիա ժամանելու նախապայման:

Թուքիայում ՀՀ նախագահի հայտարարությունը այլ արձագանքներ գրեթե չունեցավ: Եղածներն էլ չափազանց զուսպ էին: Ըստ երեւույթին թուրքական իշխանությունները դեռեւս հույսեր են փայփայում, որ նախագահ Սարգսյանը կվերանայի Թուրքիա չմեկնելու որոշումը: Այդ իսկ պատճառով էլ երկրում ավելորդ շահարկումների տեղիք չտալու, ինչպես նաեւ անախորժ աղմուկից խուսափելու համար աշխատում են նոր արձագանքների առիթ չտալ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեր երկրում ե՛ւ շահարկումների տեղիք է տվել, ե՛ւ պատճառ է հանդիսացել, որ աննախադեպ աշխուժանան ինչպես հայտարարության, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների հարցի վերարծարծումները: Տրամաբանական է, որ ՀՀ նախագահի հուլիսի 28-ի հայտարարությանն արձագանքող թուրքական մամուլը պետք է անդրադառնար դրա հայաստանյան արձագանքներին, շեշտը դնելով հատկապես շահարկումների վրա:

Թուրքական մամուլի ուշադրությունից չէր վրիպել նաեւ օգոստոսի 19-ին «Ուրբաթ» ակումբում տողերիս հեղինակի մամուլի ասուլիսը, որը «Ջումհուրիեթ» թերթն ու Նյու Յորքի Turkishny.com կայքէջն օգոստոսի 20-ին ներկայացրել են «Պատասխան հանդիպման համար Սարգսյանը պետք է մեկնի Թուրքիա» վերնագրերով:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության հայաստանյան արձագանքներին թուրքական մամուլի անդրադարձը կատարվել է առանց մեկնաբանության եւ անախորժ աղմուկի առիթ չտալու այդ նույն մղումով: Քանի որ ՀՀ նախագահի հայտարարության հայաստանյան շահարկումներն արտահայտվեցին Սերժ Սարգսյանին հասցեագրված մեղադրանքներով, ուստի անդրադառնալով դրանց «Հայաստանի ընդդիմությունը մեղադրում է» եւ «Թուրքիայի առնչությամբ խստագույն քննադատություն Սարգսյանին» վերնագրերով, թուրքական լրատվամիջոցները փորձել են ապահովել անդրադարձի հավասարակշռությունը:

Մեղադրանքի հասցեագրման պարագայում խնդրո առարկան Տեր-Պետրոսյանն է, որի հայտարարությունն օգոստոսի 19-ին կայքէջում հետեւյալ տողերով էր ներկայացրել Թուրքական հանրային հեռուստատեսությունը. «Հայաստանի նախկին նախագահ եւ Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ազգային շահերին հակադիր գործելու մեջ մեղադրեց նախագահ Սարգսյանին: Ըստ Arm-Today գործակալությանՙ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը միաժամանակ ասաց, որ նախագահ Սարգսյանն ու կառավարությունը ծախել են Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանի հավաստմամբ, Ղարաբաղը ձեռքից բաց չթողնելու միակ ճանապարհը Հայաստանի ներկա վարչակարգի հեռացումն է իշխանությունից»:

Անդրադարձի առումով Թուրքական հանրային հեռուստատեսությանը հաջորդ օրըՙ օգոստոսի 20-ին, լրացրել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Ջումհուրիեթ» թերթը, հիմք ընդունելով Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն «Ազատություն» ռադիոկայանին: Ահա թե ինչ է գրել թուրքական այս թերթը. «Արմատական ընդդիմությանՙ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը շարունակելու նպատակով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերին երկու երկրների ազգային հավաքականներիՙ Բուրսայում նշանակված խաղը դիտելու համար Թուրքիա մեկնելը հազիվ թե հարաբերությունների նորմալացման առումով փոխի իրերի դրությունը: Զուրաբյանը նշելով, որ Սերժ Սարգսյանն «անուղղելի» սխալներ է գործել Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականության մեջ, ասաց. «Թուրքիա գնալ կամ չգնալը չեն ուղղի այս սխալները»: Ի դեպ, «Ազատությունը» նշեց, որ Թուրքիայի նկատմամբ Սարգսյանի որդեգրած քաղաքականությունը «ձախողված» որակելու Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության այլ ներկայացուցիչների դրսեւորումներին հակառակ, Արեւմուտքում շատերը դա դրական են գնահատում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4