Մինչ «Ազգ» թերթի կոլեկտիվը արձակուրդային տվայտանքների մեջ էր, Ռուսաստանի քաղաքական կյանքում արձանագրվեց մի իրադարձություն, որն ինչ-որ տեղ համարվեց ուղենշային. նշվեց երկրի բարձրագույն իշխանական կառույցում Վլադիմիր Պուտինի գտնվելու տասը տարին` ութըՙ որպես նախագահ, եւ երկուսըՙ որպես վարչապետ: Բնականաբար, ռուսաստանյան եւ համաշխարհային լրատվամիջոցներում բազմաթիվ նյութեր հրապարակվեցին «պուտինիզմի» էության, նրա անցյալի ու ներկայի, հեռանկարների վերաբերյալ: Կարծիքները տարաբնույթ էին, երբեմն նույնիսկ իրարամերժ, ինչը բացատրելի է:
Ինչո՞վ է Պուտինը մտել Ռուսաստանի պատմության մեջ եւ ի՞նչ շանսեր ունի նա իր հետագա քաղաքական կարիերայում: Առաջին հերթին նրա խոշորագույն ծառայությունն է համարվում լայն շոշափուկները տարածած անջատողականության ջախջախումը եւ, ըստ էության, ռուսաց պետության մասնատման կանխումը: Ռուս նացիոնալիստների կարծիքով, շահելով երկրորդ չեչենական պատերազմը, նա ազգային պետականությանը հաղորդեց կայսերապետական բնույթ:
Ստանձնելով գահըՙ Պուտինը ժառանգեց օլիգարխիական կապիտալիզմի մի համակարգ, որտեղ քաղաքական ու տնտեսական առանցքային հարցերում իրենց կամքն էին թելադրում մի խումբ մեծահարուստներ, հիմնականում` հրեաներ: Վերջիններիս ձեռքում էին կենտրոնացված նաեւ առաջատար հեռուստաալիքները եւ առավել ազդեցիկ թերթերը: Պուտինը սանձահարեց նրանց: Ովքեր չենթարկվեցին` սնանկացան, արտաքսվեցին ու նույնիսկ հայտնվեցին «հեռավոր» վայրերում:
Որպես շրջահայաց անձ, Պուտինը չէր կարող չնկատել լիբերալ շատ հայացքների քայքայիչ ու այլասերիչ ազդեցությունը Ռուսաստանի պես խայտաբղետ ու լայնածավալ տերության վրա: Հրաժարվելով դրանցիցՙ նա ստեղծեց սեփական կենտրոնաձիգ իշխանությունըՙ մասամբ վերականգնելով նաեւ պետության կարգավորիչ ու վերահսկիչ դերը:
Պուտինը վերացրեց նաեւ Ռուսաստանի ներքին կառավարման վրա արտաքին ներգործության ազդեցությունը, երբ, ասենք, ամերիկացիներն էին պարտադրում այս կամ այն նախարարի թեկնածությունը: Նա նորացրեց բանակը, ռազմարդյունաբերական համալիրը, բարձրացրեց ռուսական պետության միջազգային դերն ու քաշը համաշխարհային գործերում:
Անշուշտ, «հոբելյանական» օրերին Պուտինի հասցեին չհնչեցին սոսկ գովաբանական ներբողներ: Նրա գործունեության մեծագույն բացը համարվեց այն, որ այդպես էլ արդյունավետորեն չօգտագործվեցին բազմամիլիարդանոց նավթադոլարները: Չարդիականացվեց էկոնոմիկան, որն այդպես էլ մնաց անմրցունակ արեւմտյան երկրների հանդեպ: Չհաղթահարվեց կոռուպցիան: Սրվեցին հարաբերությունները ԱՊՀ որոշ երկրների հետ եւ այլն:
Ռուսաստանում շատերը չներեցին Պուտինին, որ նա չգնաց նախագահական երրորդ ժամկետին, ստեղծեց երկիշխանություն, ինչը, որոշ փորձագետների կարծիքով, խանգարում է երկրի զարգացմանը: Երկյակի առկայությունը, անտարակույս, բնորոշ չէ Ռուսաստանի միապետական պատմությանը: Սակայն, ըստ էության, այն իրո՞ք «երկգլխանի» է: Համենայն դեպս, քաղաքական մասնագետների մեծ մասի կարծիքով, Պուտինն իր ձեռքին է պահում իշխանության լծակները որպես գործադիր մարմնի ղեկավար եւ որպես կառավարող կուսակցության (պառլամենտի) լիդեր:
Այս կապակցությամբ ուշադրություն է հրավիրվում նորընծա հրապարակային մի երեւույթի վրա: Հավանաբար Հայաստանում էլ նկատած կլինեն, որ վերջին շրջանում վարչապետ Վլադիմիր Պուտինը չի իջնում հեռուստաէկրանից, ընդ որում, ոչ միայն իր ներռուսական պաշտոնական ուղեւորություններով, այլեւ արտաքնապես բավականին տպավորիչ, երբեմն նույնիսկ էկզոտիկ իրավիճակներում: Ահա նա գալիս է պիտերամերձ Պիկալյովո «սուրբ» առաքելությամբ` հանգստացնելու գործազրկությունից ծայրահեղ հուսահատության գիրկն ընկած բանվորներին: Չինաստանին սահմանամերձ ուսուրիական տայգայում խորհրանշաբար «սանձում է» վագրին: Օխոտյան ծովում գրկում է կետաձկանը: Ծովախցասարքով սուզվում է Բայկալի խորքը: Լեռնային Տուվայում թանկարժեք ժամացույց է նվիրում աշխարհից կտրված հովվին: Այցելում է երաշտից չորացած Հարավային Ուրալ եւ իր հետ բերում... անձրեւ (իսկակա՜ն հրաշագործություն) եւ այլն:
Արդ, որպես իրադարձությունների պատահական ընթա՞ցք է սա ներկայացվում, թե՞ այդ ամենի մեջ պետք է տեսնել իշխանության նոր որակի դրսեւորման միտում: Ռուս մտավորականության ազգայնական խավը հակված է այն մտքին, որ Պուտինը փորձում է նորովի վերադառնալ բարձրագույն գահին, որ նախկին Պուտինը սպառել է իրեն, եւ ծնունդ է առնում նոր գերղեկավար: Իր զարգացման մեջ կանգ առած երկիրը փտում է, եւ նա, հասկանալով այդ ամենը, կփորձի նոր մեթոդներով կանգնեցնել ռուսաց պատմական տարածքի քայքայումը ժամանակի եւ ռեսուրսների սուր պակասի պայմաններում:
Կարելի է ասել, որ «պուտինիզմի» հանդեպ իրենց վերաբերմունքի մեջ բավականին միանշանակ ու համերաշխ էին արեւմտյան լրատվամիջոցները: Իհարկե, բացասական իմաստով. Պուտինի ուղղահայացը ավտորիտար է, ոչ դեմոկրատական, չկա խոսքի ազատություն, խախտվում են մարդու իրավունքները եւ նմանատիպ այլ ծեծված ստանդարտներ: Իրականում, ինչպես միշտ, անթաքույց դժգոհություն է հայտնվում այն իրողությունից, որ Ռուսաստանը կամաց-կամաց ոտքի է կանգնում ու «անամոթաբար» հավակնում գերտերության կարգավիճակին:
Ինչպե՞ս կզարգանան հետագա իրադարձությունները, ի՞նչ ընթացք կստանա Պուտին-Մեդվեդեւ երկյակի համագոյակցության հանգուցալուծումը, դժվար է ասել: Առայժմ առավելությունը տրվում է նախկին ամենատես չեկիստին: Համենայն դեպս, հազիվ թե հայերս ընդունակ լինենք անելու կանխատեսումներ, երբ ռուսներն իրենք իրենց երկիրն ու պատմությունը շարունակում են անվանել անկանխագուշակելի, հանելուկային, խելահեղ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա