Նշեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը
«Նովոստի» մամուլի գործակալության հյուրերը երեկ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանն ու «Ճանապարհային երթեւեկության ազգային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Պողոս Շահինյանն էին: Նրանք ներկայացրեցին վերջերս կառավարության ընդունած ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը:
Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը նման ռազմավարության ընդունումը բացատրեց ճանապարհատրանսպորտային վթարների հետեւանքներով եւ մասնավորապես տարեցտարի ավելացող մահվան դեպքերով: Նա հայտնեց, որ վերջին 5 տարվա ընթացքում 10 տոկոսով ավելացել է մահացու ելքով պատահարների թիվը: 2008-ին տեղի ունեցած 2202 պատահարների հետեւանքով մահացել է 407 մարդ, ավելի քան 3 հազարն էլ ստացել են մարմնական վնասվածքներ: Պատահարների 25 տոկոսը տեղի է ունենում Երեւանում: Տուժողների 75 տոկոսը երեխաներ են, ծերեր, հետիոտներ: Ըստ փոխնախարարի, Երեւանում վթարների 90 տոկոսի դեպքում ամրագոտին կարող էր փրկել մարդկանց կյանքը կամ թույլ չտալ վնասվածքներ ստանալ: Ռազմավարության նախատեսված միջոցառումների նպատակն է առաջիկա 5 տարիներին 10 տոկոսով կրճատել պատահարների քանակը:
Ամրագոտիների հարցը, ինչպես նշեց Հրանտ Բեգլարյանը, լուծման կարիք ունեցող խնդիրների միայն մեկ հարյուրերորդական մասն է: Փաստաթղթով նախատեսվում են համալիր միջոցառումներ, որոնք ընդգրկում են փողոցների վիճակի, ճանապարհային ոստիկանության պատրաստվածության, ճանապարհային նշանների ու գծանշումների եւ ոլորտի բազմաթիվ այլ հարցերի լուծում: Ստեղծվելու են ճանապարհային երթեւեկության կառավարման ապահովման խորհուրդ, քարտուղարություն եւ աշխատանքային խմբեր: Խորհուրդը ղեկավարելու է վարչապետը, անդամները լինելու են կառավարության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Քարտուղարությունը բաղկացած է լինելու 6-7 հաստիքով մասնագետներից, իսկ աշխատանքային խմբերում ընդգրկվելու են համապատասխան գերատեսչությունների աշխատակիցները:
«Ճանապարհային երթեւեկության ազգային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Պողոս Շահինյանը կարեւորեց ռազմավարության ընդունումըՙ ասելով, որ դրան երկար էին սպասել, եւ որը նշանակում է, որ խնդրի նկատմամբ կա պետական մոտեցում: Նա նշեց, որ համագործակցված աշխատանքը հնարավորություն կտա նվազեցնելու պատահարները, որոնցից շատերը, ՀԿ-ի ղեկավարի կարծիքով, չեն գրանցվում: Տարածված հարցին, թե ինչու է պետք ամրագոտին Երեւանում, Պողոս Շահինյանը պատասխանեց, որ դա անհրաժեշտ է ավտոմեքենայի 30-70 կմ/ժ արագության համար: Նա կարեւորեց բոլորի կողմից դրա կիրառումը եւ ասաց, որ լավ կլիներ, եթե ճանապարհային ոստիկանությունը սեփական փորձով այդ օրինակը ցույց տար, չնայած օրենքով նրանք ազատված են այդ պարտավորությունից: ՀԿ-ի ղեկավարն իր անհամաձայնությունը հայտնեց, թե ամրագոտին կապելը մեր մենթալիտետի մեջ չի տեղավորվում, քանզի նույն հայը այլ երկրներում պարտաճանաչորեն կապում է ամրագոտին եւ պահպանում բոլոր օրենքները: Նա խորհուրդ տվեց հրաժարվել այն մտքից, թե «դա ինձ հետ չի պատահի», եւ հետեւել անվտանգության պահանջներին:
Պատասխանելով ռազմավարության իրականացման ֆինանսավորման հարցինՙ Հրանտ Բեգլարյանը տեղեկացրեց, որ այն կարժենա 10 մլն դոլար 5 տարվա ընթացքում: Դա լրացուցիչ գումար չէ, այլ ներդրում է, որ կատարվելու է համակարգված: Ըստ փոխնախարարի, 5 տարի հետո 70 մլն դոլար վնասը, որ տեղի է ունենում վթարների եւ այլ պատահարների դեպքում, կիսով չափ կկրճատվի:
«Ազգի» հարցին, թե մթնեցված ապակիներ թույլատրելու օրենքը չի՞ հակասում ռազմավարությանը, քանզի չի երեւում, թե ինչ գործողությունների է նախապատրաստվում այդ մեքենաներում գտնվող վարորդը, տրանսպորտի եւ կապի փոխնախարարը պատասխանեց, որ բացի գործարանային արտադրությունից, թույլատրվում է մթնեցնել մեքենայի հետեւի ապակին, մյուս ապակիների միայն 30 տոկսը, իսկ դիմապակինՙ չի թույլատրվում: Մեր դիտարկմանը, թե դա հիմնականում չի պահպանվում, փոխնախարարն իր անհամաձայնությունը հայտնեցՙ ասելով, որ հիմնականում պահպանվում է որոշ բացառություններով, ինչին, սակայն, չենք կարող համաձայնել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ