«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2009-08-20 | #148, 2009-08-21 | #149, 2009-08-22


ՍԱՅԼԸ ՁԻՈՒՑ ԱՌԱՋ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կա՞ մի ուրիշ պետություն, որտեղ ամեն օր թերթերի ու լրատվության թեմաների 90 տոկոսը քաղաքականությանը վերաբերի: Կա՞ մի ուրիշ պետություն, որտեղ ազգը քնի ու արթնանա մտասեւեռումներով` ի՞նչ ասացին, կերան, խմեցին, իրար ի՞նչ թթու ու քաղցր խոսք ասացին երկու-երեք տասնյակ մի քանի պատգամավոր ու իշխանավոր: Ու վերջ` միայն դա լինի կյանքը, դրա շուրջը պտտվի ողջ խոսքն ու զրույցը: Երեւի այդպիսի մեն-միակ մի պետություն կա աշխարհում, եւ դա Հայաստանն է... դատելով հատկապես մամուլի ամենօրյա հրապարակումներից: Ու մենք էլ, ակամա, ընկնում ենք կարծրատիպերի այդ հարահոսի մեջ, բոլորս միասին մամուլում ստեղծում մի «կյանք», որ, այնուամենայնիվ, եթե լավ մտածենք, մեր ժողովրդի միայն 1 տոկոսին է վերաբերում եւ հետաքրքրում: 3 մլն-ի 2 մլն 970 հազարը առօրյա այնպիսի հոգսի մեջ է խրված, որ նրան առավել հուզում է, թե ո՞նց շուռումուռ տա իր օրվա բյուջեն, որ բացի սմբուկ-վարունգ-լոլիկից` նաեւ մի լուրջ բան ունենա իր սեղանին, ու երեխեքը կուշտ լինեն, որ կարկուտն ու անձրեւը չփչացնի իր այգին, որով հույս ուներ ձմեռը կերակրվել, որ սեպտեմբերը քթին` երեխեքի դասագրքի ու հագուստի փող գտնի:

Ու բոլորովին-բոլորովին նրա պետքը չէ, թե «2002-ից Ռոբերտ Քոչարյանը ձգտում էր հակակշռել Սերժ Սարգսյան-Անդրանիկ Մարգարյան ձեւավորվող տանդեմին` խաղի մեջ մտցնելով նոր ֆիգուրների...», առաջին նախագահի մեծությունը հասկացած ՍԴՀԿ ատենապետի հուզումը, որ մեր քաղաքական գործիչները սպասում են հոկտեմբերի 14-ին ու ներքաղաքական սրացումներին եւ այլն: Ամեն օր մեր թերթերում հեղափոխություն է (եւ ինձ էլ դուրս չեմ դնում ասածիս հասցեատերերից` ինքնաքննադատություն ընդունեք), ու ոչ մեկիս չի հուզում, ասենք, երեկ Ջիլ գյուղում տեղի ունեցած կարկտահարությունը, որից առանց այդ էլ աղքատ այդ գյուղում մարդիկ զրկվեցին բերքից ու ձմեռը սոված են մնալու: Ամեն օր մեր թերթերի շիկացրած արհեստական քաղաքական կյանքը նոր ու ավելի արհեստական-անճոռնի ճտեր է ծնում, որոնց գործողությունների սուբյեկտն ու պատասխանատուն դառնում է իրականում ոչ մեկին չհետաքրքրող ժողովուրդը: Իրականում մեր քաղաքական կյանքի արիշ-վերիշները մամուլում պետք է լինեին այնքան, ինչքան իրականում կան եւ որքանին արժանի են` տասից մեկ չափաբաժինը, մնացած ինը պետք է պատմեր մեր ժողովրդի տարբեր շերտերի ու նրանց դժվարին կյանքի մասին: Թե չէ ի՞նչ է դուրս գալիս` 2 մլն 270 հազարը մի կողմում են, էն մի քանի տասնյակ «էլիտան»` իրեն սպասարկող 30 հազարով` մի, ու մեր լրագրողական աշխարհը սպասարկում է էդ մի քանի տասնյակին, պատմում նրանց կյանքի բոլոր մանրամասների մասին: Ու ստացվում է, որ էս 3 միլիոնանոց երկիրն ուրիշ գործով չի զբաղվում, բացի քաղաքականությունից, ուրիշ ոչնչի մասին այս երկրում չեն խոսում, բացի քաղաքական թեմաներից: Բայց էլ ուրիշ ի՞նչ եզրակացության պետք է գա ընթերցողը` մի քանի տասնյակ ընթերցվող թերթերն ամեն օր բացելով. Գալուստ Սահակյանն այս ասաց, Շարմազանովն` այն, Ծառուկյանը Մոնակոյում է, Քոչարյանն էլ` նրա հետ... իրական եւ անիրական, հորինված եւ մատնածուծ, ընթերցողին խուտուտ տվող, բզող ու ձաղկող լուրեր:

Է, եթե միայն այդ պատմես` պարզ է, քաղաքականությունը եւս իր սցենարներն ունի, եթե ինքը չի զարգանում` նրան լրագրողներն ու թերթերը կզարգացնեն... որ կյանքը հետաքրքրական դառնա, էլ ինչ քաղաքականություն` առանց կուլմինացիաների, հեղափոխությունների եւ թեժ ամառների ու աշունների: Ու այդպես` Հայաստանի քաղաքական կյանքը ոչ այնքան իրականություն է ու մեր ժողովրդի գերակշռող մասին հետաքրքրող ինչ-որ նյութ, այլ լրագրողներիս հորինածը, մեծ մասամբ` չեղած ու անգո մի բան, որին մենք ենք շունչ ու մարմին տալիս, քաղաքական շրջանակներն էլ հեւիհեւ փորձում են հասնել իրենց ծնած, բայց սայլը ձիուց առաջ ընկած լրատվության հետեւից:

Իսկ միջին վիճակագրական հայն ու նրա դժվարին կյանքը մեր թերթերի եւ լրատվական թողարկումներից հազվագյուտ միայն ծիկրակում են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4