«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2009-08-20 | #148, 2009-08-21 | #149, 2009-08-22


ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը օրերս մասնակցեց Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնադիր համագումարի աշխատանքներին:

Լեհահայ համայնքը դեռեւս 15-րդ դարից հյուրընկալ երկրի բարձրագույն ատյանում պաշտոնապես ճանաչված համայնք է: Ոչ պաշտոնական տվյալներովՙ Լեհաստանում բնակվում է 25-30 հազար հայ, որոնք հիմնականում բնակվում են Վարշավայում, Կրակովում, Լոձում, Վրոցլավում, Գդանսկում, Կոշալինում, Գրիֆիցեում, Ռոդոնում, Կոլոբժեկում եւ այլուր:

Գրիֆիցե քաղաքում հայկական 21 համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացած Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնադիր համագումարում քննարկվեցին «Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները» եւ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը: Զեկուցումներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը եւ ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հակոբյանը, այնուհետեւ տեղի ունեցան ակտիվ եւ բուռն քննարկումներ: Համագումարն ընտրեց 21 մարդուց բաղկացած համայնքի ղեկավար մարմին` խորհուրդ: Համայնքի նախագահ ընտրվեց գործարար Կարեն Հովսեփյանը: Համագումարի պատվիրակների առաջարկով հայկական համայնքների համալեհական կազմակերպությունն անվանակոչվեց «Լեհաստանի հայկական համագումար»:

Այցի ընթացքում նախարար Հ. Հակոբյանն այցելեց Կոլոբժեկ եւ Կոշալին քաղաքներ, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նրանք տվեցին բազմաթիվ հարցեր ու ստացան պատասխանները:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4