«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2009-08-20 | #148, 2009-08-21 | #149, 2009-08-22


«ՀԱՅԱՍՏԱՆ` ՆՈՅԻ ԵՐԿԻՐ» ՖԻԼՄԸ` ՀԱՍԱՆԵԼԻ 200 ԵՐԿՐԻ 450 ՄԼՆ ԲՆԱԿՉԻ

Շուտով եվրոպական ամենահայտնի հեռուստաընկերությունները կցուցադրեն «Հայաստան` Նոյի երկիր» վավերագրական ֆիլմը: Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի վստահեցմամբՙ այն կօգնի Հայաստանի վարկանիշի բարձրացմանն ու կնպաստի զբոսաշրջության բիզնեսի ընդլայնմանը երկրում: 52-րոպեանոց վավերագրական-ճանաչողական ֆիլմում Հայաստանը պատկերված է որպես գրավիչ զբոսաշրջային երկիր:

«Նպատակն է` բարձրացնել եվրոպացիների իրազեկությունը Հայաստանի մասին: Շատ առումներով Հայաստանն այս բիզնեսում առաջամարտիկ է: Մի քանի տարի առաջ դիտել եմ Հայաստանի մասին գովազդները CNN եւ EuroNews հեռուստաալիքներով: Տարածաշրջանում առաջին պետությունն է, որ ներկայացավ աշխարհին եւ հայտնի հեռուստաընկերություններին պատմեց իր անցյալի, մշակույթի մասին», ասում է «Բազզ բիզնես» ընկերության փոխնախագահ Ջուդիթ Լասքոմբը:

Թե ինչու պետք է եվրոպացի զբոսաշրջիկը այցելի Հայաստան` իր հանգիստը անցկացնելու, Ջուդիթը պատասխանում է. «Հայաստանն ունի հրաշալի բնություն, պատմամշակութային ավանդույթներ, տարվա յուրաքանչյուր եղանակ այստեղ յուրովի գեղեցկությամբ է արտահայտվում, հետեւաբար զբոսաշրջիկները կարող են Հայաստան այցելել յուրաքանչյուր եղանակի: Ջրային սպորտաձեւերի սիրահարները կարող են իրենց հանգիստը կազմակերպել Սեւանա լճում, ձմեռային սպորտաձեւերի երկրպագուները` Ծաղկաձորում: Եվրոպայում քչերը գիտեն, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը: Նրանց համար բացահայտումներ կլինեն Էջմիածնի եւ մնացած բնակավայրերի հազարավոր եկեղեցիներն ու մատուռները»:

Ֆիլմի նկարահանման համար պետբյուջեն տրամադրել է 225.000 եվրո: Նկարահանման աշխատանքներն ընթացել են ավելի քան 17 ամիս: Համաձայն պայմանագրի, առաջիկա մի քանի տարվա ընթացքում ֆիլմը կհեռարձակվի յուրաքանչյուր մայրցամաքում առնվազն երկու անգամ: Ֆիլմի հեռարձակման նպատակով պայմանագիր է կնքվել 200 երկրներում 450 միլիոնանոց լսարան ունեցող իսպանական TVE եւ Սկանդինավյան երկրներում հեռարձակվող Scandinavia հեռուստաալիքների հետ: Բանակցություններ են ընթանում Discovery եւ RAI հեռուստաընկերությունների հետ:

Ճգնաժամը զբոսաշրջության վրա չի ազդել

Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նկատեց, որ անցյալ վեց ամսվա ընթացքում պահպանվել են 2008-ի ցուցանիշները: «Չնայած որոշակի դժվարություններին` դիրքերը պահպանվել են եւ արձանագրվել են նույն ցուցանիշները, ինչ նախորդ տարի: Այս տարի Հայաստան է այցելել 207.000 զբոսաշրջիկ: Հույս կա, որ զբոսաշրջության ոլորտում կունենանք 5-10 տոկոս աճ` նախորդ տարվա համեմատությամբ, եւ զբոսաշրջիկների թիվը կհասնի 600.000-ի»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4