«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2009-08-20 | #148, 2009-08-21 | #149, 2009-08-22


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԲԱՐ ԷԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Ջերմուկում ընթացող շախմատի մրցաշարի 11-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարների մասնակցությամբ հանդիպումներն էին: Առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին Կասիմջանովն ու Լեկոնՙ խաղատախտակի մոտ անցկացնելով ընդամենը մեկ ժամ: Սեւերով խաղացող Լեկոն կիրառեց նախորդ օրն իր հետ մրցավեճում Հակոբյանի կատարած տակտիկական քայլըՙ հավերժական շախի միջոցով 31-րդ քայլում հասնելով ոչ-ոքի արդյունքի: Իսկ ահա մյուս առաջատարըՙ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը Էթիեն Բաքրոյի հետ մրցախաղն ավարտեց վերջինը: Գրանցվեց ոչ-ոքի:

Ինչպես շատերը ենթադրում էին, Հակոբյանի եւ Արոնյանի մրցավեճում 40-րդ քայլին գրանցվեց ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին նաեւ Գելֆանդն ու Կամսկին, Կարյակինն ու Ալեքսեեւը: 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Էռնեստո Ինարկիեւըՙ պարտության մատնելով Դմիտրի Յակովենկոյին: Էլյանովը հաղթեց Չեպարինովին: 11-րդ տուրից հետո աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Կասիմջանովը, Լեկոն ու Իվանչուկը: Արոնյանն ու Ալեքսեեւն ունեն 6,5-ական միավոր: Հակոբյանի օգտին գրանցված է 4,5 միավոր:

Մրցաշարի ավարտին մնաց 2 տուր: 12-րդ տուրում վճռորոշ կլինի Լեկո-Արոնյան պարտիան, որում հայ գրոսմայստերը խաղալու է սեւերով: Հակոբյանի մրցակիցը կլինի Ինարկիեւը: Կասիմջանովը կխաղա Գելֆանդի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4